ՀՀ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏ ԱՐՄԷՆ ՍԱՐԳՍԵԱՆԸ ԸՆՏՐՈՒԵԼ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ<br /> ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ<br />


ՀՀ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏ ԱՐՄԷՆ ՍԱՐԳՍԵԱՆԸ ԸՆՏՐՈՒԵԼ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

  • 18-09-2008 19:36:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լոնդոնում տեղակայուած Eurasia House International-ի հիմնադիր նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Արմէն Սարգսեանը ընտրուել է Համաշխարհային էներգետիկ անվտանգութեան խորհրդի նախագահ: Այս մասին հաղորդում է «Ազատութիւն» ռադիոկայանը` վկայակոչելով Eurasia House International-ի գրասենեակի տարածած հաղորդագրութիւնը: Համաշխարհային էներգետիկ արդիւնաբերութեան եւ հաստատութիւնների երեւելի ներկայացուցիչներից կազմուած նորաստեղծ մարմնի կենտրոնակայանը գտնւում է Ժնեւում` Համաշխարհային տնտեսական ֆորումում, եւ նպատակ ունի ուսումնասիրել, վերլուծել ու հետազոտել ոլորտի վճռորոշ եւ հրատապ խնդիրները` համաշխարհային կտրուածքով: Խորհրդի հիմնադիր գագաթնաժողովը կգումարուի գալիք նոյեմբերին Դուբայում: Գործակցելով Համաշխարհային տնտեսական ֆորումի հետ, Ա.Սարգսեանը, որպէս Համաշխարհային էներգետիկ անվտանգութեան խորհրդի նախագահ, առաջարկելու է խորհրդի կազմում ընդգրկուելիք համաշխարհային առաջնորդների թեկնածութիւնները, եւ համակարգելու է միջազգային այդ մարմնի աշխատանքը: Խորհրդի աշխատանքի արդիւնքում ի յայտ եկած նոր ընկալումներն ու նորարարական գաղափարները Ա.Սարգսեանը պարբերաբար կներկայացնի Համաշխարհային տնտեսական ֆորումի Դավոսի ամենամեայ ժողովներին ու այլ համաշխարհային տնտեսական հաւաքներին: Արմէն Սարգսեանը խորհրդատու է այնպիսի ընկերութիւններում, ինչպիսիք են British Petroleum-ը, Alcatel-ը, Telefonica-ն, Finmeccanica-ն: Նա հիմնադրել է նաեւ մի շարք խոշոր ներդրումային ընկերութիւններ, որոնք ներդրումներ են կատարում յատկապէս էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցությունների ոլորտներում:
  -   Տնտեսութիւն