Աւարտուել է Բնապահպանական պետական տեսչության պետի եւ<br /> տեղակալի նկատմամբ յարուցուած քրէական գործի նախաքննութիւնը<br />


Աւարտուել է Բնապահպանական պետական տեսչության պետի եւ
տեղակալի նկատմամբ յարուցուած քրէական գործի նախաքննութիւնը

  • 18-02-2010 20:08:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Յատուկ քննչական ծառայութիւնում աւարտուել է ՀՀ Բնապահպանութեան նախարարութեան երկու աշխատակիցների կողմից կաշառք ստանալու դէպքի առթիւ յարուցուած քրէական գործի նախաքննութիւնը: Քրէական գործի նախաքննութեան օրինականութեան նկատմամբ հսկողութիւն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացութիւնը: Նախաքննությամբ պարզուել է, որ ՀՀ Բնապահպանութեան նախարարութեան աշխատակազմի Բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Արսէն Պետրոսեանը նախարարի հանձնարարագրի հիման վրայ 2009թ.-ին ստուգել է «Դելտա ֆրագմենտ» ՍՊԸ-ի կողմից շահագործւող «Երեւան քաղաքի Աստղիկի գիպսատար կավերի եւ բազալտների հանքավայր»-ում բնութեան պահպանութեան եւ բնական պաշարների արդիւնաւէտ օգտագործման բնագաւառի օրէնսդրութեան պահանջների կատարման վիճակը: Նշուած ընկերութեան կողմից շահագործւող հանքավայրում յայտնաբերուած բնապահպանական բնագաւառի օրինախախտումներն ստուգման ակտում չարձանագրելու եւ գանձման ենթակայ տուգանքի չափը նուազեցնելու համար Ա.Պետրոսեանը «Դելտա ֆրագմենտ» ՍՊԸ-ի տնօրէն Վարդան Ասլանեանից պահանջել եւ դեկտեմբերի 16-ի ժամը 15-ի սահմաններում ՀՀ կառավարութեան N 3 մասնաշէնքի 5-րդ հարկի միջանցքում ստացել է 400 հազար ՀՀ դրամ կաշառք: Բացի այդ, Ա.Պետրոսեանը բնապահպանութեան նախարարի 2009թ.-ի հոկտեմբերի 27-ի եւ նոյեմբերի 16-ի հանձնարարագրերի հիման վրայ ստուգել է «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ում բնական ռեսուրսների օգտագործման եւ պահպանման պահանջների կատարման վիճակը: Ա.Պետրոսեանը իր անմիջական ղեկավար Տիգրան Գրիգորեանի հետ համաձայնութեան գալով, իրենց լիազօրութիւնների շրջանակում յիշեալ ընկերութեան օգտին բնապահպանութեան բնագաւառում գործող օրէնսդրութեան պահանջների խախտումներն ստուգման ակտում ոչ ամբողջութեամբ արձանագրելու եւ այդկերպ պետական բիւջէ վճարման ենթակայ գումարը պակաս հաշվարկելու, ինչպէս նաեւ ՓԲԸ-ի` Լոռու մարզի Այրում-Ճոճկան ձորում գտնուող շրջանառու ջրամատակարարման համակարգը շահագործման յանձնելու ժամկէտը երկարաձգելու թույլտվություն տալու համար այդ ընկերութեան խորհրդի նախագահի օգնական Հրանտ Աւագեանից պահանջել եւ դեկտեմբերի 28-ի ժամը 17:30-ի սահմաններում իր աշխատասենեակում ստացել է 5 մլն ՀՀ դրամ կաշառք: Այդ մասին, Հ.Աւագեանի գնալուց յետոյ, Ա.Պետրոսեանն անմիջապէս տեղեկացրել է տեսչության պետ Տ.Գրիգորեանին եւ իր աշխատասենեակում վերջինիս տուել գումարի նրա մասնաբաժինը` 3 մլն 790 հազար դրամ: Մնացած 1 մլն 210 հազար դրամը Ա.Պետրոսեանը պահել է իր մօտ: Ըստ ՀՀ Գլխաւոր դատախազութեան մամլոյ հաղորդագրութեան, ձեռք բերուած ապացոյցների հիման վրայ Ա.Պետրոսեանին մեղադրանք է առաջադրուել ՀՀ Քրէական օրէնսգրքի 311-րդ յօդուածի 3-րդ մասի 3-րդ եւ 4-րդ մասի 2-րդ կետերով, իսկ Տ.Գրիգորեանին` ՀՀ քրէական օրէնսգրքի 311-րդ յօդուածի 4-րդ մասի 2-րդ կէտով: Քրէական գործն ուղարկուել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրաւասութեան առաջին ատեանի դատարան` ըստ էութեան քննելու համար:
  -   Հասարակութիւն