ՍԻՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՈՒԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱՐԴԻՒՆՔՈՒՄ<br /> ՀՀ ՎՊ-Ն ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՄԱՄԲ ՅԱՅՏՆԱԲԵՐԵԼ Է 180,2 ՄԼՆ ԴՐԱՄԻ, ԻՍԿ<br /> ՄԱՐԶԻ 23 ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ` 394 ՄԼՆ ԴՐԱՄԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ<br />


ՍԻՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՈՒԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱՐԴԻՒՆՔՈՒՄ
ՀՀ ՎՊ-Ն ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՄԱՄԲ ՅԱՅՏՆԱԲԵՐԵԼ Է 180,2 ՄԼՆ ԴՐԱՄԻ, ԻՍԿ
ՄԱՐԶԻ 23 ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ` 394 ՄԼՆ ԴՐԱՄԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

  • 24-09-2008 19:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Վերահսկիչ պալատը ընթացիկ տարուայ առաջին կիսամեակում Սիւնիքի մարզպետարանում անցկացուած ստուգումների արդիւնքում յայտնաբերել է ընդհանուր առմամբ 180,2 մլն դրամի, իսկ մարզի 23 համայնքներում` շուրջ 394 մլն դրամի չափով տարբեր բնոյթի խախտումներ: Այս մասին սեպտեմբերի 24-ի ասուլիսում յայտնեց ՎՊ-ի նախագահ Իշխան Զաքարյանը: Ըստ նրա, մարզպետարանում յայտնաբերուած ֆինանսական խախտումների ընդհանուր գումարից 94,5 մլն դրամը շինարարութեան ոլորտում ծաւալային յաւելագրումներ են, 39,4 մլն դրամը` դռների, լուսամուտների գների ուռճացման, իսկ 11,7 մլն դրամը` անորակ ապրանքների տեղադրման հետեւանք: Գումարի մի մասն արդէն վերականգնվել է բիւջէ գումարային եւ շինարարական աշխատանքների տեսքով: Խօսքը այն աշխատանքների մասին է, որոնք չէին կատարուել, սակայն դրանց դիմաց գումար էր դուրս գրուել: Մարզի 109 համայնքներից ընտրանքային սկզբունքով 23-ում անցկացուած ստուգումների արդիւնքում յայտնաբերուած խախտումների շուրջ 394 մլն դրամի ընդհանուր գումարից 110 մլն դրամն առաջացել է ջրի խողովակները չարդարացված ցածր գներով վաճառելու, իսկ 82 մլն դրամը` ոչ բնակելի տարածքները կադաստրային գներից անհամեմատ ցածր գներով օտարելու հետեւանքով: Մնացած գումարը կազմում են տեղական տուրքերի, վարձակալութեան, բնակֆոնդի, կոմունալ, տաքսի եւ գովազդային ծառայութիւնների վճարների, ինչպէս նաեւ հողի վաճառքի, շինարարութեան մասով յայտնաբերուած խախտումները: Ըստ Ի.Զաքարյանի, ստուգուած 23 համայնքների թւում են նաեւ Կապան, Սիսիան, Գորիս քաղաքները, որոնցում, համապատասխանաբար, յայտնաբերուել են 133 մլն դրամի, 47 մլն դրամի եւ 11 մլն դրամի չափով խախտումներ: ՎՊ-ի նախագահը տեղեկացրեց, որ Սիւնիքի համայնքներում յայտնաբերուած խախտումների ընդհանուր գումարից 38 մլն դրամն արդէն վերականգնվել է բիւջէ գումարային տեսքով, եւս 10 մլն դրամը` շինարարական աշխատանքների տեսքով: Գումարի մնացած մասը, ըստ ժամանակացոյցի, պէտք է վերականգնուի ընթացիկ տարուայ հոկտեմբեր ամսին:
  -   Տնտեսութիւն