Գլենդէյլի Համայնքային Քոլեջի Հոգաբարձուների խորհրդի անդամ՝ Դոկտ.Վահէ Փիրումեանի հետ
26-03-2011 13:56:29 | ԱՄՆ | Հարցազրոյցներ
Դոկտոր Վահէ Փիրումեանը 32 տարի է, որ ապրում է Գլենդէյլում, եւ ականատես է եղել մեր հասարակութեան աճին, բազմատարրութեանն ու նրա դիմագրաւած դժուարութիւններին:
Լինելով Գլենդէյլի Հայ Դատի Յանձնախմբի գործունեայ անդամներից մէկը, մասնակից
է եղել համայնքի ազգային, հասարակական եւ քաղաքացիական աշխատանքներին եւ նպաստել է համայնքի ու քաղաքի պաշտօնատարների հետ փոխադարձ կապի սերտացմանը: Իր բարձրագոյն ուսումը ստացել է Լոս Անջելըսի Քալիֆորնիայի Համալսարանից, բակալաւոր է դարձել 1987-ին եւ մագիստրոսականը ստացել է 1990-ին, իսկ դոկտորական տիտղոսը (Ph.D.) ստացել է 1994-ին UCLA համալսարանից, ուր եւ ներկայիս աշխատում է որպէս հետազօտող գիտնական՝ տիեզերական ֆիզիկայի (Space Physics)-ի ճիւղում: Նրա հետազօտութիւնները ֆինանսաւորում են գիտական աշխարհում հեղինակութիւն վայելող NASA-ն եւ Գիտութեան ազգային հիմնարկութիւնը (National Science Foundation): Աւելի քան 26 տարի եղել է դասատու եւ այժմ էլ, իր հետազօտութիւնների կողքին ֆիզիկա եւ աստղագիտութիւն է դասաւանդում UCLA-ում, ուր վաստակել է ֆիզիկայի եւ աստղագիտութեան բաժանմունքի լաւագոյն դասաւանդման մրցանակներ: Վահէ Փիրումեանը նաեւ դասաւանդում է University of Phoenix, հեռակայ ուսուցման համալսարանում առցանց (online) կարգով, որտեղ դասաւանդել է վերջին 11 տարիների ընթացքում:
2005 թուականին, 16 թեկնածուների միջից, Վահէ Փիրումեանը ընտրուեց իբրեւ Գլենդէյլ Քոլէջի Հոգաբարձուների խորհրդի անդամ. ապա՝ մասնակցելով 2007-ի ընտրութիւններին
վերընտրուեց իբրեւ նոյն մարմնի անդամ: Այս տարուայ ընտրութիւններին դարձեալ իր թեկնածութիւնն է առաջադրել Համայնքային Քոլեջի Հոգաբարձուների կազմում վերընտրուելու համար: Վահէ Փիրումեանի թեկնածութիւնը հովանաւորել են Կոնգրեսական Ադամ Շիֆը, Նահանգային Սենատոր Քարոլ Լիուն, Նահանգային Ներկայացուցիչների Տան անդամ Անթընի Փորթանթինոն, Գլենդէյլի Քաղաքապետ Արա Նաջարեանը, Գլենդէյլ Քոլեջի
հոգաբարձուներ՝ Արմինէ Յակոբեանը, Անիթա Գաբրիելեանը եւ Ան Րանսֆըրդը եւ մի շարք կազմակերպութիւններ, ինչպիսին են Քալիֆորնիա Նահանգի Դպրոցների Աշխատողների
Ընկերակցութիւնը եւ Հիւսիսային Լոս Անջելըսի Կորէացի-Ամերիկացիների ֆեդերացիան: Վահէ Փիրումեանի թեկնածութեան իր հովանավորութիւնն է բերել նաեւ Գլենդէյլ Նիուզ Փրեսը։
- Ի՞նչ է եղել ձեր հետապնդած հիմնական խնդիրը հոգաբարձութեան խորհրդի անդամակցութեան անցնող շրջանում:
- Որպէս Հոգաբարձուների Խորհրդի անդամ եւ 2009-ից 2010 թուականներին նոյն խորհրդի ատենապետ, առաջին հերթին իմ մտահոգութեան եւ ուշադրութեան կենտրոնում է եղել քոլեջի աշակերտութիւնը: Աշակերտութիւն, որի խոշոր տոկոսը հայեր են: Մեր աշակերտների մի մասը նոր են մուտք գործել այս երկիրը եւ աշխատանք ու եկամուտ ապահովելու համար օգտւում են քոլեջի դասարաններից նոր հմտութիւններ ձեռք բերելու համար, իսկ միւս մասը
երիտասարդներ են, որ իրենց բարձրագոյն ուսման հիմքերն են ամրապնդում Գլենդէյլի քոլեջում: Ինձ համար այդ երկու խմբերին սպասարկելը եւ նրանց պահանջներին ու ակնկալիքներին գոհացում տալը առաջնահերթութիւն է, եւ յետոյ, կարելի է մտածել այլ հարցերի մասին:
-Ի՞նչ ձեռքբերումներ էք ունեցել իբրեւ հոգաբարձուների խորհրդի անդամ:
-Իմ անդամակցութեան շրջանում նպաստել եմ մի շարք հիմնական ծրագրերի իրագործմանը, որոնցից կարելի է նշել՝ շինարարական աշխատանքները կառուցելու
համար 1100-տեղանոց ինքնաշարժների կանգառը արդիական արեգակնային էներգիայի
համապատասխան սարքաւորումներով օժտուած, Քոլեջի վերատեսուչ` Դան Լինդսիի նշանակումը եւ հինգ տոկոսանոց պահեստային դրամագլխի առաջացումը: Գարֆիլդի համալիրի նոր շէնքի շինարարութեան հարցով եղել եմ շինարարութեանը վերահսկող
հոգաբարձուների խորհրդի լիազօրներից մէկը եւ պէտք է նշեմ, որ այդ շէնքը նահանգային
մակարդակում այն հինգ քոլեջային շէնքերից է, որոնք կառուցուել են design-built եղանակով։ Շէնքը համապատասխանում է նաեւ LEED Green շինարարական չափանիշերին: Մասնակցել եմ Verdugo Power ակադեմիայի ստեղծմանը, որը կատարուեց Գլենդէյլի ջրի եւ Էլեկտրականութեան Բաժանմունքի հետ համագործակցաբար եւ ապահովում է նոյն բաժանմունքի աշխատուժը: Ուրախութեամբ պէտք է արձանագրեմ, որ այս հիմնարկութեան միջոցով հենց այս տնտեսական ճգնաժամային պայմաններում մեծ թուով քաղաքացիներ աւարտելով այդ դասընթացները աշխատանքի են անցել նոյն բաժանմունքի մէջ:
-Ինչպէ՞ս էք գնահատում անցնող շրջանի Հոգաբարձուների Խորհրդի աշխատանքը:
-Տարուած աշխատանքը բաւական բարձր եմ գնահատում եւ ցաւում եմ, որ որոշ անձինք
ընտրական նկատառումներով փորձում են հարցականի տակ դնել Գլենդէյլի Համայնքային
Քոլեջի վերջին տարիների ձեռքբերումները: Հակառակ ֆինանսական ծանր պայմանների,
մենք կուրսեր չենք կրճատել, չենք թողել աշակերտները զրկուեն իրենց դասարաններից՝ մի երեւոյթ, որ պատահել է բազմաթիւ այլ, հենց մեզ շրջապատող քաղաքների քոլեջներում: Մենք ոչ միայն չենք նուազեցրել մեր ծառայութիւնները, դեռ որոշ ճիւղերում առաւել աճ ենք արձանագրել: Քոլեջի Հոգաբարձուների Խորհուրդը անցնող շրջանում աշխատեց մէկ մարմնի պէս եւ կազմի անդամները միասնականութեամբ դիմագրաւեցին բոլոր դժուարութիւնները: Հոգաբարձութիւնը յոյսով է, որ նոյն եղանակը կը շարունակուի յաջորդ շրջանում:
-Ձեր կարծիքով Քոլեջի անձնակազմը բաւարար չափով բազմատարր է՞:
-Քոլէջի աշակերտութեան պատկերը հարազատ արտացոլումն է քաղաքի բնակչութեան պատկերի, իսկ պաշտօնէութեան ու դասախօսների պատկերը ամբողջութեամբ այդպիսին
չէ: Իմ նպատակններից մէկն այն է, որ նոյն բազմատարրութիւնը ունենան նաեւ այդ
կազմերը: Դասախօսական կազմի եւ աշխատակազմի բազմերանգութիւնը այնպէս պէտք է լինի, որ համապատասխանի Գլենդէյլի բազմերանգ բնակչութեան պատկերին: Միաժամանակ կարեւոր խնդիր է նաեւ այն, որ դասախօսական կազմի բազմատարր դարձնելու աշխատանքը իրականանայ Քոլէջի կրթական մակարդակի պահպանման
հետ զուգընթաց:
-Ի՞նչ նպատակներ էք հետապնդում յառաջիկայ շրջանի համար:
-Պէտք է զարգացնել եւ ընդլայնել առցանց (online) ծրագրի եւ դասընթացների
իրագործումը քոլեջում: Միջոցներ որոնել, իջեցնելու դասագրքերի գները՝ դրանք աւելի
դիւրամատչելի դարձնելու աշակերտութեան համար… Այդ հարցում ուսումնասիրել «բաց աղբիւրով» դասագրքերի օգտագործման հնարաւորութիւնները: Այնպէս յարմարուել ֆինանսական դժուարութիւններին ու կրճատումներին, որ առաւելագոյն թուով աշակերտներ ներգրաւուեն դասարաններում:
-Ի՞նչ ծրագրեր ունէք տնտեսական դժուարութիւնները դիմագրաւելու համար:
-Բացի վերում նշուած միջոցառումներից նաեւ պէտք է համագործակցել պետական եւ դաշնակցային օրէնսդիր մարմինների հետ, որպէսզի բարձրացնեն համայնքային
քոլեջների ֆինանսաւորումը: Կան մի շարք կազմակերպութիւններ ու հիմնարկութիւններ,
որոնց եւս պէտք է դիմենք նոր վարկեր ստանալու համար:
-Ի՞նչ խօսք ունէք հայ համայնքին Գլենդէյլ Քոլէջը պէտք է շարունակի իր ծառայութիւնը
Գլենդէյլի քաղաքացիներին եւ հայ համայնքին:
-Որքան աւելի փորձառու եւ բարձրագոյն կրթութեան ասպարէզին ծանօթ մարդիկ լինեն հո
գաբարձուների խորհրդի կազմում, այնքան աւելի կը երաշխաւորուի այդ ծառայութեան անխափան ընթացքը: Հայ քաղաքացիները եւս առիթն ունեն մասնակցելու քուէարկութիւններին՝ իրենց քուէով ընտրելու քաղաքի՝ քաղաքական եւ կրթական
ղեկավարութիւնը։ Ուրեմն, կարեւոր է նախ մեծ թուով մասնակցել քուէարկութիւններին,
եւ դեռ աւելին՝ ընտրել այն թեկնածուներին, որոնք իրենց կրթութեամբ, պատրաստութեամբ, փորձառութեամբ եւ ապագայի տեսլականով ատակ լինեն գործին։
«ՕՐԱԿԱՐԳ» Գլենդէյլի Պարբերաթերթ
Մարտ 2011