ՀՀ Կառավարութիւնը քննարկում է գազի սակագների բարձրացման<br /> հետեւանքները մեղմելու տարբերակներ<br />


ՀՀ Կառավարութիւնը քննարկում է գազի սակագների բարձրացման
հետեւանքները մեղմելու տարբերակներ

  • 17-03-2010 20:14:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ֆինանսների նախարարի գլխաւորութեամբ ստեղծուել է աշխատանքային խումբ, որը քննարկում է գազի սակագների բարձրացման պարագայում բնակչութեան առաւել խոցելի խաւերին ֆինանսական օժանդակություն ցոյց տալու հնարաւորութիւնը: Այս մասին մարտի 17-ի Ազգային ժողով-կառավարութիւն հարցուպատասխանի ժամին յայտնեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեանը: «Մենք քաջ գիտակցում ենք, որ աղքատութեան հիմնախնդիր ունեցող Հայաստանի Հանրապետութեան առաջնային նշանակութիւն ունեցող հարց է` պաշտպանել սոցիալապէս անապահով խաւերին եւ մեր կառավարութեան ծրագրում էլ համապատասխան դրոյթներ կան: Աւելին, նաեւ մեր հակաճգնաժամային ծրագրի հիմնարար սկզբունքներից մէկը կայանում էր նրանում, որ մենք ոչ մի սոցիալական ծրագիր չենք կրճատելու, սոցիալական ծրագրերը կատարելու ենք ամբողջ ծաւալով եւ 2010թ. հայթայթելու ենք լրացուցիչ միջոցներ` ուղղելու սոցիալական խնդիրների լուծմանը»,- ասաց նա: Վարչապետն ընդգծեց, որ ինքը կողմնակից չէ եկամուտների ինդեքսացիայի օրենսդրական կարգաւորմանը: Ըստ նրա, ինդեքսացիայի մեխանիզմները կիրառւում են այն երկրներում, որոնք ունենում ենք 10 տոկոսանոց եւ աւելի գնաճ: «Ես կողմնակից եմ այն քաղաքականութեանը, որ մենք ջանքեր գործադրենք գնաճի ցուցանիշը նուազեցնելու համար: Ինդեքսացիայի մեխանիզմը ինքն իր մէջ պարունակում է գնաճի խթանման մեխանիզմ եւ համապատասխան ազդակներ է ուղարկում հասարակութեանը»,- ասաց նա: Ֆինանսների նախարար Տիգրան Դավթեանը «Զվարթնոց» օդանավակայանի մերձակայ տարածքում ազատ առեւտրի գօտու ստեղծման ծրագրի կապակցութեամբ նշեց, որ ծրագրի հիմնական նպատակն է արտահանման ուղղուածութեան ճիւղերի` սննդարդյունաբերության, գիւղատնտեսութեան առանձին ապրանքատեսակների համար արտահանման խթանման մեխանիզմների եւ արտահանման խթանումը: Ներկայումս աշխատանքները ժանակացույցով ընթանում են եւ ըստ ֆինանսների նախարարի, «մինչեւ յաջորդ տարի ռեալ արդիւնքը կարող ենք տեսնել»:
  -   Տնտեսութիւն