Հայկական կիրակնօրեայ դպրոցը մասնակցում է Օդեսայի<br /> ազգամշակութային համայնքների մրցոյթին<br />


Հայկական կիրակնօրեայ դպրոցը մասնակցում է Օդեսայի
ազգամշակութային համայնքների մրցոյթին

  • 25-05-2009 19:16:00   |   |  Մշակոյթ
ՕԴԵՍԱ, 25 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մայիսի 24-ին Օդեսայում մեկնարկել է քաղաքի ազգամշակութային համայնքների մրցոյթ-փառատոնը, որ ամէն տարի անցկացնում է Օդեսայի քաղաքային խորհուրդը: Ինչպէս հաղորդում է analitika.at.ua-ն, անցած տարի առաջին տեղը գրաւել էր հայ համայնքը եւ յաղթողի իրաւունքով փառատոնի բացման պատիւը տրուել էր Մեսրոպ Մաշտոցի անուան հայկական կիրակնօրեայ դպրոցին: Մրցոյթի պայմանների համաձայն ժյուրին գնահատում է մայրենի լեզւով շփման, գրել-կարդալու մաքրութիւնը, ազգային տօնական ծէսերի, ազգային խոհանոցի իմացութիւնը: Գնահատւում են նաեւ կարուձեւի, ձեռագործական, ասեղնագործական կամ գորգագործական իրերը, ցանկացած տեխնիկայով արուած նկարները, ներկայացումները, որոնք կապուած են հարազատ ժողովրդի աւանդոյթների հետ, ազգային պարերը կամ ազգային տօնական ծեսի բեմականացումները: Մրցոյթի ժյուրին պէտք է գնահատական տար հայկական կիրակնօրեայ դպրոցի մէկ տարուայ աշխատանքին: Հայկական մշակոյթային կենտրոնի նախասրահում բացուել էր դպրոցի աշակերտների աշխատանքների ցուցահանդէսը` նկարներ, դեկորատիւ-կիրառական արուեստի փոքրիկ գլուխգործոցներ: Ցուցահանդէսը դիտելուց յետոյ հիւրերը հրաւիրուել են պատմութեան դասարան, որտեղ աշակերտները ներկայացրել են հայ ճարտարապետութեան գլուխգործոցները` Հայաստանի եկեղեցիները, Ուկրաինայի հայկական եկեղեցիների պատմութիւնը, Հայաստանի ազգային խորհրդանիշները: Ժիւրիի անդամներն այցելել են հայկական պատմութեան թանգարան: Տօնական միջոցառումներն աւարտուել են կիրակնօրեայ դպրոցի աշակերտների պատրաստած ներկայացմամբ, որը կայացել է մշակոյթային կենտրոնի դահլիճում: Վերջին անակնկալը տօնական սեղանն էր, որ պատրաստել էին աշակերտներն իրենց ձեռքով, ուսումնական տարուայ ամբողջ ընթացքում ուսումնասիրելով խոհանոցային արուեստը:
  -   Մշակոյթ