Մարդու իրաւունքների պաշտպանութիւնը վեր է ցանկացած<br /> քաղաքական շահերից,- յայտարարում է ՀՀ ՄԻՊ-ի հաստատութիւնը<br />


Մարդու իրաւունքների պաշտպանութիւնը վեր է ցանկացած
քաղաքական շահերից,- յայտարարում է ՀՀ ՄԻՊ-ի հաստատութիւնը

  • 25-01-2010 17:36:00   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 25 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ադրբեջանի օմբուդսման Էլմիրա Սուլեյմանովան լրագրողների հետ յունվարի 25-ի հանդիպման ընթացքում յայտարարել է, թէ «հայկական կողմի այն պնդումները, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Մարդու իրաւունքների պաշտպանի հաստատութիւնը անդամագրուել է Եւրոպական Օմբուդսմանների Ինստիտուտին (EOI) չի համապատասխանում իրականութեանը, որ իրենք EOI-ի կառավարման խորհրդի փետրուարի 4-ին նախատեսւող նիստում պատրաստւում են վիճարկել ԼՂՀ Օմբուդսմանի հաստատութեան լեգիտիմութիւնը: Նշուածի կապակցութեամբ ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժինը պարզաբանում է, որ 2009թ.-ի օգոստոսի 31-ին EOI-ի գործադիր մարմնի որոշմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Մարդու իրաւունքների Պաշտպանի հաստատությանը շնորհուել է EOI-ի լիարժէք (ինստիտուցիոնալ) անդամի կարգավիճակ: Աւելին, 2009թ.-ի հոկտեմբերի 5-ին Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում տեղի է ունեցել EOI-ի հերթական ամենամեայ ընդլայնուած համաժողովը, որի ընթացքում ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնեյանը ընտրուել է EOI-ի կառավարման խորհրդի անդամ: Ընտրութիւններին մասնակցել են մօտ 60 երկրների ներկայացուցիչներ, այդ թւում նաեւ ԼՂՀ օմբուդսման Եուրի Հայրապետեանը` որպէս կազմակերպութեան լիիրաւ անդամ: «Կարծում ենք ԼՂՀ օմբուդսմանի հաստատութեան այս միջազգային ճամաչումը եւ EOI-ին անդամագրուելու փաստը ապացոյց է այն համոզման, որ մարդու իրաւունքների պաշտպանութիւնը համամարդկային արժէք է եւ վեր է կանգնած ցանկացած քաղաքական կամ, ինչպէս տուեալ դէպքում, նեղ անձնային շահերից: Ստեղծուած պայմաններում մեզ, հաւանաբար, մնում է սպասել տիկին Սուլեյմանովայի պաշտօնական շնորհաւորական ուղերձին»,- ասուած է ՀՀ ՄԻՊ-ի հաստատութեան պարզաբանման մէջ:
  -   Մարդու իրաւունքներ