ՀՀ սփիւռքի նախարարն ընունեց Հայ Կաթողիկէ Պատրիարքարանի<br /> «Սբ.Գրիգոր Նարեկացի» կենտրոնի տնօրենին եւ հայագիտութեան<br /> զարգացման գրասենեակի վարիչին<br />


ՀՀ սփիւռքի նախարարն ընունեց Հայ Կաթողիկէ Պատրիարքարանի
«Սբ.Գրիգոր Նարեկացի» կենտրոնի տնօրենին եւ հայագիտութեան
զարգացման գրասենեակի վարիչին

  • 12-02-2010 11:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հայաստանում են գտնւում Հայ Կաթողիկէ Պատրիարքարանի «Սբ. Գրիգոր Նարեկացի» կենտրոնի տնօրէն Վարդան վարդապետ Գազանճեանը եւ նոյն կենտրոնի Դպրոցական հայագիտութեան զարգացման գրասենեակի վարիչ Վարդան Թաշճեանը: Այցի նպատակն է Սփիւռքի կրթական համակարգի հետ առնչութիւն ունեցող Հայաստանի պետական մարմիններին ներկայացնել բոլորովին վերջերս Բեյրութում լոյս տեսած «Հայ մանկավարժ» ուսումնասիրական-մանկավարժական հանդէսի առաջին համարը: Երեւանում սփիւռքահայ գործիչներին ընդունեց Հայաստանի Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը: Նախատեսւում են նաեւ նրանց հանդիպումները Հայաստանի Գիտութեան եւ կրթութեան նախարար Արմէն Աշոտեանի, ինչպէս նաեւ հայաստանեան մի շարք բուհերի ռեկտորների հետ: ՀՀ սփիւռքի նախարարի հետ հանդիպմանը ծաւալուած շահագրգիռ քննարկման ժամանակ նշուեց, որ համահայկական դասագիրք հայոց լեզուի եւ պատմութեան վերաբերեալ Սփիւռքում չկայ, իւրաքանչիւր ուսուցիչ իւրովի է լուծում հարցը, ուստի ոչ միայն նման դասագրքերի, այլեւ դպրոցական կրթութեան մեթոդոլոգիա մշակելու կարիք կայ: Նախարար Յակոբեանը առաջարկեց հիւրերին Լիբանան վերադառնալուց յետոյ 20-օրեայ ժամկէտում իրեն տրամադրել ուսուցիչների ցանկը, որոնք վերապատրաստում կանցնեն Հայաստանում: Նախարարը յայտնեց, որ մայիսի 29-30-ը նախարարութեան նախաձեռնութեամբ Երեւանում անցկացուելու է «Արեւմտահայերենի ուսուցման վիճակը Սփիւռքում» թեմայով գիտակրթական համաժողով: Հ.Յակոբեանը հիւրերին ներկայացրեց Հայաստանի կառավարութեան, ինչպէս նաեւ Սփիւռքի նախարարութեան առաջիկայ ծրագրերը: Մասնաւորապէս, տեղեկացվեց, որ նպատակ կայ ստեղծել Ազգային խորհուրդ, որն իրենից ներկայացնելու է համահայկական համակարգող ղեկավար մարմին, որում հաւասար մասնակցութիւն են ունենալու Հայաստանի եւ Սփիւռքի ներկայացուցիչները. ըստ ուսումնասիրությունների, այսօր Սփիւռքում կայ 30 հազար հայկական կազմակերպութիւն: Սփիւռքում հնարաւոր կազմակերպչական աշխատանքը Սփիւռքի կառոյցներում իրականացնելուց յետոյ միայն հնարաւոր է սկսել Ազգային խորհրդի ձեւաւորման աշխատանքները, որի կառուցուածքի եւ կանոնակարգի, աշխատակարգի վերաբերեալ կարծիքներ եւ առաջարկութիւններ ակնկալում ենք լսել սփյուքյան կազմակերպություններից, անհատներից, լրագրողներից: Լիբանանահայ հիւրերը հրաւիրեցին նախարարին ներկայ գտնուել ինչպէս այս փետրուարին կայանալիք «Հայ մանկավարժ» ուսումնասիրական-մանկավարժական պարբերականի շնորհանդէսին, այնպէս էլ «Սբ. Գրիգոր Նարեկացի» կենտրոնի շէնքի բացման հանդիսութիւններին, որը տեղի կունենայ ապրիլ ամսին:
  -   Հասարակութիւն