Լարիսա Ալավերդեան. «Եվրոխորհրդարանի ընդունած բանաձեւը նախ<br /> եւ առաջ Հայաստանի պասիւութեան արդիւնք է»<br />


Լարիսա Ալավերդեան. «Եվրոխորհրդարանի ընդունած բանաձեւը նախ
եւ առաջ Հայաստանի պասիւութեան արդիւնք է»

  • 21-05-2010 21:25:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նախօրէին Եւրոպական խորհրդարանի կողմից ընդունուած թիւ 2216 բանաձեւը Հարաւային Կովկասի եւ այդ թւում Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերեալ, հիմնուած է կամայական, ոչ արհեստավարժ մօտեցումների վրայ: ՀՀ Ազգային Ժողովի խմբակցութիւնների մայիսի 21-ի ճեպազրույցում այս մասին յայտարարեց Հանրապետական կուսակցութեան մամլոյ պատասխանատու եւ համանուն խմբակցութեան քարտուղար Էդուարդ Շարմազանովը: «Մի մարդ, որ երբեք չի եղել Լեռնային Ղարաբաղում (ՆՏ. - բանաձեւն ընդունուել է բուլղարացի Եվգենի Կիրիլովի զեկոյցի հիման վրայ), չի կարող օբյեկտիվ եւ ամբողջական զեկոյց գրել»,- ասաց Է. Շարմազանովը: Մեկնաբանելով բանաձեւում տեղ գտած «դուրս բերել հայկական զորքերը Ադրբեջանի գրաւեալ տարածքներից» արտայայտութիւնը, նա նկատեց, որ եթէ զեկոյցի հեղինակը ուսումնասիրեր խնդիրը, ապա կիմանար, որ այո, կան Ադրբեջանի կողմից գրաւեալ տարածքներ` Շահումյան, Գետաշէն, Մարտակերտի մի մասը եւ այլն: «ՀՅԴ» խմբակցութեան անդամ Արծուիկ Մինասեանը նշեց, որ խնդիրը, հաւանաբար, կուսակցական շրջանակներում կքննարվի եւ համապատասխան յայտարարութիւն կընդունուի: Ըստ նրա, բնական է, որ թուրք-ադրբեջանական տանդեմի ակտիւ աշխատանքը հանգեցրել է այսպիսի զեկոյցի ընդունման, որն աւելի շատ խորհրդատուական փաստաթուղթ է, բայց ընդհանուր տրամադրվածության ձեւաւորմանն է միտուած: «Ակնյայտ է դառնում, որ մեր արտաքին քաղաքականութիւնը շատ աւելի լուրջ անելիքներ ունի: Թէեւ որոշակի աշխատանքներ, բնական է, կատարուել են, բայց դա բաւարար չեղաւ, որպէսզի կանխվեր այս փաստաթղթի ընդունումը»,- ասաց նա: Պատգամաւորը գտնում է, որ շատ արագ հայ-թուրքական արձանագրութիւններից պէտք է յետ կանչուի Հայաստանի ստորագրութիւնը, թոյլ չտրուի, որպէսզի Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգաւորումը որեւէ ձեւով դուրս գայ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներից, ինչպէս նաեւ ակտիւ գործողութիւններ իրականացուեն Լեռնային Ղարաբաղի, ներառեալ ազատագրուած տարածքներում, վերաբնակեցման ծրագրեր իրականացնելու ուղղութեամբ: «Բարգաւաճ Հայաստան» խմբակցութեան անդամ Նաիրա Զոհրաբյանն իր հերթին յիշեցրեց, որ բանաձեւի հեղինակը «Ադրբեջանի բարեկամներ» խմբի նախաձեռնող եւ պատուաւոր նախագահն է, ԵԽ ԽՎ նախկին անդամ, որը տարիներ շարունակ «սնուել» է ադրբեջանական լոբբիի կողմից, եւ նոյնաբովանդակ գործունէութիւնը շարունակում է Եվրոխորհրդարանում: Ըստ ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատուիրակութեան ղեկավար, ԲՀԿ-ական Արամ Սաֆարեանի, «Հայկական ուժերը Ադրբեջանի գրաւեալ տարածքներից դուրս բերելու» յայտարարութիւնն ինքնին վերահաստատում է Հայաստանի այն դիրքորոշման իրաւացիութիւնը, որ Լեռնային Ղարաբաղը որպէս կողմ պէտք է ընդգրկվի բանակցային գործընթացում: Ըստ «Ժառանգութիւն» խմբակցութեան քարտուղար Լարիսա Ալավերդեանի, Եվրոխորհրդարանի բանաձեւը ոչ միայն ադրբեջանական խեղաթիւրումների, այլ նախ եւ առաջ Հայաստանի պասիւութեան արդիւնք է: Իսկ խմբակցութեան ղեկավար Ստյոպա Սաֆարեանը գտնում է, որ եւրոպական արժեհամակարգի տեսանկիւնից Եվրոխորհրդարանին պէտք է հետաքրքրի Լեռնային Ղարաբաղի բնակչութեան, այլ ոչ թէ տարածաշրջանով անցնող գազի եւ նաւթի խողովակաշարերի անվտանգութիւնը:
  -   Քաղաքական