Հայաստանի ՎՊ-ն դատախազութիւն կուղարկի Գեղարքունիքի մարզում<br /> յայտնաբերուած խոշոր խախտումների վերաբերեալ նիւթերը<br />


Հայաստանի ՎՊ-ն դատախազութիւն կուղարկի Գեղարքունիքի մարզում
յայտնաբերուած խոշոր խախտումների վերաբերեալ նիւթերը

  • 12-12-2008 14:46:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Վերահսկիչ պալատը Գեղարքունիքի մարզպետարանի եւ համայնքների կողմից պետական ու համայնքային բիւջէների մուտքերի ապահովման, բիւջէտային միջոցների օգտագործման, միջազգային կառոյցների աջակցութեամբ իրականացուած մի շարք ծրագրերի նկատմամբ վերահսկողութեան արդիւնքում յայտնաբերել է 579 մլն դրամի խախտումներ, այդ թւում 151 մլն դրամը` գնումների գործընթացի հետ կապուած: ՎՊ-ի խորհրդի դեկտեմբերի 10-ին մարզում կայացած արտագնայ նիստում որոշուել է կոռուպցիոն առաւել մեծ ռիսկեր պարունակող գործերն ուղարկել դատախազութիւն: Ըստ ՎՊ-ի պաշտօնական կայք-էջում տեղադրուած հաղորդագրութեան, նման գործերից մէկն առնչւում է Սեւանի քաղաքապետարանին: Վերջինս, անտեսելով ՀՀ օրենսդրութեամբ սահմանուած արգելքը, վաճառել է մէկ մանկապարտէզի, ինչպէս նաեւ միջնակարգ եւ գիշերօթիկ մէկական դպրոցների շէնքերը: Յաջորդ կոպիտ խախտումը վերաբերում է Սեւանի Ազգային պարկի հողատարածքներին. քաղաքապետարանը 47 հեկտար տարածք` 1 քառակուսի մետրը տարեկան 14 դրամով, վարձակալութեան է տուել գործարար Արայիկ Հայրապետյանին: Վերջինը լճի ափամերձ տարածքում հիմնել է «Լավանդա-սիթի»-ն` կառուցելով վաճառքի համար նախատեսուած կապիտալ շինութիւններ, մինչդեռ կառավարութեան որոշմամբ 1907 մետր նիշից ցածր տարածքներում կապիտալ շինարարութեան իրականացումն արգելուած է եւ թոյլատրւում է միայն շարժական տնակների տեղադրում: Բացի այդ, 40-60 հազար ԱՄՆ դոլարի չափով շուկայական արժէք ունեցող շինութիւնների վաճառքի գինը հարկային մարմիններ ներկայացուած փաստաթղթերում ձեւակերպուած է 1,5-8 մլն դրամ (շուրջ 5-27 հազար ԱՄՆ դոլար): ՎՊ-ն 42-45 մլն դրամի չափով խախտումներ է արձանագրել նաեւ Վարդենիսի քաղաքապետարանում: Նախկին քաղաքապետին հնարաւորութիւն է տրուել ներկայացնելու պետութեանը պատճառած վնասը վերականգնելու ժամանակացույց, սակայն այն չի ներկայացուել, ինչի պատճառով այս գործը եւս որոշուել է ուղարկել դատախազութիւն: Մէկ այլ արտառոց դէպք էլ արձանագրուել է մարզի Գեղամասար գիւղում, ուր պետական միջոցներով երեք ուղղութեամբ խմելու ջրագիծ է կառուցուել: Սակայն յետագայում պարզուել է, որ «մայր» ջրագիծը, որին դրանք պէտք է միացուէին, չկայ: «Մայր» ջրագծի 5 800 մետր խողովակները դատարանի որոշմամբ ապամոնտաժուել եւ վաճառուել սոցապ հիմնադրամին գիւղապետարանի 1,6 մլն դրամի պարտքը մարելու նպատակով: Ընդ որում, դատարանի որոշմամբ ջրագծի խողովակների 1 գծամետրի գինը հաշուարկուել են 276 դրամ` այն դէպքում, երբ շուկայական գինը 8-11 հազար դրամ է:
  -   Տնտեսութիւն