Թբիլիսիում կայացել է Հայ-վրացական միջկառավարական<br /> յանձնաժողովի 7-րդ նիստը<br />


Թբիլիսիում կայացել է Հայ-վրացական միջկառավարական
յանձնաժողովի 7-րդ նիստը

  • 09-12-2008 22:00:00   |   |  Տնտեսութիւն
ԹԲԻԼԻՍԻ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 9-ին Թբիլիսիում կայացած Հայ-վրացական տնտեսական համագործակցութեան միջկառավարական յանձնաժողովի 7-րդ նիստում յանձնաժողովի նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերեալ կողմերը գոհունակութեամբ նշել են, որ որոշումների հիմնական մասը կատարուել է, մի մասն էլ ընթացքի մէջ է: Առաջարկուել է երկու կողմերի նախարարութիւններին ու գերատեսչութիւններին` համատեղ միջոցներ ձեռնարկել յանձնարարականներն աւարտին հասցնելու նպատակով եւ կատարուված աշխատանքների մասին զեկուցել յանձնաժողովի համանախագահներին: Նիստում նշուվել է, որ շարունակւում են աշխատանքները իրավապայմանագրային որոշ փաստաթղթերի, այդ թւում` Հայաստանի եւ Վրաստանի կողմից աշխարհագրական անուանումների (ծագման տեղանունների) համատեղ ճանաչման եւ պաշտպանութեան, երկու երկրների կառավարությունների միջեւ անասնաբուժութեան, բոյսերի պաշտպանութեան եւ կարանտինի ոլորտներում համագործակցութեան, հայ-վրացական պետական սահմանով անցակէտերի, Վրաստանի Մշակոյթի, յուշարձանների պահպանութեան եւ սպորտի նախարարութեան ու Հայաստանի Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարութեան միջեւ երիտասարդությանն առնչուող հարցերի ոլորտում համագործակցութեան եւ այլ խնդիրների վերաբերեալ համաձայնագրերի նախագծերի մշակման ուղղութեամբ: Երկու երկրների միջեւ իրավապայմանագրային բազայի ներկայ վիճակի ու զարգացման հեռանկարների քննարկման արդիւնքում յանձնաժողովն ի գիտութիւն է ընդունել, որ մի շարք փաստաթղթեր` Վրաստանի Ֆինանսների նախարարութեան եւ ՀՀ ԿԱՅ Մաքսային պետական կոմիտէի միջեւ մաքսային վիճակագրական տեղեկատուութեան փոխանակման հարցերով փոխգործակցութեան կարգի (26 փետրուարի 2008թ.) մասին արձանագրութիւնը, ՀՀ կառավարութեան եւ Վրաստանի կառավարութեան միջեւ մաքսային գործերում վարչական փոխօգնության մասին (20 յունիսի 2008թ.) եւ օդային հաղորդակցութեան մասին (6 հոկտեմբերի 2008թ.) համաձայնագրերն արդէն մտել են ուժի մէջ: Աւարտուել են աշխատանքները «1995թ. օգոստոսի 14-ի երկու երկրների կառավարությունների միջեւ ազատ առեւտրի վերաբերեալ համաձայնագրում փոփոխութիւններ կատարելու մասին» արձանագրութեան եւ «Վրաստանի մշակոյթի, յուշարձանների պահպանութեան եւ սպորտի ու ՀՀ մշակոյթի նախարարութիւնների միջեւ 2008-2010թթ. ընթացքում համագործակցութեան մասին» ծրագրի մշակման ուղղութեամբ: Քննարկելով Հայ-վրացական պետական սահմանի սահմանազատման ընթացքը, միջկառավարական յանձնաժողովն առաջարկել է երկու կողմերի համապատասխան յանձնաժողովներին` շարունակել ակտիւօրէն աշխատել` երկուստեք ընդունելի համաձայնութեան հասնելու նպատակով: Քննարկումներում մեծ տեղ է յատկացուել երկու երկրների առեւտրատնտեսական համագործակցութեան եւ զբօսաշրջութեան ոլորտում փոխգործակցութեան խնդիրներին: Ի գիտութիւն է ընդունուել կողմերի տեղեկատվությունն այն մասին, որ երկկողմ արտաքին ապրանքաշրջանառությունը 2008թ.-ի յունուար-հոկտեմբեր ամիսների ընթացքում, 2007թ.-ի նոյն ժամանակահատուածի համեմատ, աճել է 31,6 տոկոսով: Նշուվել է համագործակցութեան ակտիւացման անհրաժեշտութիւնը տեղեկատուական տեխնոլոգիաների ոլորտում: Ընդգծելով արդէն իսկ իրականացուած աշխատանքների արդիւնաւէտութիւնը, փոխգործակցութեան յետագայ ակտիւացման նպատակով յանձնաժողովը մի շարք յանձնարարականներ է տուել երկու երկրների համապատասխան նախարարութիւններին ու գերատեսչութիւններին: Մասնաւորապէս, յանձնարարուել է Վրաստանի Տնտեսական զարգացման նախարարութեանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարութեանը եւ ՀՀ ԿԱՅ Պետական գոյքի կառավարման վարչութեանը` ապահովել տեղեկատուութեան կանոնաւոր փոխանակումը առեւտրատնտեսական բնագաւառի հրատապ նախագծերի ու ծրագրերի, ինչպէս նաեւ պետական սեփականութիւն հանդիսացող օբյեկտների սեփականաշնորհման հարցերի վերաբերեալ: Վրաստանի Տնտեսական զարգացման եւ ՀՀ Էկոնոմիկայի նախարարութիւններին, այլ շահագրգիռ գերատեսչութիւններին յանձնարարուել է նպաստել ՏՏ ոլորտի հայկական եւ վրացական ընկերութիւնների միջեւ փոխշահավետ համագործակցութեան յետագայ զարգացմանը, միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներին մասնակցութեան միջոցով` Հայաստանի ու Վրաստանի զբոսաշրջային ներուժի բացայայտման նպատակով համագործակցութեան խորացմանը, մշակել Վրաստան-Հայաստան համատեղ զբոսաշրջային երթուղիներ, համապատասխան գովազդային նիւթեր: Նիստում կողմերը պայմանաւորուել են լրագրողների համար 2009թ.-ին կազմակերպել ճանաչողական զբոսաշրջային այցեր: Յանձնաժողովը յանձնարարել է նաեւ երկու երկրների գիւղատնտեսութեան նախարարութիւններին` ագրոարդիւնաբերական համալիրի բնագաւառում համագործակցութեան յետագայ զարգացման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ, ուսումնասիրել թեյի արդիւնաբերութեան համատեղ ձեռնարկութիւնների ստեղծման եւ գործարկման հնարաւորութիւնները, ինչպէս նաեւ քննարկել երկու կողմերի մասնաւոր հատուածի ներկայացուցիչների փոխգործակցութեան ակտիւացման առաջարկութիւնները` մրգերի եւ բանջարեղէնի մշակման, փաթեթավորման ու պահպանման համատեղ ձեռնարկութիւնների ստեղծման ուղղութեամբ: Նշելով, որ վերջին տարիներին Հայաստանի եւ Վրաստանի միջեւ զգալիօրէն աճել են բեռնափոխադրումների ծաւալները, ժամանակի կրճատման եւ պետական սահմանները հատելիս նախատեսուած գործողութիւնների ներդաշնակեցման նպատակով յանձնարարուել է մինչեւ 2009թ.-ի ապրիլի 1-ը մշակել եւ ներկայացնել առաջարկութիւններ` սահմանային, անասնաբուժական, ֆիտոսանիտարական, սանիտարական եւ մաքսային գործողութիւնների ստանդարտ կանոնների իրագործման համար: Յանձնարարուել է դրանցում ներառել արդիւնաւէտ մաքսային վերահսկողութեան իրագործմանն ու երկու երկրների տարածքներով ապրանքների միջանցիկ փոխադրումների համար բարենպաստ պայմանների ստեղծմանն առնչուող հարցեր: Որոշուել է մինչեւ 2009թ.-ի ապրիլի 1-ը աւարտել նաեւ երկրորդ աւտոմոբիլային կամրջի շինարարութեան հարցի համաձայնեցումը: Անդրադառնալով տրանսպորտային ոլորտում համագործակցութեանը, կողմերը գոհունակութեամբ նշել են, որ երկու երկրների միջեւ ինչպէս աւտոմոբիլային, այնպէս էլ երկաթուղային բեռնափոխադրումների ծաւալները կայուն աճի միտում ունեն: Հաշուի առնելով այդ իրողութիւնը, կողմերի իրաւասու մարմիններին յանձնարարուել է շարունակել աշխատանքը Այրում-Սադախլո կայարանի ենթակառուցուածքների եւ թողունակութեան բարելաւման ուղղութեամբ, Վրաստանի Տնտեսական զարգացման եւ ՀՀ Էկոնոմիկայի նախարարութիւններին` կանոնաւոր կերպով տեղեկատուութիւն փոխանակել` Երեւան-Գիւմրի-Բաւրա-Նինոծմինդա-Ախալցխա-Շուախեւի-Բաթումի աւտոմոբիլային ճանապարհի վերականգնման-վերակառուցման վերաբերեալ, ինչպէս նաեւ երկու կողմերի համապատասխան իրաւասու մարմիններին` մինչեւ 2009թ.-ի մայիսի 1-ը գործողութեան մէջ դնել Երեւան-Թբիլիսի-Երեւան ուղեւորատար գնացքի երթեւեկության ժամանակ սահմանային եւ մաքսային վերահսկողութեան սկզբունքը: Միջկառավարական յանձնաժողովն ընդծել է կողմերի փոխադարձ շահագրգռուածութիւնը նաեւ էներգետիկայի ոլորտում ինտեգրման գործընթացների զարգացմամբ: Նշուվել է վրացական գազատրանսպորտային համակարգով` պահանջւող ծաւալներով, դէպի Հայաստան բնական գազի անխափան տեղափոխման ապահովման կարեւորութիւնը` յատկապէս ձմռան շրջանում: Այդ համատեքստում հայկական կողմն ընդգծել է վրացական կողմից Վրաստանի գազատրանսպորտային համակարգի թողունակութեան բարձրացմանն ու պահանջւող ծաւալներով բնական գազն անխափան եւ յուսալիօրէն Հայաստան տեղափոխելու առաջնահերթ միջոցառումների ավարտմանն ուղղուած աշխատանքների արդիւնաւէտ եւ յաջող կատարումը: Յանձնարարուել է կողմերին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Վրաստան-Հայաստան 400 կվ բարձրավոլտ գծի շինարարութիւնը մինչեւ 2009թ.-ի վերջն աւարտելու համար: Յանձնարարուել է նաեւ ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարութեանը, ՀՀ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ին եւ վրացական կողմի իրաւասու մարմիններին` ձեռնարկել Վրաստանի օրենսդրութեամբ պահանջւող բոլոր միջոցները` Աշոցք-Նինոծմինդա բարձրավոլտ գծի կարգավիճակի իրաւաբանական ձեւակերպման համար: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, յանձնաժողովն առանձին որոշումներ է ընդունել նաեւ սոցիալական եւ հումանիտար ոլորտներում, մասնաւորապէս, առողջապահութեան, կրթութեան, մշակոյթի, շրջակայ միջավայրի պահպանութեան բնագաւառներում երկկողմ համագործակցութիւնը զարգացնելու վերաբերեալ:
  -   Տնտեսութիւն