ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԱՆՎԱՒԵՐ ՃԱՆԱՉԵԼ<br /> «ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԵՏԳՐԱՆՑՄԱՆ<br /> ՄԱՍԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԸ<br />


ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԱՆՎԱՒԵՐ ՃԱՆԱՉԵԼ
«ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԵՏԳՐԱՆՑՄԱՆ
ՄԱՍԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԸ

  • 29-09-2008 19:52:00   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Ազգային վերածնունդ» կուսակցութիւնը մարտի 13-ին վերակազմակերպուել է` միանալով Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցութեանը (ՀՌԱԿ): Ըստ ՀՀ Արդարադատութեան նախարարութեան Իրաւաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալութեան, վերակազմակերպման գրանցման համար ներկայացուել են «Իրաւաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրէնքով սահմանուած փաստաթղթերը: Սակայն, յուլիսի 27-ին «Ազգային վերածնունդ» կուսակցութեան քաղխորհրդի անդամ, Աշտարակ քաղաքի բնակիչ Սիմոն Գրիգորեանը եւ դիմումը ստորագրած միւս անձինք ՀՀ մարդու իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնյանին յայտնել են, որ կուսակցութեան խորհրդի նիստին, որտեղ ընդունուել է ՀՌԱԿ-ին միանալու որոշումը, ներկայ են եղել խորհրդի անդամներից ընդամէնը 5-ը, մինչդեռ համաձայն Կանոնադրութեան 8.5 կէտի խորհրդի նիստն իրաւազօր է, եթէ նրան մասնակցում են անդամների 2/3-ը, այսինքն տուեալ պարագայում 6 անդամ: Դիմումատուների պնդմամբ, տուեալ դէպքում խախտուել են «Կուսացությունների մասին» ՀՀ օրէնքի մի շարք դրոյթներ: Ղեկավարվելով «Մարդու իրաւունքների պաշտպանի մասին» ՀՀ օրէնքի 12-րդ յօդուածի 1-ին մասի 3-րդ եւ 6-րդ կէտերի պահանջներով, Ա.Յարութիւնեան դիմել էր ՀՀ ԱՆ Իրաւաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալութեան պետ Ա.Գեւորգեանին` առաջարկելով 5-օրեայ ժամկէտում ներկայացնել պարզաբանումներ դիմումում նշուած տեղեկութիւնների վերաբերեալ, ինչպէս նաեւ տրամադրել «Ազգային վերածնունդ» կուսակցութեան քաղաքական խորհրդի անդամների կազմը եւ վերակազմակերպման համար ներկայացուած փաստաթղթերի պատճեները: ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանի գրությանն ի պատասխան ՀՀ ԱՆ իրաւաբանական անձանց ռեգիստրի գրանցման գործակալութիւնից կուսակցութեան քաղաքական խորհրդի թուակազմի կապակցութեամբ պատասխանել են, որ կուսակցութեան սկզբնական գրանցումից յետոյ ցանկացած ժամանակ կուսակցութիւնն իր կողմից հերթական կամ արտահերթ համագումարներով կարող էր փոխել իր քաղաքական խորհրդի անդամերի թուակազմը եւ այդ մասին չտեղեկացնել գրանցող մարմնին, քանի որ գրանցման են ենթակայ կուսակցութեան կանոնադրութեան, ծրագրի եւ ղեկավարի փոփոխութիւնները: Ըստ Ս.Գրիգորեանի ի լրումն դիմումի, «Ազգային վերածնունդ» կուսակցութեան վերակազմակերպման մասին որոշումը կայացուել է հերթական երկրորդ, իսկ առաջին համագումարում հաստատուած է եղել կուսակցութեան քաղաքական խորհրդի անդամների 9 հոգանոց թվակազմ, որը կարող էր փոփոխութեան ենթարկուել միայն համագումարի միջոցով: Վերոգրյալից պարզ է դառնում, որ անդամների թուակազմում փոփոխութիւններ տեղի չեն ունեցել, հետեւաբար 5 անդամի մասնակցութեամբ կայացած որոշումը չէր կարող հիմք հանդիսանալ կուսակցութեան համագումարի հրավիրման համար: Բացի այդ, կուսակցութեան քաղխորհրդի անդամներից 3-ի կողմից 2007թ. դեկտեմբերի 5-ին ՀՀ ԱՆ դիմում է հասցեագրուել նման օրակարգով նիստին մասնակցութիւնից հրաժարուելու եւ քաղխորհրդի անդամներից չորրորդի կողմից` կուսակցութեան քաղաքական խորհրդից եւ կուսակցութիւնից դուրս գալու մասին: Չնայած կատարուված նախազգուշացումներին, 2008թ. մարտի 13-ին կատարուել է կուսակցութեան վերակազմակերպման մասին պետական գրանցումը: «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարոյթի մասին» ՀՀ օրէնքի 63-րդ յօդուածի 2-րդ մասի համաձայն ոչ իրավաչափ վարչական ակտը կարող է անվաւեր ճանաչուել այդ ակտն ընդունող վարչական մարմնի կամ դրա վերադաս մարմնի կողմից, ինչպէս նաեւ դատական կարգով: Ղեկավարվելով «Մարդու իրաւունքների պաշտպանի մասին» ՀՀ օրէնքի 15-րդ յօդուածի 1-ին մասի 1-ին կէտով Ա.Յարութիւնեյանը առաջարկել է ՀՀ ԱՆ պետական ռեգիստրի գործակալութեան պետին վերացնել խախտումը եւ սահմանուած կարգով անվաւեր ճանաչել կուսակցութեան վերակազմակերպման պետական գրանցման մասին վարչական ակտը` ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարոյթի մասին» ՀՀ օրէնքով:
  -   Մարդու իրաւունքներ