ՉԻՆԱՍՏԱՆԸ ԵՒ ԹՈՒՐՔԻԱՆ. ԵՒՐԱՍԻԱՅՈՒՄ ԴԻՐՔԵՐԻ ՃՇԳՐՏՄԱՆ ԸՆԹԱՑՔ


ՉԻՆԱՍՏԱՆԸ ԵՒ ԹՈՒՐՔԻԱՆ. ԵՒՐԱՍԻԱՅՈՒՄ ԴԻՐՔԵՐԻ ՃՇԳՐՏՄԱՆ ԸՆԹԱՑՔ

  • 18-05-2010 14:20:00   | Հայաստան  |  Յօդուածներ
Չինաստանը եւ Թուրքիան վերջին երկու տարիների ընթացքում դարձան այն պետութիւնները, որոնց դերակատարումն ու կշիռը ինչպէս տարածաշրջանային, այնպէս էլ համաշխարհային քաղաքականութեան եւ տնտեսութեան մէջ էական փոփոխութիւնների ենթարկուեցին: Ընդ որում, այս պետութիւններն առաջնային կարեւորութիւն ունեն Եւրասիայի աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական զարգացումներում: Այս առումով հետաքրքրական է տեսնել, թէ ինչպէս են Պեկինն ու Անկարան յարաբերւում իրար հետ: Նախ, վերջին զարգացումները ցոյց տուեցին, որ Չինաստանն ու Թուրքիան ակտիւացնում են քաղաքական շփումները, ինչի վկայութիւնը դարձան միայն մէկ տարուայ ընթացքում Թուրքիայի նախագահ Ա.Գիւլի պետական այցը ՉԺՀ, ապա Թուրքիայի պետնախարար Զ.Չաղլայեանի երկու այցերը Չինաստան, որոնց յաջորդեցին ՉԺՀ առեւտրի նախարար Չեն Դէմինի, ԱԳ նախարար Եան Ձիեչիի եւ ՉԺՀ Կոմկուսի Քաղբիւրոյի անդամ Լի Չանչունի այցերը Թուրքիայ: Այդ այցերի ընթացքում չինացի պաշտօնեաներն անընդհատ շեշտում են, որ Չինաստանն ու Թուրքիան բախւում են համանման խնդիրների, ինչպիսիք են սոցիալ-տնտեսական զարգացման ապահովումը, ազգային միասնականութեան եւ տարածքային ամբողջականութեան պաշտպանութիւնը: Հետեւաբար, երկու երկրները պէտք է աջակցեն իրար միջազգային ասպարէզում: Այս առումով Անկարայի եւ Պեկինի յարաբերութիւններում խիստ կարեւոր տեղ է զբաղեցնում ոյղուրական հիմնախնդիրը: Բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ Չժհ-ն բազմիցս շեշտել է, որ Թուրքիայի հետ իր յարաբերութիւնները պայմանաւորում է ոյղուրական ահաբեկչութեան եւ անջատողական շարժման հանդէպ Անկարայի դիրքորոշմամբ: Այսպէս, դեռ 2000թ. երկու երկրների միջեւ ստորագրուեց անվտանգութեան ոլորտում համագործակցութեան մասին համաձայնագիր, համաձայն որի` Չինաստանն ու Թուրքիան պարտաւորուեցին համագործակցութիւն ծաւալել անջատողական շարժումների դէմ համատեղ պայքարում: Դրա արդիւնքում չինական իշխանութիւններին յաջողուեց հասնել Թուրքիայում գործող ոյղուրական շարժման կենտրոնի գործունէութեան չէզոքացմանը, որի արդիւնքում այն տեղափոխուեց ԱՄՆ: Սակայն վերջին ժամանակաշրջանում չին-թուրքական յարաբերութիւններում արձանագրուեց լուրջ ճգնաժամ, որն առաջացաւ 2009թ. ամռանը ՉԺՀ Սինձեան-ոյղուրական ինքնավար շրջանում տեղի ունեցած դէպքերից յետոյ: Ընդ որում, հետաքրքրական է, որ ժամանակային առումով Սինձեանի իրադարձութիւնները յաջորդեցին յունիսին Թուրքիայի նախագահ Ա.Գիւլի Չինաստան կատարած պետական այցին, որի ընթացքում երկու երկրների ղեկավարութիւնների կողմից առանձնայատուկ շեշտուեց տնտեսական համագործակցութեան յետագայ զարգացման առաջնայնութիւնը` յետին պլան մղելով Թուրքիայի եւ Չինաստանի քաղաքական երկխօսութեան շրջանակներում նախկին տարիներին առկայ խնդիրները, մասնաւորապէս` ոյղուրական խնդիրը: Ընդ որում, թուրքական պետութեան ղեկավարը չինական կողմի առաջարկով առաջին անգամ այցելեց Սինձեան: Հետաքրքրական է նաեւ, որ եթէ Սինձեանում տեղի ունեցած իրադարձութիւններին յաջորդած օրերին Չինաստանի կենտրոնական մամուլը եւ Ագն-ն միտուած էին Սինձեանի իրադարձութիւնների հրահրման մէջ մեղադրելու ,ամն որոշ շրջանակներիէ, ապա իրադարձութիւնների յետագայ ընթացքն առաջին պլան մղեց չին-թուրքական յարաբերութիւններում առաջացած լարուածութիւնը: Այս իրադարձութիւններից անմիջապէս յետոյ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը յայտարարեց, որ ,սինձեանում տեղի ունեցած իրադարձութիւնները կարծես ցեղասպանութիւն լինենէ: Էրդողանի խօսքին հետեւեց Թուրքիայի առեւտրի նախարարի յայտարարութիւնը երկրում չինական ապրանքները բօյկօտելու մասին` ի նշան ոյղուրների դէմ Չժհ-ի կողմից վարուող հետապնդումների քաղաքականութեան: Այս կտրուկ յայտարարութիւններն առաջ բերեցին չինական լրատուամիջոցների անդրադարձը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանութիւնը ժխտելու փաստին: Մասնաւորապէս` Չինաստանի Կոմկուսի պաշտօնական ,People's Dailyէ օրաթերթի ինտերնետային հրապարակման մէջ նշւում է, որ Թուրքիան, որին Արեւմուտքը մեղադրում է հայերի ցեղասպանութեան եւ քրդերի դէմ պատժիչ գործողութիւններ իրականացնելու համար, տուրք տալով իր պանթիւրքիստական երազանքներին, անհիմն մեղադրանքներ է ներկայացնում Չինաստանին, որը երբեւէ չի վիրաւորել Թուրքիային: Մեկնաբանելով թուրքական կողմի արձագանքները Սինձեանի իրադարձութիւնների առնչութեամբ` չինացի փորձագէտները կարծիք յայտնեցին, որ Թուրքիայի վարչապետը, արձագանքելով թուրքական հասարակութեան մէջ առկայ ազգայնական եւ պանթիւրքիստական տրամադրութիւններին, տուրք է տուել պոպուլիզմին եւ դրա հետեւանքով կարող է լրջօրէն վնասել չին-թուրքական յարաբերութիւնները: Իրենց թուրք գործընկերների հետ յետագայ շփումներում չին դիւանագէտները հասկացրին, որ հանդէս գալով այլ երկրներում թիւրքալեզու բնակչութեան շահերի պաշտպանի դերում` Թուրքիան ինքը պէտք է զգուշաւոր լինի տարածքային ամբողջականութեան եւ ազգային անվտանգութեան ապահովման հարցերում: Եւ Անկարայում միանգամից ընկալեցին Քուրդիստանի խաղաքարտը շահարկելու հարցում Ամն-ին Չինաստանի միանալու հետեւանքները: Անմիջապէս յետոյ թուրքական կառավարութիւնը զերծ մնաց ոյղուրական շարժման առաջնորդ Ռեբիյայ Քադիրի Թուրքիայ նախատեսուած այցն իրականացնելու քայլից, իսկ թուրքական մամուլը մոռացութեան մատնեց Ուրումչիի դէպքերը: Միաժամանակ, սակայն, Սինձեանի դէպքերի առնչութեամբ թուրքական կառավարութեան արձագանքը վկայեց, որ Անկարան փորձ է անում գրաւել որոշակի դիրքեր ինչպէս Եւրասիայում, այնպէս էլ Ամն-ի հետ յարաբերութիւններում: Այդ արձագանքը կարելի է ընկալել որպէս մահմեդական աշխարհում առաջնորդութեան համար Թուրքիայի ներկայացրած յայտ, որը դարձաւ Իսրայէլի դէմ եւ Պաղեստինի օգտին թուրքական դէմարշների քաղաքականութեան շարունակութիւնը: Այդ քայլով Անկարան նաեւ յաւակնեց հանդէս գալ որպէս Եւրասիայում Չինաստանի քաղաքական ու տնտեսական զսպման հարցում զգալի դերակատարում ունեցող երկիր: Միեւնոյն ժամանակ, թուրքական կառավարութիւնը խաղարկեց ոյղուրական խաղաքարտը` Պեկինի հետ յարաբերութիւններում աւելի մեծ կշիռ եւ առաւելութիւններ ձեռք բերելու նպատակով: Իրադարձութիւնների յետագայ ընթացքը հաստատելու եկաւ վերջին դիտարկումը, երբ Թուրքիայ կատարած չին բարձրաստիճան պաշտօնեաների իրար յաջորդած այցերի ժամանակ ձեռք բերուեցին նոր համաձայնութիւններ` առեւտրատնտեսական եւ ֆինանսական ոլորտներում երկկողմ համագործակցութեան վերաբերեալ: Դա նաեւ վկայում է, որ Պեկինում հաշուի են առնում Թուրքիայի դիրքը` որպէս տարանցիկ տէրութեան: Ինչպէս նշում են չին փորձագէտները, Թուրքիան, ի տարբերութիւն Իրանի, մեկուսացուած չէ եւ, ի տարբերութիւն Սաուդեան Արաբիայի, ո՛չ թէոկրատական իսլամական պետութիւն է, ո՛չ էլ ԱՄՆ կցորդ, այլ, ընդհակառակը` դէպի Եւրոպա կողմնորոշուող եւ ,լուսաւորեալ իսլամիստական վարչակարգէ ունեցող երկիր: Չպէտք է նաեւ մոռանալ, որ Թուրքիան եւ Չինաստանն ունեն հակասութիւններ առեւտրատնտեսական ոլորտում` կապուած համաշխարհային շուկայում իրենց արտադրանքի արտահանման խնդիրների հետ: Դրան գումարւում է մրցակցութիւնը Կասպեան աւազանի վառելիքային պաշարների ձեռքբերման համար տարուող մեծ խաղում: Վերջին տարիներին Չինաստանին յաջողուեց դուրս մղել Թուրքիային Ղազախստանում եւ Թուրքմէնստանում իրականացուող նաւթամուղերի եւ գազատարների շինարարութեան նախագծերից` ուղղելով Կենտրոնական Ասիայի երկրների բնական պաշարների հոսքը դէպի արեւելք: Ըստ էութեան, Կենտրոնական Ասիայում ՉԺՀ դիրքերի ամրապնդումը չէզոքացրեց տարածաշրջանում թուրքական ազդեցութեան աճը: Յարկ է նշել, որ Թուրքիայի վերնախաւում վերջին տարիներին որոշակի տարածում գտաւ եւրասիականութեան գաղափարախօսութիւնը, որին հարում են քաղաքական գործիչներ եւ բարձրաստիճան զինուորականներ: Հանդէս գալով Թուրքիայի կայսերական անցեալի վերականգնման եւ թիւրքական աշխարհի հետ կապերի սերտացման օգտին, այդ ուղղութիւնը դիտում է Չինաստանին որպէս հնարաւոր ռազմավարական այլընտրանք` Միացեալ Նահանգների եւ Եւրամիութեան ճնշումներին դիմակայելու առումով: Սակայն Էրդողանի իսլամիստական կառավարութիւնը որոշակի զտումներ իրականացրեց պետական ապարատում եւ զինուորականութեան շրջանում` մաքրելով դրանք ,եւրասիականէ տարրերից: Եւ չնայած Թուրքիայի ներկայիս վարչակարգը նոյնպէս ընդունում է Պեկինի հետ համագործակցութեան ռազմավարական կարեւորութիւնը, այդ երկրի շրջուելը դէպի Չինաստան` որպէս իր նոր ռազմավարական դաշնակից, ներկայումս անհաւանական է: Վերջերս Թուրքիայում հնչեցին տեսակէտներ` փաստացի Չինաստանի կողմից առաջնորդուող Շանհայի համագործակցութեան կազմակերպութեանը (ՇՀԿ) միանալու հնարաւորութեան մասին: Նման տեսակէտները բարձրաձայնուեցին յատկապէս Ֆրանսիայի եւ Գերմանիայի կողմից Եմ-ին Թուրքիայի անդամակցութեան ընթացքը փաստօրէն արգելակելուց յետոյ: Սակայն քանի որ Շհկ-ն իրականում դեռեւս մնում է որպէս բաւական ամորֆ կառոյց, Անկարայում նման յայտարարութիւնները կարելի է դիտել ընդամէնը որպէս Արեւմուտքին ուղղուած դէմարշ, այն էլ` ոչ պաշտօնական մակարդակով: Այսպիսով, հետեւելով չին-թուրքական յարաբերութիւնների զարգացմանը` կարելի է փաստել, որ դրանք ունեն սերտացման եւ խորացման բնոյթ, սակայն դժուար թէ վերածուէն ռազմավարական համագործակցութեան: Աւելին, Թուրքիայի կողմից տարուող եւ ,նէոկայսերականէ որակուող արտաքին քաղաքականութիւնն այսպէս թէ այնպէս բերում է Եւրասիայում Չինաստանի շահերի հետ բախմանը: Ակնյայտ է, որ եթէ Թուրքիան մտադիր է առաջ տանել իր յաւակնութիւնները Եւրասիայում` փորձելով ունենալ Չինաստանին, ինչպէս նաեւ Ամն-ին ու Ռուսաստանին համարժէք դերակատարում, ապա պէտք է պատրաստ լինի նաեւ այդ խոշոր դերակատարների հակազդեցութեանը: «Նորավանք» Սուրէն Սարեան
  -   Յօդուածներ