ՀՀ ԿԲ-Ն ԲԱՐՁՐԱՑՐԵԼ Է ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՒՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ<br /> 0,25%-ՈՎ` ՍԱՀՄԱՆԵԼՈՎ ԱՅՆ 6,25%-ՈՎ<br />


ՀՀ ԿԲ-Ն ԲԱՐՁՐԱՑՐԵԼ Է ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՒՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ
0,25%-ՈՎ` ՍԱՀՄԱՆԵԼՈՎ ԱՅՆ 6,25%-ՈՎ

  • 04-03-2008 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի մարտի 4-ի նիստում ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը բարձրացրել է վերաֆինանսաւորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կէտով` սահմանելով այն 6,25%: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ Կենտրոնական բանկի մամլոյ ծառայութիւնից, 2008թ.-ի փետրուարին յունվարի նկատմամբ արձանագրուել է 1,1% գնաճ, որի պարագայում 12-ամսեայ գնաճը կազմել է 7,5%` 0,9 տոկոսային կէտով բարձր լինելով նախորդ տարուայ վերջում արձանագրուած մակարդակից: ԿԲ խորհուրդը հաստատել է, որ նախորդ կանխատեսումներով համաշխարհային շուկաներում մատնանշուած գնաճային միտումների խորացման վերաբերեալ ռիսկերը սկսում են դրսեւորվել եւ ամենայն հաւանականութեամբ կպահպանուեն մօտ ապագայում: Միաժամանակ, սկսում են արտայայտուել նաեւ նախորդ ժամանակահատուածից փոխանցվող հավելուրդային պահանջարկի ազդեցութիւնները: Առաջիկայում մասնաւոր սպառման աճի տեմպերի աւելացումն ու առաւել ընդլայնողական հարկաբիւջետային քաղաքականութիւնը շարունակում են պահպանել գնաճային ճնշումները: ԿԲ խորհուրդը համակարծիք է, որ առկայ գնաճային ճնշումները կրում են հիմնականում արտաքին զարգացումների ազդեցութիւնը, որոնց չէզոքացումը դրամավարկային քաղաքականութեան գործիքների միջոցով հնարաւոր չէ: Այս պայմաններում դրամավարկային քաղաքականութեան աստիճանական խստացումը ուղղուած է նշուած զարգացումների երկրորդային ազդեցութիւնների եւ դրանցով պայմանաւորուած գնաճային սպասումների մեղմմանը:
  -   Տնտեսութիւն