Հայկ Դեմոյան. Անհրաժեշտ է պատրաստել մշակոյթային<br /> ցեղասպանութեան փաստերի համապարփակ փաթեթ եւ ներկայացնել շահագրգիռ<br /> ատեանին<br />


Հայկ Դեմոյան. Անհրաժեշտ է պատրաստել մշակոյթային
ցեղասպանութեան փաստերի համապարփակ փաթեթ եւ ներկայացնել շահագրգիռ
ատեանին

  • 20-04-2010 20:30:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Անհրաժեշտ է, որպէսզի Հայաստանը Թուրքիայի կողմից իրականացyող մշակոյթային ցեղասպանութեան հարցով սոսկ արձանագրումներից անցնի գործողութիւնների փուլի: Ապրիլի 20-ին Երեւանում «Մշակոյթային ցեղասպանութիւն» խորագրի տակ անցկացուած միջազգային գիտաժողովում այս մասին յայտարարեց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրէն Հայկ Դեմոյանը: Ըստ նրա, ժամանակն է, որպէսզի հայաստանցի, սփիւռքահայ եւ արտասահմանցի մասնագէտների ջանքերով պատրաստուի փաստերի համապարփակ մի փաթեթ եւ ներկայացուի շահագրգիռ ատեանին: Առաւել եւս որ միջազգային պրակտիկայում արդէն իսկ կայ Քրէական ատեանի նախադէպային որոշումը, որով նախկին Հարաւսլաւիայում կանխամտածուած ռմբակոծութիւն իրականացնելու համար կայ պատժված անձ: Հայկ Դեմոյանը նշեց, որ Համիդեան, Ադանայի կոտորածները, 1915-22թթ. Հայոց ցեղասպանութիւնն իրականացրած Թուրքիան այսօր էլ շարունակում է հայկական եւ միւս քրիստոնեայ ժողովուրդների մշակոյթային ժառանգութեան դէմ իրականացնել պետական եւ կանխամտածուած ոչնչացման քաղաքականութիւն` կոպտօրէն խախտելով Լոզանի միջազգային պայմանագրով իր կողմից ստանձնած միջազգային պարտաւորութիւնները: Հ.Դեմոյանը յայտնեց, որ այսօր Թուրքիայի տարածքում գործում է պաշտօնապէս գրանցուած ընկերութիւն, որի կողմից ընդերքում մետաղ յայտնաբերելու համար արտադրուող սարքերի ուղեցույցում պարզորոշ նշուած է. «եթէ դուք փորձեք այս մետաղորսիչը օգտագործել գանձեր փնտրելու համար, ուրեմն գանձերը հեշտութեամբ կարող եք գտնել քրիստոնեական գերեզմաններում եւ եկեղեցիների պատի տակ»: «Սա ուղեցոյց է մշակոյթային Եղեռն իրագործելու համար»,- նկատեց Հ.Դեմոյանը: Գիտնականը անդրադարձաւ նաեւ 1974թ. թուրքական զօրքերի կողմից Հիւսիսային Կիպրոսի օկուպացիայի հետեւանքով յունական եւ հայկական մշակոյթային ժառանգութեան, այդ թւում` հայկական յուշարձաններից Մակարավանքի «տխուր վիճակին», հարիւրաւոր բիւզանդական փառահեղ տաճարների պղծման, մասնատման, մինչեւ հիմքը ոչնչացնելու կամ բանկի, սրճարանի եւ բաղնիքի վերածելու փաստերին: Թուրքական կողմը, վայելելով անպատժելիութիւնը, վաճառքի է հանում յունական, բիւզանդական, հայկական, այլ ժողովուրդների մշակոյթային ժառանգութեան մաս կազմող եւ հազարամեակների պատմութիւն ունեցող մշակոյթային յուշարձաններ եւ մշակոյթային արժէքներ: Իսկ իր երկրի տարածքում հայկական յուշարձանները վերանորոգելու վերաբերեալ յայտարարութիւնները, ըստ Հ.Դեմոյանի, խաբկանք է եւ նպատակ է չեզոքացնել իր պարտաւորութիւնները չկատարելու համար պատժուելու վտանգը: Շատ կարեւոր է, նշեց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրէնը, հաւաքուած փաստական նիւթերով համարժէք պատասխան տալ մասնաւորապէս, Ջուղայի գերեզմանների ոչնչացման փաստին` այս տարուայ դեկտեմբերին լրանում է մշակոյթային ցեղասպանութեան այդ դրսեւորման 5-րդ տարին: «Այսօր ստիպուած ենք արձանագրել, որ Ադրբեջանի տարածքում եւ նրա ենթակայության տակ գտնուող Նախիջեւանի երկրամասում հայկական յուշարձաններ այլեւս չկան»,- նշեց Հ.Դեմոյանը, յաւելելով, որ Կիպրոսում եւ Ջուղայում մշակոյթային ժառանգութեան իրավիճակի շուրջ մոնիտորինգ անցկացնելու առաջարկները Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից մերժւում են: Հ.Դեմոյանը տարակուսանք յայտնեց, որ Ջուղայի հայկական գերեզմանոցի ոչնչացումից յետոյ ԵՈՒՆԵՍԿՕ-ի նախագահ Մացուրոն 3 անգամ այցելել է Բաքու: Գիտնական Համլետ Պետրոսեանի ելոյթում անդրադարձ եղավ Ադրբեջանի կողմից Արցախում իրականացyող էթնոցիդի դրսեւորումներին` աղուանական Ադբրեջան անուան տակ հայկական մշակոյթային արժէքների իւրացման կամ պարզապէս 100-ավոր եկեղեցիների, խաչքարերի ոնչացման փաստերին:
  -   Քաղաքական