ԳՈՐԾԱՐԱՆԵՐԸ ԶԳՈՒՇԱՒՈՐ ԼԱՒԱՏԵՍՈՒԹԻՒՆ ԵՆ ՅԱՅՏՆՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ<br /> ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՌԹԻՒ<br />


ԳՈՐԾԱՐԱՆԵՐԸ ԶԳՈՒՇԱՒՈՐ ԼԱՒԱՏԵՍՈՒԹԻՒՆ ԵՆ ՅԱՅՏՆՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ
ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՌԹԻՒ

  • 30-06-2008 17:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 30 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կառավարութիւնը ձեռնարկել է հարկային եւ մաքսային ծառայութիւնների բարփոխումներ` նպատակ ունենալով այդ ծառայութիւնները հնարավորինս յարմար դարձնել գործարարների համար: Դա ենթադրում է պարզ եւ սպառիչ պահանջների եւ կանոնների սահմանում, ստուգումների իրականացում սահմանափակ քանակով եւ արդիւնաւէտ, գործունէութեան թափանցիկության ապահովում: Հարկային եւ մաքսային ծառայութիւնների աշխատանքը պէտք է փոխհատուցի այն դժուարութիւնները, որ հայաստանեան գործարարն ունի տարածաշրջանում` կապուած ծախսերի յարաբերականօրէն աւելի բարձր լինելու ու այլ խոչընդոտների հետ: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց «Փոքր եւ միջին բիզնեսի հիմնադրամ» ոչ առեւտրային կազմակերպութեան գործադիր տնօրէն Նարինէ Մայիլեանը, դեռեւս 2008թ.-ի մարտի 31-ին այն ժամանակուայ վարչապետ Սերժ Սարգսեյանի մօտ փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների եւ հասարակական կազմակերպութիւնների ղեկավարների հետ կայացած խորհրդակցությամբ սկիզբ առաւ մաքսային եւ հարկային օրէնսդրութեան ու վարչարարության կատարելագործման մասնակցային գործընթացը: ՀՀ Էկոնոմիկայի նախարարութեան նախաձեռնութեամբ ապրիլին «Հայաստանի արդիւնաբերողների եւ գործարարների (գործատուների) միութիւնում» եւ «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրութեան զարգացման ազգային կենտրոնում» կազմակերպուեցին հանդիպումներ մի կողմից խոշոր բիզնեսի, եւ միւս կողմից փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների ու նրանց շահերը ներկայացնող կազմակերպութիւնների միջեւ: Դրանից յետոյ կայացան մի շարք այլ հանդիպումներ, այդ թւում եւ ՀՀ նախագահի մասնակցութեամբ: Հանդիպումների ընթացքում բարձրացուել են մի շարք հիմնահարցեր կապուած «գործարար-պետական կառոյցներ» փոխհարաբերությունների, հաւասար մրցակցային միջավայրի ապահովման, հարկային եւ մաքսային վարչարարության եւ ընդհանուր առմամբ երկրի գործարար միջավայրի բարելաւման հետ, քննարկուել են դրանց լուծմանն ուղղուած առաջարկութիւնները: Ն.Մայիլյանի կարծիքով, Հայաստանի գործարարները դրական են վերաբերւում կառավարութեան ձեռնարկած միջոցառումներին: Նա նշեց, որ վերջին մէկ ամսուայ ընթացքում մաքսատների աշխատանքում տեղի ունեցած փոփոխութեան արդիւնքում ձեռնարկատէրերը հնարաւորութիւն են ստացել ինքնուրոյն հայտարարագրել ներկրւող ապրանքները: Մաքսային օրէնսգիրքը թոյլ էր տալիս դա անել դեռեւս 2002թ.-ից, սակայն գործնականում մինչ այժմ այն չէր կիրառւում: Պատճառը ձեռնարկատէրերի եւ մաքսային ծառայողների միջեւ տարաձայնութիւններին էին` ապրանքի մաքսային արժէքի որոշման հետ կապուած, որոնք հանգուցալուծվում էին միմիայն «բանակցութիւնների» արդիւնքում: Մաքսաւորների հետ հանդիպելու եւ «բանակցելու» անհրաժեշտութիւնը վերացաւ, երբ Ս.Սարգսեյանի կարգադրութեամբ ներկրւող ապրանքների մաքսային արժէքի մասին տուեալները տեղադրուեցին Մաքսային կոմիտէի ինտերնետային կայքում: Ըստ Ն.Մայիլյանի, թէեւ ձեռնարկատէրերը գոհունակութեամբ են ընդունել մաքսատան նոր աշխատաոճը, սակայն որոշակի երկյուղ ունեն դրա յարատեւ լինելու վերաբերեալ` արդեօ՞ք որոշ ժամանակ անց չի երականգնվի հին աշխատաոճը: Ինչ վերաբերում է հարկային ծառայութեան խնդիրներին, Ն.Մայիլեանը նշեց, որ եթէ կառավարութեանը յաջողուի իրագործել այս ոլորտում ծրագրուած բարեփոխումները եւս, ապա դա էապէս կբարելաւի երկրի գործարար միջավայրը: Բանն այն է, որ այս ոլորտի բարեփոխումները աւելի բարդ են. մասնաւորապէս, անհրաժեշտ կլինի կատարել մի շարք օրենսդրական փոփոխութիւններ: Քննարկումների արդիւնքում բացայայտուած հիմնախնդիրները իրենց արտացոլումը գտան ՀՀ Հարկային պետական ծառայութեան կողմից մշակուած եւ նույնպես հանրային քննարկմանը ներկայացուած «ՀՀ-ում հարկային վարչարարության եօթ հիմնական նպատակները» եւ «ՀՀ-ում հարկային վարչարարության քաղաքականությունները ըստ եօթ հիմնական նպատակների» նախագծերում: Հռչակուած «եօթ նպատակների» թւում ներառվել է, մասնաւորապէս, «փոքր ձեռներեցութեան նկատմամբ «փափուկ» վարչարարության կիրառումը»: Ն.Մայիլյանի կարծիքով, ընթացող բարեփոխումների համար լուրջ խոչընդոտ կարող է դառնալ փոքր եւ միջին ձեռնարկատիրութեան ներկայումս կիրառուող դասակարգման թերի համակարգը: Մեզանում ձեռնարկութիւնները որպէս «փոքր», «միջին» կամ «մեծ» են դասակարգւում աշխատողների թուից ելնելով` առանց հաշուի առնելու դրանց շրջանառութեան ծաւալները: Ներկայ դասակարգման համաձայն, Հայաստանի արդիւնաբերական ձեռնարկութիւնների 89 տոկոսը «գերփոքր» են կամ «փոքր»: Ուստի «փափուկ» վարչարարության կիրառումը գործնականում կպահանջի ձեռնարկութիւնների դասակարգման աւելի նուրբ համակարգի ներդրում: Այդուհանդերձ, ըստ Ն.Մայիլյանի, գործարարները լաւատեսօրէն են տրամադրուած սպասւող բարեփոխումների նկատմամբ: Այս լաւատեսութեան գրաւականն է, մասնաւորապէս, այն, որ նախքան որոշակի քայլեր ձեռնարկելը, կառավարութիւնը դրանք ամենայն ուշադրութեամբ քննարկում է գործարար հանրութեան հետ:
  -   Տնտեսութիւն