Տալլինում կայացել է «Հայերը» գրքոյկի շնորհանդէսը<br />


Տալլինում կայացել է «Հայերը» գրքոյկի շնորհանդէսը

  • 06-02-2010 12:42:00   |   |  Մշակոյթ
ՏԱԼԼԻՆ, 8 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Փետրուարի 4-ին Տալլինում կայացաւ էստոներեն լոյս տեսած «Armeenlased» («Հայերը») գրքոյկի շնորհանդէսը: Հրատարակութիւնը Ինտեգրացիայի եւ միգրացիայի նպատակային հաստատութեան հովանաւորութեամբ «Իլո» հրատարակչութեան կողմից լոյս տեսնող «Էստոնիայի ազգութիւնները» մատենաշարի հերթական գրքոյկներից մէկն է: Տալլինցիներ Արմէնուհի Ղազարեանի եւ Իտա Սերմանի կազմած 55 էջանոց ժողովածուն ներառում է Հայաստանի մասին ճանաչողական համառոտ տեղեկութիւններ` ինչպէս աշխարհագրական դիրքի եւ նրա բնութեան, այնպէս էլ պատմութեան, գրականութեան, երաժշտութեան, հայոց լեզուի եւ գրերի, ժողովրդական սովորոյթների մասին: Առանձին բաժնով հիշատակության է արժանացել նաեւ հայկական ազգային խոհանոցը` որոշ ճաշատեսակների պատրաստման բաղադրատոմսերով: Ինչպէս հաղորդել են Էստոնական Ռադիո-4-ի «Ծիծեռնակ» հայկական ծրագրի խմբագրութիւնից, հրատարակութիւնն ունի փոքրիկ Էստոնիայի համար նշանակալի` 2500 օրինակ տպաքանակ, որ ֆինանսաւորուել է Էստոնիայի կրթութեան եւ գիտութեան նախարարութեան կողմից եւ նախատեսուած է երկրի դպրոցներում անվճար տարածելու, ինչպէս նաեւ գրադարանների համար: Գրքոյկը ճանաչողական լաւ ձեռնարկ է Հայաստանի եւ նրա ժողովրդի մասին ոչ միայն էստոնացի դպրոցականների, այլեւ մեծահասակ ընթերցողների համար: Նշենք, որ սա հայկական թեմայով էստոներեն երկրորդ հրատարակութիւնն է վերջին տարիների ընթացքում: 2005 թուականին Հայոց ցեղասպանութեան 90-ամեակի առթիւ 800 օրինակ տպաքանակով լոյս էր տեսել պրոֆեսոր Լեմբո Տաննինգի «Հայկական հարց» գիրքը:
  -   Մշակոյթ