Երեւանում կայացաւ «Հայ ինքնութեան որակների պահպանումը<br /> խառնամուսնություններում» թեմայով համաժողովը<br />


Երեւանում կայացաւ «Հայ ինքնութեան որակների պահպանումը
խառնամուսնություններում» թեմայով համաժողովը

  • 27-04-2010 21:10:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանում իր աշխատանքն է աւարտել «Հայ ինքնութեան որակների պահպանումը խառնամուսնություններում» թեմայով գիտագործնական երկօրեայ համաժողովը, որն անցկացւում էց ՀՀ Սփիւռքի նախարարութեան կողմից: Համաժողովի նպատակն էր քննարկել եւ բացայայտել սփիւռքեան խառնամուսնական ընտանիքներում հայ ինքնութեան որակների պահպանման հետ կապուած դժուարութիւնները եւ հիմնախնդիրները (լեզու, աւանդոյթներ, կրօն, երեխաների դաստիարակութիւն, ընտանեկան յարաբերութիւններ, հայկական համայնքային կեանքին մասնակցութիւն, համայնքի կողմից ընդունուած լինելը): Ինչպէս համաժողովի բացմանը նշել է ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը, Սփիւռքի նախարարութիւնը իր գոյութեան 1,5 տարուայ ընթացքում, ուսումնասիրելով Սփիւռքում տեղի ունեցող գործընթացները, եկել է այն եզրակացութեան, որ կան որոշակի հիմնախնդիրներ, որոնք գիտական վերլուծութիւնների, ուսումնասիրություններին կարիք ունեն: «Մենք պարտաւոր ենք դիմել գիտնականներին` ազգագրագետներին, սոցիոլոգներին, հոգեբաններին, անգամ խառնամուսնություներից ծնուած երեխաներին, եւ փորձել այդ խնդիրների լուծումները գտնել»,- ասել է նախարարն, ընդգծելով, որ այդ խնդիրներից մէկը խառնամուսնություններն են, որոնց թուի աճ է արձանագրւում ամբողջ աշխարհում, այդ թւում նաեւ Հայկական աշխարհում: «Ակնյայտ է, որ մենք ապրում ենք բոլորովին այլ ժամանակներում: Համաշխարհայնացումը եւ ազատականացումը համահարթեցնում են շատ բաներ. աշխարհը փոքրանում է, արագ փոփոխվում է եւ այդ փոփոխման ներքոյ տեղի են ունենում երեւոյթներ, որոնք եւ' դրական, եւ' բացասական ազդեցութիւն են ունենում հասարակական զարգացումների վրայ: Համաշխարհայնացումը կուլ է տալիս փոքր ազգեր, մշակոյթներ, սովորոյթներ, տանում է հարթեցումների: Այս նոր արժեհամակարգային փոփոխութիւնները բերում են նաեւ խառնամուսնությունների թուի աճին: Այն այսօր փաստ է եւ այդպիսի ընտանիքներում խառնւում են երկու մշակոյթ, երկու սովորոյթ, երկու աւանդոյթ, երկու կենցաղ, երկու լեզու, երբեմն նաեւ երկու կրօն»,- ասել է Հ.Յակոբեանը: Նախարարը նշել է նաեւ, որ դարեր շարունակ «Հայ եկեղեցին դէմ է եղել խառնամուսնություններին: «Հայ գրողները եւս տագնապ են հնչեցրել եւ պահանջել, որ հայ ընտանիքը լինի զտարյուն հայկական: Հայ մեծերը ամէն գնով փորձել են պահպանել հայ ընտանիքըե,- ասել է նա, աւելացնելով, որ «Օսմանեան Թուրքիայի ոճրագործ ձեռքով մենք կորցրեցինք ոչ միայն Հայրենիք, ազգի ստուար հատուած, այլ նաեւ աշխարհասփիւռ դառնալով եւ աշխարհի 100-ից աւելի երկրներում արմատներ գցելով վտանգեցինք նաեւ հայ ընտանիքը, նրա որակները»: Նախարարի ներկայացրած տուեալներով, Լատինական Ամերիկայի երկրներում հայերի խառնամուսնությունները կազմում են 80 տոկոսից աւելի: ԱՄՆ-ում եւ յատկապէս Հիւսիսային Ամերիկայում եւ Կանադայում խառնամուսնությունների թիւը մօտ 60 տոկոս է: Արդէն խառնամուսնություններ կան նաեւ Միջին Արեւելքում: Վիճակագրական տուեալներով, Հայաստանի Արդարադատութեան նախարարութիւնում վերջին 9 տարիների ընթացքում գրանցուել են մօտ 9 հազար խառնամուսնություններ: «Որեւէ մէկը իրաւունք չունի մարդուն մեղադրել զույգ ընտրելու հարցում: Այս ազատ աշխարհում ընտանիքի ստեղծման միակ հիմքը երկուստեք սերն ու համաձայնութիւնն են: Ուրեմն ողջունելով իւրաքանչիւր ընտանիքի ստեղծումը` ազգային թէ խառը, միեւնոյն է, մեզ պէտք է հետաքրքրի երեխաների ազգային որակների կրումը, նրանց հայ մեծանալու ձգտումը: Իսկ ինչպե՞ս եւ ի՞նչ ձեւերով պէտք է երեխան հայութեանը մօտ զգա, ինչպե՞ս հպարտանա իր հայկական գենով, իր արմատով, ի՞նչ ծրագրեր, ձեռնարկներ են անհրաժեշտ նրանց համար: Պատահական չէ, որ մենք իրականացնում ենք «Արի տուն», «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» ծրագրերը, որոնք Հայրենիքը ճանաչելու, նրա մշակոյթին, կեանքին ու կենցաղին հաղորդակցվելու լաւագոյն հնարաւորութիւններ են ստեղծում: Միւս կողմից ինչքան շատ ժամանակակից «հերոսներ» կերտուեն արուեստի, գրականութեան, գիտութեան մէջ, սպորտում, այնքան Սփիւռքում հայը կհպարտանա իր հայ լինելու հանգամանքով»,- ասել է Հ.Յակոբեանը: Համաժողովում զեկուցումներով հանդէս են եկել գիտնականներ Հայաստանից եւ Սփիւռքից, խառնամուսնական ընտանիքներ կազմած անձինք, Գեղարքունեաց թեմի հոգեւոր առաջնորդը: Ըստ ՀՀ Սփիւռքի նախարարութեան Մամուլի եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, համաժողովի արդիւնքում արուել են գործնական առաջարկութիւններ եւ երաշխավորություններ, որոնք կամբողջացուեն եւ կներկայացուեն խառնամուսնական զույգ կազմող ընտանիքներին:
  -   Հասարակութիւն