Հաագայի «Աբովեան» մշակոյթային ընկերութիւնը 25 տարեկան է
24-06-2009 16:45:00 | | Մշակոյթ
ՀԱԱԳԱ, 24 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ:
Նիդեռլանդներում գործող հայկական «Աբովեան» մշակոյթային
ընկերութեան ստեղծման 25-ամեայ յոբելեանի առթիւ շնորհաւորական
ուղերձ է յղել ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը` բարձր
գնահատելով ընկերութեան գործունէութիւնը:
«Աբովեան» ընկերութիւնը հիմնադրուել է 1984թ. յունիսի 19-ին
Նիդեռլանդների Հաագա քաղաքում:
Ինչպէս տեղեկանում ենք Հաագայից ստացուած հաղորդագրութիւնից,
տարեդարձի առթիւ ընկերութիւնը կազմակերպում է հայկական
կինոփառատօն` համագործակցելով Հաագայի Filmhuis Den Haag-ի եւ
երեւանեան «Ոսկէ Ծիրան» կինոփառատօնների հետ: Հոկտեմբերի 22-ին
մեկնարկելիք փառատոնը կներկայացնի հայկական կինոյի անցած ուղին:
Նախատեսւում է նաեւ հրատարակել որոշ գրքեր:
Անցած 25 տարիների ընթացքում «Աբովեան» հայկական մշակոյթային
ընկերութիւնը հետաքրքիր է դարձրել Նիդեռլանդների հայ համայնքի
մշակոյթային կեանքը` կազմակերպելով շաբաթական հանդիպումներ եւ
հայոց լեզուի, պատմութեան ու մշակոյթի դասընթացներ, միջոցառումներ,
հրատարակելով պարբերականներ:
«Աբովեան» մշակոյթային ընկերութիւնը միշտ սերտ
յարաբերութիւնների մէջ է եղել Հայաստանի եւ Սփիւռքի հասարակական
ու մշակոյթային կազմակերպութիւնների հետ: Բազմիցս դերասանական
խմբեր եւ անհատներ են հրաւիրուել մշակոյթային ծրագրերին մասնակցելու
համար: Մշակոյթային կենտրոն են այցելել նաեւ ուսանողներ,
մարզիկներ, գիտնականներ: