Թուրքիայում նախատեսւում է ստեղծել Օմբուդսմանի հաստատութիւն
13-05-2010 17:14:00 | Հայաստան | Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Մարդու
իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնեյանը եւ ԵԽ Խորհրդարանական
վեհաժողովի նախագահ Մեվլութ Չավուշօղլուի մայիսի 13-ի հանդիպման
ընթացքում քննարկուել են ինչպէս Հայաստանում, այնպէս էլ տարածաշրջանում
մարդու իրաւունքների պաշտպանութեան մարտահրավերները:
Նշելով Պաշտպանի դերը ԵԽ-ում Հայաստանի կողմից ստանձնած
պարտաւորութիւնների կատարման գործում, ԵԽԽՎ նախագահը կարեւորել է
ԵԽ Խոշտանգումների Կանխարգելման Կոմիտէի զեկոյցի առաջարկների
կատարման, ընտրական օրէնսգրքի կատարելագործման, ինչպէս նաեւ
արդարադատութեան համակարգի բարեփոխման գործընթացները:
Ըստ ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանի Տեղեկատուութեան եւ
հասարակայնութեան հետ կապերի բաժնի մամլոյ հաղորդագրութեան,
հանդիպման ընթացքում Ա.Յարութիւնեյանը ներկայացրել է իր 2009թ.-ի
տարեկան եւ Արդար դատաքննութեան վերաբերեալ արտահերթ հրապարակային
զեկույցները: Խօսելով մարդու իրաւունքների պաշտպանութեան
մարտահրավերների մասին, Պաշտպանը նշել է հանդուրժողականութեան
մթնոլորտի զարգացման եւ երկխօսութեան մշակոյթի ձեւաւորման
կարեւորութիւնը ինչպէս երկրի ներսում, այնպէս էլ տարածաշրջանում:
ԵԽԽՎ նախագահը յայտնել է, որ Թուրքիայում մօտակայ ամիսների
ընթացքում նախատեսւում են սահմանադրական փոփոխութիւններ, որոնց
արդիւնքում այդ երկրում կստեղծուի Օմբուդսմանի հաստատութիւն:
Ա.Յարութիւնեյանը պատրաստակամութիւն է յայտնել օժանդակության եւ
յետագայ համագործակցութեան ձեւաւորման գործընթացում: