Գարեգին Բ Կաթողիկոս. «Առաջին Հանրապետութեան հռչակումը<br /> պատմութեան շրջադարձային իրադարձութիւն էր»<br />


Գարեգին Բ Կաթողիկոս. «Առաջին Հանրապետութեան հռչակումը
պատմութեան շրջադարձային իրադարձութիւն էր»

  • 28-05-2010 08:58:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԷՋՄԻԱԾԻՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Առաջին Հանրապետութեան հռչակման 92-րդ տարեդարձի կապակցութեամբ մայիսի 28-ին Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը շնորհաւորական ուղերձով դիմել է հայ ժողովրդին: Վեհափառ Հայրապետի ուղերձում ասուած է. «Սիրելի ժողովուրդ հայոց, Հայրապետական Մեր օրհնութիւնն ենք բերում ձեզ աստվածակառույց Սուրբ Էջմիածնից եւ շնորհաւորում Հանրապետութեան օրուայ տօնական առիթով: Այսօր ոգեկոչում ենք հայրենի պետականութեան վերականգնման նուիրական հիշատակները: Հարիւրամեակների դադարից յետոյ մեր ժողովրդի մղած մայիսյան հերոսական մարտերում ծնունդ առաւ Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը: Հայկական պետականութեան վերականգնումը ձեռք բերուեց անվեհեր ու սխրալից մաքառումով մեր ժողովրդի զավակների: Զինվոր, գիւղացի, հոգեւորական օրհասական պահին ռազմի դաշտ էին գնում մահն անտեսելով, անդադար հնչող զանգերի ներքոյ մեր եկեղեցիների եւ իրենց հավատավոր հոգիներում կոչը Գեւորգ Ե Սուրենյանց Կաթողիկոսի` հայոց գոյամարտի նոր Ղեւոնդ երեցի: Փրկվեց հայրենի փոքրիկ հողակտորը, որի վրայ ծածանվեց հայոց պետականութեան դրոշը: Առաջին Հանրապետութեան հռչակումը պատմութեան շրջադարձային իրադարձութիւն էր, որ եղավ նաեւ վկայութիւնը մեր ժողովրդի ձգտումների` կառուցելու ժողովրդավարական, իրաւական ու ընկերային պետութիւն, ազատ ու արդար հասարակական կեանք: Այս աւանդները, Հայրենիքի հանդէպ սէրը այսօր պիտի առաջնորդեն մեր կեանքը, ոգի ու խրախոյս դառնան մեր ջանքերի ու գործերի համար, որպէսզի կառուցենք ապահով, բարօր ու երջանիկ գալիքը մեր ազատ Հայրենիքի ու ժողովրդի: Աղօթում ենք առ Աստուած, որ խաղաղութեան մէջ պահի Հայաստան ու Արցախ հայրենի մեր երկիրը, հաւատքի մէջ հաստատուն, իր տեսիլքներին հաւատարիմ պահպանի համայն մեր ժողովրդին: Թող Տերն ու պարգեւատուն ամենայն բարյաց շնորհազարդի եւ առատ բարիքներով օրհնի աշխարհասփիւռ հայ կեանքը»:
  -   Քաղաքական