ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԹՈՒՐՔԻԱ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ<br /> ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՒՈՒՄ ԵՆ,- ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՀՀ<br /> ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԹՈՒՐՔԻԱ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ
ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՒՈՒՄ ԵՆ,- ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՀՀ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ

  • 25-09-2008 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Թուրքական «Յունիտ» ընկերութիւնը չի հրաժարուել ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարութեան ու «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ Հայաստանից Թուրքիա էլեկտրաէներգիայի մատակարարման վերաբերեալ պայմանագրից. այն ուժի մէջ է, եւ երկուստեք իրականացւում են պայմանագրի իրականացման համար անհրաժեշտ աշխատանքները: Այս մասին յայտարարեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմէն Մովսիսեանը: Յիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին նա յայտնել էր, թէ Հայաստանը 2009թ.-ից էլեկտրաէներգիա կվաճառի Թուրքիային: Ըստ նախարարի, այդ մասին քննարկումներ են եղել ՀՀ նախագահի հրաւէրով Թուրքիայի նախագահի Հայաստան կատարած այցի ժամանակ: Հանդիպումների շրջանակներում նաեւ համաձայնագիր է կնքուել նախարարութեան եւ թուրքական «Յունիտ» ընկերութեան միջեւ, որն զբաղւում է Թուրքիա էլեկտրաէներգիայի ներկրմամբ եւ բաշխմամբ: Բացի այդ, ըստ նախարարի, պայմանագիր է ստորագրուել «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր»-ի եւ «Յունիտի» միջեւ Կարսի միջով ուղիղ արտահանում իրականացնելու վերաբերեալ: Պայմանաւորուածութեան համաձայն, սկզբնական շրջանում տարեկան կարտահանուի 1,5 մլրդ Կվտ/ժ էլեկտրաէներգիա: Հզորութիւնների մեծացմանը զուգընթաց հնարաւոր է արտահանումը հասցնել մինչեւ 3,5 մլրդ Կվտ/ժ-ի: Թուրքական կողմը պարտաւորուել է առաջիկայ չորս ամիսների ընթացքում վերացնել տեխնիկական խնդիրները եւ վերականգնել էլեկտրահաղորդման գծերը: Սակայն յետագայում Թուրքիայի էներգետիկայի նախարար Հիլմի Գյուլերը հերքել է տարածուած բոլոր այն լուրերը, որոնց համաձայն, Աբդուլլահ Գիւլի երեւանեան այցելութեան ժամանակ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ կնքուել է համաձայնագիր էլեկտրաէներգիա գնելու կապակցութեամբ: Այս մասին հաղորդել էր «Սաբահ» օրաթերը: «Նման պայմանագիր գոյութիւն չունի: Կան 1980 թուականին եւ դրանից առաջ կառուցոուած էլեկտրահաղորդագծեր, բայց որեւէ համաձայնագիր գոյութիւն չունի»,- յայտարարել է թուրք պաշտօնեան` աւելացնելով, որ այդ ուղղութեամբ որոշ թուրքական մասնաւոր ընկերութիւններ են բանակցութիւններ վարել: «Այդ յայտարարութիւններին ուշադրութիւն մի դարձրեք եւ պէտք էլ չէ գռգռել նրանց»,- նշել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը` յաւելելով, որ «Հայաստան էր ժամանել «Յունիտ»-ի նախագահը, որն ազգութեամբ թուրք, էներգետիկ ոլորտում փորձառու գործարար է եւ բաւականին ճիշտ է ընկալում հայ-թուրքական յարաբերութիւնների ներկայիս իրավիճակը»: Նա պարզաբանեց, որ «Յունիտը» թուրքական կոնգլոմերատ-ընկերութիւն է, որի հիմնականում նոյն անուանումը կրող կառոյցները գործում են Բելգիայում, եւրոպական որոշ այլ երկրներում, Իրանում, ԱՄՆ-ում: «Յունիտը» տարբեր ոլորտներում է իր գործունէութիւնը ծաւալում, բայց գործունէութեան հիմնական ոլորտը էներգետիկան է:
  -   Տնտեսութիւն