ԵՄ-ն Հայաստանին տրամադրեց 34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցութիւն՝ նախագահ Ֆոն դեր Լայենի յայտարարութեան համապատասխան
19-06-2026 17:20:00 | | Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
1lurer.am Այսօր Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին հատկացրել է 34 միլիոն եվրո՝ մասնավոր հատվածի վրա Ռուսաստանի կողմից առևտրի սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով։ Նախագահ Ֆոն դեր Լայենի եւ վարչապետ Փաշինյանի հեռախոսազրույցից ընդամենը երկու շաբաթ անց ԵՄ-ն արդեն իսկ իրականացնում է Հայաստանի եւ նրա ժողովրդի աջակցության ուղղությամբ ստանձնած հանձնառությունները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչությունից:
Այս ֆինանսական աջակցությունը նախագահ Ֆոն դեր Լայենի կողմից հայտարարված համապարփակ աջակցության փաթեթի առաջին մասնաբաժինն է, որը ներառում է Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանն ուղղված առևտրի դյուրացման եւ համերաշխության միջոցառումներ։
Անցյալ ամիս կայացած ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ԵՄ-ն եւ Հայաստանը կշարունակեն սերտ համագործակցությունը՝ խորացնելով գործարար կապերը եւ ընդլայնելով հայկական արտադրողների համար շուկաների մատչելիությունը: Առևտրային սահմանափակումներից տուժած ոլորտները, ներառյալ ագրոպարենային արտադրության, ծաղկաբուծության եւ արտահանմանն ուղղված այլ ճյուղերը, կստանան լրացուցիչ աջակցություն՝ առևտրի խթանման նախաձեռնությունների, գործարար կապերի հաստատման միջոցառումների եւ շուկաների հասանելիության բարձրացմանն ուղղված նպատակային ծրագրերի միջոցով։
ԵՄ - Հայաստան տնտեսական դիմակայունության հարցերով հատուկ խումբը շարունակում է կանոնավոր հանդիպումները՝ ուղղորդելու եւ մշտադիտարկելու այդ միջոցառումների իրականացումը։
ԵՄ ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Մարթա Կոսը նշել է.
«Եվրոպական միությունը հաստատակամորեն կանգնած է Հայաստանի՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական եւ անկախ երկրի կողքին։ Մենք տրամադրում ենք ոչ միայն ֆինանսական աջակցություն, այլեւ օգնում ենք Հայաստանին ավելի հեշտացնել առևտուրն իր հարևանների եւ Եվրոպայի հետ։ Սա մեր ամենամոտ գործընկերներից մեկի նկատմամբ եվրոպական համերաշխության գործնական դրսևորումն է»։
Հուլիսի 5-ին հանձնակատար Կոսը կայցելի Հայաստան՝ Հայաստանի հետ համագործակցության շրջանակում հետագա գործնական քայլերը քննարկելու եւ դրանց խթան հաղորդելու նպատակով։
* Այս բնագիրը ինքնաշխատօրէն թարգմանուած է արհեստական բանականութեան (ԱԲ) կողմէ: