Ըստ Վարդան Այվազեանի, հայ-թուրքական սահմանի հնարաւոր բացման<br /> դէպքում մրցունակ լինելու համար անհրաժեշտ է նախապէս «դիրքավորվել»<br />


Ըստ Վարդան Այվազեանի, հայ-թուրքական սահմանի հնարաւոր բացման
դէպքում մրցունակ լինելու համար անհրաժեշտ է նախապէս «դիրքավորվել»

  • 23-06-2009 22:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 23 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՅԴ Քրիստափոր Միքայէլեան կենտրոնում յունիսի 23-ին ներկայացուեց «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ճանապարհների վերաբացման առեւտրատնտեսական հիմնախնդիրները» աշխատութիւնը: Քննարկմանը մասնակցող Ազգային Ժողովի խմբակցութիւնների ներկայացուցիչները, տնտեսագետները գնահատելի եւ ողջունելի համարեցին ՀՅԴ Բիւրոյի նախաձեռնութիւնը: Ինչպէս նշեց ԱԺ-ի Տնտեսական հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ, հանրապետական Վարդան Այվազեանը, բնական է, որ վաղ թէ ուշ հայ-թուրքական սահմանը բացուելու է, եւ հաշուի առնելով Թուրքիայի կողմից իր տնտեսութեան, արտահանման խթանման եւ կարգաւորման գործիքների կիրառման փաստը, Հայաստանի գործադիր եւ օրէնսդիր իշխանութիւնը, նաեւ տնտեսվարողները «պէտք է դիրքավորվեն թէ լաւ, թէ վատ առումով, որպէսզի կարողանան մրցունակ լինել»: Նա նշեց նաեւ, որ Առեւտրի համաշխարհային կազմակերպութեանն անդամակցելիս երկու երկրները ստանձնել են տարբերուող պարտաւորութիւններ, այդ թւում մաքսատուրքի սահմանման հարցում. Թուրքիան կարող է որոշակի ապրանքատեսակների համար սահմանել մինչեւ 50 տոկոս, մինչդեռ Հայաստանը` առաւելագոյնը 15 տոկոս մաքսատուրք: Ըստ նոյն յանձնաժողովի փոխնախագահ, «Բարգաւաճ Հայաստան» խմբակցութեան անդամ Վարդան Բոստանջեանի, Հայաստանի տնտեսութիւնը բաւականին խոցելի է. օրինակ, չնայած համապատասխան օրէնքների առկայութեանը ներքին շուկան պաշտպանուած չէ: Բացի այդ, Հայաստանում ներմուծման ծաւալները ավելիք քան չորս անգամ գերազանցում են արտահանման ծաւալները, ինչը վկայում է, որ «երկիրը հակուած չէ արտադրութիւնը խթանելուն»: Տնտեսագէտ Անդրանիկ Թեւանյանի համոզմամբ, անկախ նրանից, թէ Հայաստանի օրենսդրութիւնը կբարեփոխուի, թէ` ոչ, սահմանի հնարաւոր բացման դէպքում Հայաստանի տնտեսութիւնը բաւականին լուրջ վտանգի կենթարկուի, քանի որ այն մենաշնորհային, օլիգարխիկ բնոյթի է եւ հիմնուած է «իշխանութիւնների հետ սերտաճած անձերի վրայ»:
  -   Տնտեսութիւն