ՏԱՐԷՑՏԱՐԻ ԱՒԵԼԱՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆ ԺԱՄԱՆՈՂ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԹԻՒԸ<br />


ՏԱՐԷՑՏԱՐԻ ԱՒԵԼԱՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆ ԺԱՄԱՆՈՂ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԹԻՒԸ

  • 11-09-2008 16:10:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Այս տարուայ առաջին կիսամեակում Հայաստան են այցելել 207 489 զբոսաշրջիկներ, կամ նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ 13,3%-ով աւելի: Այս մասին սեպտեմբերի 11-ի ասուլիսում յայտնեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարութեան Զբօսաշրջութեան վարչութեան պետ Մեխակ Ապրեսեանը: Ըստ նրա, մօտ 13%-ով աճել է նաեւ ներքին զբոսաշրջությունը եւ մօտ 12,8%-ով արտագնայ զբոսաշրջությունը: Մ.Ապրեսեանի դիտարկմամբ, զբօսաշրջութեան աճը պայմանաւորուած է ոլորտում տարւվող պետական քաղաքականութեամբ: Նա նշեց, որ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիւը այս տարի աւելի մեծ կլինէր, եթէ չլինէին մարտի 1-ի դէպքերը: Հայաստանի ներգնա տուրօպերատորների ասոցիացիայի նախագահ Ռոբերտ Մինասեանը նշեց, որ իրենց համար 2008թ.-ը գոյատեւման տարի է: Ըստ նրա, շատ զբոսաշրջիկներ հրաժարուեցին այցելել Հայաստան ինչպէս մարտի 1-ի դէպքերի, այնպէս էլ Վրաստանում տեղի ունեցած պատերազմական գործողութիւնների պատճառով: «Վերցնում են քարտեզը, տեսնում են Հայաստանը Վրաստանի կողքին է եւ մտածում, որ այստեղ էլ անվտանգ չէ»,- ասաց նա: Բացի այդ, ըստ Ռ.Մինասեանի, որոշ երկրների, այդ թւում` Գերմանիայի, Ճապոնիայի, Հոլանդիայի, համապատասխան գերատեսչութիւնները Հայաստան գալու մտադրութիւն ունեցող իրենց քաղաքացիներին անվտանգութիւն չէին երաշխավորում: Ըստ Մ.Ապրեսեանի, հիմնականում Հայաստան են այցելում զբոսաշրջիկներ ՌԴ-ից, Վրաստանից, ԵՄ երկրներից, Իրանից եւ ԱՄՆ-ից: Այս տարի առաջին անգամ Հայաստան ժամանողների թւում եղել են զբոսաշրջիկներ Թաիլանդից եւ Կոստա Ռիկայից: Նշուեց, որ մէկ զբոսաշրջիկը իր այցելութեան ընթացքում ծախսում է 700-800 դոլար: Ըստ այդմ, այս տարուայ առաջին կիսամեակում Հայաստանում զբոսաշրջիկները ծախսել են 160-165 մլն դոլար, ինչը նախորդ տարուայ նոյն ժամանակաշրջանի համեմատ մօտ 20 մլն դոլարով աւելի է:
  -   Տնտեսութիւն