Գիւմրու թիւ 1 կրթահամալիրի տնօրէնը մեղադրւում է կաշառք վերցնելու մէջի


Գիւմրու թիւ 1 կրթահամալիրի տնօրէնը մեղադրւում է կաշառք վերցնելու մէջի

  • 14-04-2011 18:37:49   | Հայաստան  |  Հասարակութիւն
ՀՀ ոստիկանութեան Շիրակի մարզի քննչական բաժնում աւարտուել է «Գիւմրու թիւ 1 կրթահամալիր» Պոակ-ի տնօրէնի կողմից կաշառք ստանալու, պաշտօնէական կեղծիք, խարդախութիւն կատարելու եւ պաշտօնէական լիազօրութիւնները չարաշահելու դէպքի առթիւ յարուցուած քրէական գործի նախաքննութիւնը: Քրէական գործի նախաքննութեան օրինականութեան նկատմամբ հսկողութիւն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացութիւնը: Գիւմրի քաղաքի բնակչուհի Կ. Մելիքեանը դիմում է ներկայացրել ՀՀ Շիրակի մարզի դատախազ Դ. Սարգսեանին` «Գիւմրու թիւ 1 կրթահամալիր» Պոակ-ի տնօրէն Ջ. Յովսէփեանին կաշառք տալու վերաբերեալ: Դիմումն ուղարկուել է ՀՀ ոստիկանութեան` Շիրակի մարզի քննչական բաժին, որտեղ նախապատրաստուել են նիւթեր եւ յարուցուել է քրէական գործ: Քրէական գործի նախաքննութեամբ պարզուել է հետեւեալը. «Գիւմրու թիւ 1 կրթահամալիր» Պոակ-ի տնօրէն Ջ. Յովսէփեանը 2008-2009թթ. ուսումնական տարում Գիւմրի քաղաքի թիւ 2 դպրոցի 9-րդ դասարանն աւարտած Մ. Մելիքեանին էքստեռն փոխադրական քննութիւններ յանձնելու միջոցով իր ղեկավարած թիւ 1 կրթահամալիրի աւարտական 11-րդ դասարան ընդունելու համար 2009թ. սեպտեմբերի 2-ին Մ. Մելիքեանի մօրից` Կ. Մելիքեանից, պահանջել եւ յաջորդ օրն ու դրանից մէկ շաբաթ անց իր աշխատասենեակում անձամբ ստացել է համապատասխանաբար 300 եւ 500 ԱՄՆ դոլար գումար: Այնուհետեւ` Ջ. Յովսէփեանը շահադիտական նպատակով Ռ. Յովհաննիսեանից ձեռք է բերել չլրացուած կեղծ վկայական, անձամբ կեղծելով` լրացրել, այն կազմել Մ. Մելիքեանի անուամբ, թէ իբր վերջինս 2008թ. աւարտել է Երեւանի թիւ 131-րդ դպրոցի 9-րդ դասարանը, եւ յիշեալ կեղծ վկայականը դրել նրա աշակերտական անձնական գործում` կեղծելով աշակերտուհու ուսումնառութեան տարեթուերը: Բացի այդ` 2010թ. մայիսին իբր ՀՀ կրթութեան պետական տեսչութեան աշխատակիցների կողմից դպրոցում կատարուած փաստաթղթային ստուգումների արդիւնքում Մ. Մելիքեանի աշակերտական անձնական գործում յայտնաբերուած հիմնական ընդհանուր կրթութեան կեղծ վկայականի հետ կապուած հարցը փակելու համար, տեսչութեան աշխատակցին կաշառք տալու պատրուակով Մ.մելիքեանի մօրից` Կ. Մելիքեանից, պահանջել եւ ստացել է 100 000 գումար եւ յափշտակել: Այնուհետեւ Ջ. Յովսէփեանը, չարաշահելով պաշտօնէական լիազօրութիւնները, անձնական այլ շահագրգռուածութիւնից ելնելով, Թ. Վարդանեանի եւ Վրաստանի Հանրապետութեան քաղաքացի, ազգութեամբ հայ Խ. Թումասեանի անյարգելի բացակայութիւնները քօղարկելու համար անձամբ եւ իր դրդմամբ կրթահամալիրի ուսուցիչների կողմից փաստաթղթային կեղծիքներ կատարելու միջոցով, կրթահամալիրն աւարտելու ձեւական հիմքեր է ստեղծել` չկատարելով ՀՀ Կրթութեան եւ գիտութեան նախարարի կողմից 07/02.2005թ. հաստատուած հանրակրթական ուսումնական հաստատութիւններում աշակերտների փոխադրման, աւարտման եւ քննութիւնների կազմակերպման կարգը, համաձայն որի` աւագ դպրոցում ուսումնական տարուայ ընթացքում 40 օրից կամ 240 ժամից աւելի դասերից անյարգելի բացակայած աշակերտները դուրս են մնում դպրոցից: Յիշեալ երկու աշակերտներին, ովքեր 40 օրից աւելի բացակայել են, Ջ. Յովսէփեանը չի հեռացրել կրթահամալիրից եւ թոյլ է տուել յանձնել աւարտական քննութիւններն ու աւարտել կրթահամալիրը: Ըստ ՀՀ Գլխաւոր դատախազութեան մամլոյ հաղորդագրութեան, 2011թ. մարտի 24-ին Ջ.յովսէփեանին մեղադրանք է առաջադրուել ՀՀ քրէական օրէնսգրքի 311-րդ յօդուածի 3-րդ մասի 3-րդ կէտով, 308-րդ յօդուածի 1-ին մասով, 314-րդ յօդուածի 1-ին մասով եւ 178-րդ յօդուածի 1-ին մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց ընտրուել է ստորագրութիւն` չհեռանալու մասին: Քրէական գործն ուղարկուել է Շիրակի մարզի ընդհանուր իրաւասութեան առաջին ատեանի դատարան` ըստ էութեան քննելու համար:
  -   Հասարակութիւն