«Սպարտակը» գերեց Քենեդու անուան արուեստների կենտրոնի<br /> հասարակութեանը <br />


«Սպարտակը» գերեց Քենեդու անուան արուեստների կենտրոնի
հասարակութեանը

  • 18-02-2010 13:21:00   | ԱՄՆ  |  Մշակոյթ
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 18 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Իսկական յաղթական հերոսի պես` խլացուցիչ օվացիայով, դիմաւորեցին երեքշաբթի վաշինգտոնցիները «Սպարտակ» ներկայացումը: «Հիացմունքի անզուսպ պայթիւն», ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակցի, առաջացրեց հասարակութեան մէջ Արամ Խաչատրեանի լեգենդար բալետը Եուրի Գրիգորովիչի բեմադրութեամբ, որով իր հիւրախաղերն սկսեց ԱՄՆ-ում Ռուսաստանի Մեծ թատրոնը: Վաշինգտոնի ամենախոշոր համերգային համալիրը` Քենեդու անուան արուեստների կենտրոնը լեփ-լեցուն էր: Շատ հանդիսականներ երեխաների հետ էին: «Սպարտակը» Մեծ թատրոնում բեմադրուել է 1968 թուականին, հսկայական հաջողութեամբ շրջագայել տասնեակ երկրներում, մի քանի պտոյտ գործելով երկրագնդի շուրջ: Պարարուեստի այս «բլոկբաստերը» ստրուկների ապստամբութեան մասին քանիցս ներկայացուել է նաեւ ԱՄՆ-ում, սակայն ամերիկեան հանդիսականը նախկինի պես նրան սպասում է անհամբերութեամբ: Ներկայիս «Սպարտակը» արդարացրեց ամերիկացիների սպասումները: Քենեդու կենտրոնի հասարակութեանը տառացիօրէն ցնցեց 21-ամեայ շնորհալի պարող Իվան Վասիլեւը, որը հանդէս էր գալիս գլխաւոր դերում: Նա ոչնչով` ոչ տեխնիկապղէս, ոչ դերասանական առումով, ոչ միայն չզիջեց, այլեւ կրքերի շիկացումով նոյնիսկ գերազանցեց իր անուանի ազգանվանակից Վլադիմիր Վասիլեւին, Սպարտակի առաջին դերակատարին: Հոյակապ Մորիս Լիեպային յիշեցրեց Բալետի պետական ակադեմիայի մենապարող Ալեքսանդր Վոլչկովը, որը չափազանց համոզիչ էր Կրասոսի դերում: Անթերի էին նաեւ կանանց դերակատարները` Մեծ բալետի պրիմաներ Նինա Կապցովան եւ Մարիա Ալլաշը: Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակցի, «հրաշալի էր ամէն բան` եւ կախարդ բեմանկարիչ Սիմոն Վիրսալաձեի հինաւուրց թանկագին որմնանկար յիշեցնող դեկորացիաները, եւ Խաչատրեանի հանճարեղ երաժշտութիւնը, որ հնչում էր ամերիկեան նուագախմբի կատարմամբ Պաւել Սորոկինի գլխաւորութեամբ»: Դահլիճը ռուսաստանցիներին պարգեւատրեց երկարատեւ ծափահարություններով: Երբ ներկայացման վերջում բեմ դուրս եկաւ Եուրի Գրիգորովիչը, հանդիսատեսները ոտքի կանգնեցին ողջունելու 83-ամեայ վարպետին:
  -   Մշակոյթ