Հայաստանի դեսպան Արմէն Մելքոնեանն այցելել է Ալեքսանդրիա<br />


Հայաստանի դեսպան Արմէն Մելքոնեանն այցելել է Ալեքսանդրիա

  • 25-02-2010 18:42:00   |   |  Քաղաքական
ԱԼԵՔՍԱՆԴՐԻԱ, 25 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմէն Մելքոնեանը փետրուարի 22-24-ին այցելել է Ալեքսանդրիայում, որտեղ նրան ընդունել է Ալեքսանդրիայի նահանգապետ, գեներալ Ադել Ալի Լաբիբը: Զրուցակիցները երկուստեք գոհունակութիւն են յայտնել հայ-եգիպտական բարեկամական յարաբերութիւնների զարգացման ընթացքի կապակցութեամբ եւ քննարկել Ալեքսանդրիայի նահանգի ընդգրկմամբ երկկողմ համագործակցութեան հեռանկարների հետ կապուած հարցեր: Մասնաւորապէս կարեւորվել է Ալեքսանդրիայի գործարարների ներգրաւումը հայ-եգիպտական գործարար ծրագրերում, նաեւ` այս տարուայ աշնանը Եգիպտոսում նախատեսւող Հայաստանի մշակոյթային օրերի շրջանակներում Ալեքսանդրիա քաղաքում որոշակի միջոցառումների կազմակերպումը: Ա.Մելքոնեանը հանդիպումեր է ունեցել նաեւ տեղի Գործարարների միութիւնում, Ալեքսանդրիայի գրադարանում եւ համալսարանում: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութեան հաղորդագրութեան, այցի ընթացքում Ա.Մելքոնեանը հիւրընկալուել է Ալեքսանդրիայի Հայոց առաջնորդարանում, ուր զրուցել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ` պարզաբանումներ տալով հայրենիքի շուրջ նրանց յուզող բազմաթիւ հարցադրումներին:
  -   Քաղաքական