Ալեքսեյ Միլլեր. Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ էներգետիկ
համագործակցութիւնն ունի երկարատեւ եւ փոխշահավետ բնոյթ
01-12-2008 23:00:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի եւ Ռուսաստանի
միջեւ քաղաքական համագործակցութեան բարձր մակարդակի հիման վրայ
էներգետիկայի բնագաւառում երկու երկրների միջեւ
համագործակցութիւնն ունի երկարաժամկէտ եւ փոխշահավետ բնոյթ,-
Արարատ քաղաքի մերձակայքում «Քաջարան-Արարատ» մայրուղային գազատարի
գծային հատուածի շինարարութեան աւարտին նուիրուած դեկտեմբերի 1-ի
հանդիսաւոր արարողութեանը նշեց ռուսաստանեան «Գազպրոմ» ԲԲԸ
վարչութեան նախագահ Ալեքսեյ Միլլերը:
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմէն
Մովսիսեանը լրագրողների հետ զրոյցում նշեց, որ գազատարի գծային
աշխատանքները լրիւ աւարտուել են, մի քանի օրից կսկսուեն փորձարկման
աշխատանքները, այդպիսով գազատարը կյանձնուի շահագործման: «Գազը մենք
կարող ենք բերել այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտութիւնը մենք
կունենանք»,- ասաց նախարարը, աւելացնելով, որ խողովակաշարի
կառուցումը հնարաւորութիւն կտայ Հայաստան բերել տարեկան մինչեւ 2,3
-2,5 մլրդ խոր մ գազ, որը ֆորսմաժորային իրավիճակում կապահովի
ամբողջ հանրապետութեան էներգետիկ անվտանգութիւնը: Նա նշեց նաեւ,
որ երբ իրանական գազի առաքման համաձայնութիւն լինի Իրանի եւ այլ
երկրների միջեւ, Հայաստանը տարանցման վերաբերեալ համապատասխան
որոշում կկայացնի` ելնելով երկրի քաղաքական, տնտեսական
շահավետվությունից:
Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի վերաբերեալ նախարարը նշեց, որ
բլոկում աշխատանքները շարունակւում են, արդէն սկսուած են զուտ
մոնտաժային կարգաբերման աշխատանքները եւ 8 ամիս կամ մօտ մէկ տարի
յետոյ նաեւ այն կյանձնուի շահագործման, դրանով Հայաստանը կունենայ
շուրջ 430-450 մվտ հզորութեամբ ժամանակակից տնտեսագիտական
պահանջներին համապատասխանող կառոյց, որը հնարաւորութիւն կտայ
ապահովել ներքին անվտանգութիւնը եւ ամբողջովին օգտագործել
արտահանման հնարաւորութիւնները:
Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման վերաբերեալ հարցին ի
պատասխան նախարարը նշեց, որ նախապատրաստւում են կառոյցի ծրագրի
ղեկավարի մրցոյթի փաստաթղթերը, որոնք կներկայացուեն
կառավարութիւն: Եթէ վերջինս համապատասխան որոշում կայացնի,
կյայտարարուի մրցոյթը:
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր
դեսպան Սեյեդ Ալի Սաղաիյանը լրագրողների հետ զրոյցում նշեց, որ
գազատարի նախագծի պատրաստման փուլում ոչ ոք չէր հաւատում, որ այն
կիրագործուի` ռելիեֆային բարդ տեղանքի պատճառով, սակայն այն
իրագործուեց: «Յուսով ենք, որ սա կնպաստի, որ է'լ աւելի ջերմանա
Իրանի եւ Հայաստանի ժողովուրդների բարեկամութիւնը»,- ասաց
դեսպանը, աւելացնելով, որ մինչ յաջորդ ամսուայ վերջը իրանական կողմը
պատրաստ կլինի գազ արտահանել Հայաստան: «Մենք ուզում ենք, որ այս
տարուայ ձմռանը Հայաստանի ժողովրդի տներում տեղադրուած վառարանները
վառվեն իրանական գազից»,- ասաց իրանցի դիւանագէտը: Սկզբի համար
Իրանը պատրաստ է տարեկան մօտ 1 մլրդ խորանարդ մ գազ արտահանել,
իրանական գազի 1 խորանարդ մետրի դիմաց որպէս վճարում պէտք է Իրան
մատակարարուի 3 կվտ /ժամ էլեկտրաէներգիա: