ՀՀ ՏՆՏՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ՊԵՏՅԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ<br /> ՎԱՐՈՒՅԹՆԵՐ Է ՀԱՐՈՒՑԵԼ ԱՒԻԱՎԱՌԵԼԻՔԻ, ՑՈՐԵՆԻ ԱԼԻՒՐԻ ԵՎ ԲՐՆՁԻ<br /> ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ<br />


ՀՀ ՏՆՏՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ՊԵՏՅԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ
ՎԱՐՈՒՅԹՆԵՐ Է ՀԱՐՈՒՑԵԼ ԱՒԻԱՎԱՌԵԼԻՔԻ, ՑՈՐԵՆԻ ԱԼԻՒՐԻ ԵՎ ԲՐՆՁԻ
ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ

  • 17-09-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետական յանձնաժողովի սեպտեմբերի 17-ի արտահերթ նիստում վարոյթ է յարուցուել աւիավառելիքի, ցորենի ալիւրի եւ բրնձի շուկաներում գների չհիմնաւորուած պահպանման կամ բարձրացման հնարաւոր փաստերի առիթով: Յանձնաժողովի աշխատակազմի մոնիտորինգի համաձայն, ցորենի ալիւրի իրացման գների դինամիկան ոչ համարժէք է միջազգային շուկայի գների դինամիկային: Շուկայում գերիշխող դիրք են զբաղեցնում «Սալեքս Գրուպ» եւ «Մանանայ Գրեյն» ընկերութիւնները: Յանձնաժողովը ցորենի ալիւրի շուկայում հակամրցակցային համաձայնութեան երեւոյթներ էր արձանագրել դեռեւս յուլիսի 22-ին` ոլորտի տնտեսվարողների հետ անցկացուած քննարկում-խորհրդակցութեան ժամանակ: Յանձնաժողովն այդ ժամանակ նախազգուշացրել էր տնտեսվարողներին` զերծ մնալ հակամրցակցային համաձայնութիւններից եւ ժամկէտ սահմանել հնարաւոր խախտումները վերացնելու համար: Օգոստոսի 8-ին Վրաստանում ստեղծուած պատերազմական իրավիճակի պատճառով Հայաստանեան շուկայի համար ֆորս-մաժորային վիճակ ստեղծուեց եւ բեռներն ընդհանրապես Հայաստան հասցնելու հետ կապուած խնդիրներ առաջացան: Դրանով պայմանաւորուած յանձնաժողովը հետաձգեց վարոյթի հարուցման որոշումը` մինչեւ բեռնափոխադրումների շուկան կայունանայ: Իրավիճակի կայունացումից յետոյ, սակայն, հայաստանեան շուկայում գների իջեցումը, նախնական գնահատականով, համարժէք չէ միջազգային շուկայում ցորենի ալիւրի գնանկմանը: Ըստ յանձնաժողովի մամլոյ ծառայութեան, մոնիտորինգը գների բարձրացում է արձանագրել նաեւ բրնձի շուկայում: Այս շուկայում գերիշխող դիրք են զբաղեցնում «Կարի Թով» եւ «Մոկոնաթ» ընկերութիւնները, որոնք գրաւում են շուկայի 59,6 տոկոսը: Սակայն, հաշուի առնելով այն հանգամանքը, որ հայաստանեան շուկայում բրնձի թանկացումը համատարած բնոյթ է կրում, յանձնաժողովի հարուցած վարոյթը կընդգրկի շուկայի առնուազն 90 տոկոսը գրաւող տնտեսվարող սուբյեկտների վարքագծի ուսումնասիրութիւնը: Յանձնաժողովի մէկ այլ որոշմամբ վարոյթ է յարուցուել նաեւ աւիավառելիքի շուկայում գների ուսումնասիրութեան նպատակով, քանի որ միջազգային շուկայում աւիավառելիքի գնանկում է արձանագրուել:
  -   Տնտեսութիւն