ՀՀ ԿԲ-Ն ՎԵՐԱՎԱՐԿԱՆՇԵԼ Է 6 ՁԵՌՆԱՐԿՈՒԹԻՒՆՆԵՐ<br />


ՀՀ ԿԲ-Ն ՎԵՐԱՎԱՐԿԱՆՇԵԼ Է 6 ՁԵՌՆԱՐԿՈՒԹԻՒՆՆԵՐ

  • 25-03-2008 16:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Կենտրոնական բանկը վերավարկանշել է 6 ձեռնարկութիւններ, որոնք, ըստ ՀՀ ԿԲ-ի մամուլի ծառայութեան, ստացել են հետեւեալ վարկանիշերը. «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ին շնորհուել է «Բ-» վարկանիշ (նախկին վարկանիշը` «Գ+»), «Ռենկօ արմէսթեյթ» ՍՊԸ-ին` «Բ-» («Գ»), «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ին` «Գ+» («Գ»), «Երեւան հիւրանոց» ԲԲԸ-ին` «Գ+» («Գ-»), «Միլլ ԱԳ» ՓԲԸ-ին` «Գ» («Գ-»), իսկ «Ռոյալ Արմէնիա» ՀՁ ՍՊԸ-ին շնորհուել է «Գ» վարկանիշ (նախկին վարկանիշը` «Գ-»): Ներկայիս դրութեամբ, ՀՀ ԿԲ-ից «Բ+»-ից «Դ» վարկանիշեր են ստացել հայկական 36 ընկերութիւններ: ՀՀ ԿԲ-ն ձեռնարկութիւնների վարկանշումն իրականացնում է դրանց վարկային պատմութեան, ֆինանսական վիճակի եւ գործունէութեան որակական գնահատականների արժէքները հինգ բալանոց համակարգով գնահատելու եւ ամփոփելու հիման վրայ: Առաւելագոյն վարկանիշ է հանդիսանում «Ա+» վարկանիշը, իսկ նուազագոյն` «Զ» վարկանիշը: 4,9 եւ բարձ գնահատական ստացած ձեռնարկութիւններին տրւում է «Ա+» վարկանիշ, 4,75-4,9 ստացածներին` «Ա» վարկանիշ, 4,6-4,75 ստացածներին` «Ա-», 4,45-4,6 ստացածներին` «Բ+», 4,25-4,45 ստացածներին` «Բ», 4,1-4,25 ստացածներին` «Բ-» վարկանիշ: 2 եւ ցածր գնահատական ստացած ձեռնարկութիւններին շնորհւում է «Զ» վարկանիշ: «Ա», «Բ» եւ «Գ» վարկանիշ ստացած ձեռնարկութիւնների կողմից թողարկված պարտատոմսերը ՀՀ Կենտրոնական բանկը պատրաստ է ընդունել որպէս գրաւ` բանկերի հետ ռեպո համաձայնագրերի կնքման ժամանակ: Բարձր վարկանիշ ստացած ձեռնարկութիւններին առեւտրային բանկերի կողմից տրուած վարկերի, ինչպէս նաեւ առեւտրային բանկերի կողմից` բարձր վարկանիշ ստացած ձեռնարկութիւնների պարտատոմսերի գնման համար ՀՀ ԿԲ-ն սահմանուել է բանկերի ակտիւների ռիսկերի կշռման արտօնեալ սանդղակ, ինչը շահագրգռում է բանկերին վարկաւորել բարձր վարկանիշ ստացած ձեռնարկութիւններին, ինչպէս նաեւ ձեռք բերել այդ ձեռնարկութիւնների կողմից թողարկված պարտատոմսերը:
  -   Տնտեսութիւն