Հայաստանի օմբուդսմանը ընտրուել է Միջերկրական Օմբուդսմանների
Միաւորման անդամ
16-06-2010 16:40:00 | | Մարդու իրաւունքներ
ՄԱԴՐԻԴ, 16 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունիսի 15-ին Մադրիդում
տեղի ունեցած Միջերկրական Օմբուդսմանների Միաւորման ամենամեայ
ընդհանուր ժողովի ընթացքում Հայաստանի Մարդու իրաւունքների
պաշտպանը ընտրուել է Միաւորման լիարժէք անդամ: Այս մասին «ՆՏ»-ին
յայտնեցին ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմի
տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնից:
Ժողովի ընթացքում, ի թիւս այլ հարցերի, քննարկուել է նաեւ
Թուրքիայի Մարդու իրաւունքների յանձնաժողովի նախագահի
առաջարկութիւնը` մշակել եւ հրապարակել յատուկ յայտարարութիւն
Իսրայելի կողմից Գազայի հատուածի շրջափակման, ինչպէս նաեւ Իսրայելի
զինուած ուժերի եւ Թուրքական նավատորմի միջեւ տեղի ունեցած բախման
վերաբերեալ:
ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնեյանը իր
ելոյթում նշել է, որ Մարդու իրաւունքների պաշտպանութեան ազգային
հաստատութիւնների հիմնական առաքելութիւնը իրենց երկրներում
մարդու իրաւունքների պաշտպանութեան ապահովումն է, իսկ եթէ որոշում
կայացուի քննարկել միջպետական խնդիրները, ապա պէտք է քննարկել բոլոր
տեսակի շրջափակումների խնդիրները, այդ թւում եւ Հայաստանի
շրջափակումը` միասնական յայտարարութիւն մշակելու նպատակով:
Իսրայելի օմբուդսմանը առաջարկել է ընդհանրապես չանդրադառնալ
նշուած խնդրին, քանի որ այդ հարցի քննարկման համար ստեղծւում է
միջազգային յանձնաժողով: Արդիւնքում որոշուել է զերծ մնալ համատեղ
յայտարարութիւնից: