Շուեյցարիա-Հայաստան Ասոցիացիան միջազգային հանրութեան<br /> ուշադրութիւնը սեւեռում է Բաքուի հակահայկական քաղաքականութեան վրայ<br />


Շուեյցարիա-Հայաստան Ասոցիացիան միջազգային հանրութեան
ուշադրութիւնը սեւեռում է Բաքուի հակահայկական քաղաքականութեան վրայ

  • 01-03-2010 18:41:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Շուեյցարիա-Հայաստան Ասոցիացիան Սումգայիթում հայոց ջարդերի 22-րդ տարելիցի կապակցութեամբ յայտարարութիւն է տարածել: Ասոցիացիան յիշատակում է 22 տարի առաջ Ադրբեջանի իշխանութիւնների կողմից Սումգայիթում, ինչպէս նաեւ յետագայ տարիներին Ադրբեջանի բազմաթիւ բնակավայրերում կազմակերպուած ջարդերը, որոնց հետեւանքով սպանուել, խոշտանգուել եւ զանգվածային բռնագաղթի է ենթարկուել Ադրբեջանի հայ բնակչութիւնը: Հաղորդագրութիւնում Ասոցիացիան միջազգային հանրութեան ուշադրութեանն է ներկայացնում նաեւ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան դէմ ուղղուած ագրեսիային եւ Ջուղայի հայկական խաչքարերի ոչնչացմանը որպէս Հայաստանի եւ հայ ժողովրդի դէմ շարունակւող ագրեսիայի եւ ատելութեան մթնոլորտի քարոզման արտայայտութիւն: Հայ ազգաբնակչութեան ջարդեր տեղի ունեցան Սումգայիթում 1988 թ. փետրուարի 26-29-ը: Դրանք ազգային բռնութեան առաջին բռնկումը դարձան նորագոյն խորհրդային պատմութեան մէջ: Սումգայիթի ջարդերը տեւեցին երեք օր եւ ուղեկցվեցին զանգվածային բռնութիւններով, թալանով ու սպանություններով: Սումգայիթյան իրադարձութիւններն ազդանշան էին Ադրբեջանում հերթական, իր մասշտաբներով աննախադէպ հակահայկական հետապնդումների ու բռնութիւնների, նոր ցեղասպանութեան ալիքի առաջացման: Այդ ալիքի զոհերը դարձան Կիրովաբադի, Ղազախի, Խանլարի, Դաշկեսանի, Մինգեչաուրի, Բաքուի ու Ադրբեջանի այլ քաղաքների ու գիւղերի հայ բնակչութիւնը: Դա փախստականների մեծ հոսք առաջացրեց Ադրբեջանից ու Լեռնային Ղարաբաղից դէպի Հայաստան: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտութիւնը սկսուեց 1988 թուականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) բնակչութեան 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը բռնութիւն իրականացրեց խաղաղ բնակչութեան դէմ: 1991-1994 թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդիւնքում հռչակուեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը: ԼՂՀ-ում կազմավորվեց պաշտպանութեան բանակը, ստեղծուեց ԼՂՀ անվտանգութեան գօտի, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնութիւն ձեռք բերուեց (Բիշքէկեան արձանագրութիւն): Ներկայումս հակամարտութեան կարգաւորմամբ զբաղւում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:
  -   Հասարակութիւն