Ապրիլի 26-ին Թբիլիսիում կ'անցկացուի Հայ-վրացական Տեղեկատուական Տեխնոլոգիաների (ՏՏ) Բիզնես Ֆորում
19-04-2011 19:53:39 | Հայաստան | Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկութիւնների Միութիւնը (ԻՏՁՄ) եւ Վրաստանի ՏՀՏ ասոցիացիան (ICT Business Council) առաջին անգամ համատեղ կազմակերպում են Հայ-վրացական ՏՏ Բիզնես Ֆորում, որը տեղի կ'ունենայ ապրիլի 26-ին Թբիլիսիում` Վրաստանի Էկոնոմիկայի եւ Կայուն Զարգացման նախարարութիւնում:
Նախատեսւում է, որ մօտ 30 հոգուց կազմուած հայկական պատուիրակութիւն կը մեկնի Վրաստան ապրիլի 25-ին եւ կը վերադառնայ ապրիլի 27-ին: Հայկական պատուիրակութեան մէջ մասնակցելու յայտեր են արդէն ներկայացրել Armenian Software, CHS Vericel Service, Nork Information-Analytical Center, Norma Plus, Smart-Tech, E-works, Apaga Technologies, IDS Design and Technologies, Vanarmcomp, Westsoft, Essential Solutions, Altacode, SouthTech Consulting, Inc, EKENG, GITC, Compass, Firm Alpha ընկերութիւնները:
Ֆորումի նպատակն է խթանել իննովացիոն ոլորտում հայ-վրացական բիզնես կապերը, աջակցել հայկական ընկերութիւնների գործարար լուծումների եւ առաջարկութիւնների ներկայացմանը վրացական շուկայում, ներկայացնել վրացական ընկերութիւններին հայկական շուկայի հնարաւորութիւնները:
Ֆորումի օրակարգում ներառուած են հետեւեալ հարցերը` շահաւէտ համագործակցութեան հաստատում հայ-վրացական ընկերութիւնների միջեւ, հայկական եւ վրացական ընկերութիւնների տարածաշրջանային մրցունակութեան խնդիրներ, ՏՀՏ ոլորտի զարգացման նախաձեռնութիւններ, համատեղ բիզնես ֆորումներ անցկացնելու, միջոցառումներին մասնակցելու առաջարկներ, ինչպիսիք են` Հայաստանում ԻՏՁՄ կողմից կազմակերպուող Digitec Business Forum եւ Digitec Expo, իսկ Վրաստանում ICT Business Council կողմից կազմակերպուող Վրաստանի Իննովացիոն Միջոցառմանը (GITI): Կը քննարկուեն նաեւ հայկական եւ վրացական ընկերութիւններում երիտասարդ մասնագէտների պրակտիկայի անցկացման առաջարկները:
Ակնկալւում է, որ ֆորումին կը մասնակցեն ներկայացուցիչներ վրացական ՏՏ ոլորտը կարգաւորող պետական մարմիններից, մասնաւոր ընկերութիւններից, ինչպէս նաեւ ՏՀՏ լուծումները կիրառող (տուրիզմ, բանկային ոլորտ) ընկերութիւններից: