ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՄՇԱԿՈՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՒ<br /> ՍՏՈՐԱԳՐՈՒԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՄՇԱԿՈՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՒ
ՍՏՈՐԱԳՐՈՒԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

  • 26-09-2008 19:00:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի եւ Սլովակիայի մշակոյթի նախարարներ Յասմիկ Պողոսեանը եւ Մարեկ Մադյարիչը սեպտեմբերի 26-ին ստորագրեցին մշակոյթային համագործակցութեան համաձայնագիր: Յասմիկ Պողոսեանի խօսքերով, սա երկար սպասուած պայմանագիր էր երկու երկրների համար, քանի որ Հայաստանի եւ Սլովակիայի միջեւ համագործակցութիւնը շատ դանդաղ էր զարգանում. մշակոյթային կապերը գոյութիւն ունէին առանձին կազմակերպութիւնների մակարդակով, իսկ այժմ դրանք կսկսեն զարգանալ պետական մակարդակով: Կողմերն արդէն քննարկել են մի շարք հարցեր, որոնց իրականացումը կակտիվացնի մշակոյթային համագործակցութիւնը: Նախարարը տեղեկացրեց, որ արդէն յաջորդ տարի Բրատիսլաւայում նախատեսւում է անցկացնել Հայկական կինոյի օրեր, կազմակերպել Ս.Փարաջանովի կոլաժների ցուցահանդէս, Ալ.Սպենդիարեանի անուան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հիւրախաղեր: Առաջիկայում պայմանաւորուածութիւն ձեռք կբերուի նաեւ Սլովակիայում Հայկական մշակոյթի օրեր անցկացնելու մասին: Սլովակիայի մշակոյթի նախարար Մարեկ Մադյարիչը նշեց, որ երկու երկրների միջեւ ձեւաւորուած բարեկամական յարաբերութիւնների տրամաբանական շարունակութիւնը պէտք է լինի մշակոյթային համագործակցութիւնը: Նախարարի խօսքերով, կողմերը չեն սկսելու համագործակցութիւնը մեծ նախագծերից, այլ աշխատելու են փուլ առ փուլ:
  -   Մշակոյթ