ՖԻՆԻՔՍ, 27 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դժբախտ պատահարի հետեւանքով
վախճանուել է ամերիկացի հռչակաւոր բռնցքամարտիկ Մայք Թայսոնի չորս
տարեկան դուստր Իքսեդը:
Ֆինիքս քաղաքի, որտեղ ապրում է յայտնի բռնցքամարտիկի
ընտանիքը, ոստիկանութեան մամլոյ ծառայութեան տեղեկատվությամբ,
աղջնակը երկուշաբթի ծանր վիճակում հիւանդանոց է տեղափոխուել դժբախտ
դէպքից յետոյ, որի արդիւնքում երեխայի վիզը յայտնուել էր մարզական
վարժասարքի կաբելից պատահականօրէն առաջացած օղակում:
Աղջնակի մայրը, որ առաջինն է նրա կողքին յայտնուել, աղջկան
ազատել է օղակից եւ շտապ զանգահարել 911: Ժամանած փրկարարները
նախքան նրան հիւանդանոց տանելը առաջին օգնութիւնն են ցուցաբերել,
սակայն փրկել երեխայի կեանքը չի յաջողուել: