CSI-ին պահանջում է դադարեցնել քաղաքացիների արտայայտուելու եւ
ազատ տեղաշարժի իրաւունքների սահմանափակումները
03-06-2010 17:24:00 | Հայաստան | Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 3 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Քաղաքացիական հասարակութեան
ինստիտուտ ՀԿ-ն (CSI), որը հանդիսանում է Մարդու իրաւունքների
միջազգային ֆեդերացիայի (FIDH) անդամ կազմակերպութիւնը
Հայաստանում, իր մտահոգութիւնն է յայտնել ոստիկանութեան կողմից
մայիսի 31-ին Երեւանում մարդու իրաւունքների խախտումներով
զուգորդուած գործողութիւնների կապակցութեամբ, երբ ընդդիմութեան մի
խումբ ակտիւիստների մուտքը Ազատութեան հրապարակ արգելւում էր:
Ինչպէս նշւում է կազմակերպութեան յունիսի 3-ի
յայտարարութիւնում, ոստիկանութեան բիրտ գործողութիւնների
արդիւնքում առաջացաւ մօտ 1 ժամ տեւած քաշքշուկ, որը զուգորդվում
էր երկկողմանի վիրաւորանքներով: Մի շարք քաղաքացիական հագուստով
մարդիկ կատարում էին ոստիկանների հրահանգները եւ նրանց հետ միասին
իրականացնում էին ուժային գործողութիւններ: Արդիւնքում 17
քաղաքացի բերման են ենթարկուել ոստիկանութիւն: Նրանցից 3-ը` Դավիթ
Քիրամիջյանը, Սարգիս Գեւորգեանը եւ լրագրող Անի Գեւորգեանը,
ձերբակալուել են եւ ներկայումս գտնւում են անազատութեան մէջ: Ըստ
CSI-ի, նոյն օրը երեկոյեան ոստիկանները ուժային գործողութիւնների
են դիմել նաեւ Կենտրոն ոստիկանութեան բաժնի մօտակայքում հաւաքուած
իրաւապաշտպան կազմակերպութիւնների ներկայացուցիչների եւ այլ
անձանց նկատմամբ:
«Մենք գտնում ենք, որ ոստիկանութեան նման գործողութիւնները
չունեն օրինական հիմնաւորում, խախտում են ՀՀ քաղաքացիների
արտայայտուելու եւ ազատ տեղաշարժի իրաւունքը եւ լրացուցիչ
լարուածութիւն են ստեղծում հասարակությունում: Գտնում ենք, որ
Դավիթ Քիրամիջյանին, Սարգիս Գեւորգեանին եւ Անի Գեւորգեանին
անազատութեան մէջ պահելն անհիմն է: Պահանջում ենք անյապաղ ազատ
արձակել ձերբակալուածներին: Դադարեցնել քաղաքացիների արտայայտուելու
եւ ազատ տեղաշարժի իրաւունքների սահմանափակումները: Հետաքննել եւ
պարզել քաղաքացիական հագուստով անձանց` ոստիկանութեան
գործողութիւններին մասնակցութեան հանգամանքները»,- ասւում է CSI-ի
յայտարարութիւնում: