ՀՀ ԿԲ-Ն 0,25%-ՈՎ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ Է ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՒՈՐՄԱՆ
ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ` ՍԱՀՄԱՆԵԼՈՎ ԱՅՆ 7,75%
02-09-2008 19:30:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 2-ի նիստում
ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը 0,25%-ով բարձրացրել է
վերաֆինանսաւորման տոկոսադրույքը` սահմանելով այն 7,75%:
ԿԲ-ի հասարակայնութեան հետ կապերի ծառայութիւնից յայտնեցին,
որ թէեւ օգոստոսին յուլիսի նկատմամբ արձանագրուել է 0,7% գնանկում,
12-ամսեայ գնաճը աւելացել է 0,8 տոկոսային կէտով` կազմելով 11,5%:
Վերջինս հիմնականում պայմանաւորուած է վերջերս տարածաշրջանում տեղի
ունեցող իրադարձություններով եւ «հացամթերք» ապրանքախմբի գների աճի
անփոփոխ վարքագծով` ակնկալուող նուազման փոխարէն:
ԿԲ-ի խորհուրդը հաստատել է, որ թէեւ օգոստոսին արտաքին
հատուածից եկող գնաճային ճնշումները շարունակել են թուլանալ,
այնուամենայնիւ Հայաստանի ներքին շուկայի վրայ այս միտումները էական
ազդեցութիւն չեն ունեցել: Դա պայմանաւորուել է ինչպէս
տարածաշրջանում ընթացող իրադարձութիւնների արդիւնքում դէպի
Հայաստան ապրանքներ ներմուծելու արգելակումների առաջացմամբ, այնպէս
էլ` առանձին ապրանքների ներքին շուկաների անկատարութեան հետեւանքով
արտաքին գնաճային ճնշումների թուլացմանը ներքին գների դանդաղ
արձագանքմամբ: Այդուհանդերձ, եթէ դէպի Հայաստան ապրանքների
ներմուծման խոչընդոտները շարունակական բնոյթ չկրեն, ներքին
պահանջարկի աճը լրացուցիչ գնաճային ճնշումներ չի առաջացնի: Հակառակ
դէպքում էական ռիսկ կառաջանայ ինչպէս գնաճի աւելացման, այնպէս էլ
երկարաժամկէտ յատուածում տնտեսական աճի տեմպերի նուազման առումով:
ԿԲ-ի խորհուրդը, կարեւորելով գնաճային սպասումների մեղմման ու
նպատակային թիրախից շեղումների նուազեցման խնդիրները եւ հաշուի
առնելով տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձութիւնների բնոյթի
եւ տեւականության վերաբերեալ անորոշութիւնները, մնում է այն
համոզման, որ վերաֆինանսաւորման տոկոսադրույքի յետագայ ճշգրտումները
գերազանցապէս կախուած կլինեն առաջիկայ ամիսներին տարածաշրջանում
տիրող իրավիճակից եւ համաշխարհային շուկաներում ապրանքների գների
միտումներին ներքին գների արձագանքման արագութիւնից եւ չափից:
Պարզաբանենք, որ վերաֆինասավորման տոկոսադրույքը բարձրացնելով
ԿԲ-ն բարձրացնում է վարկաւորման «գինը» եւ նուազեցնում ապրանքների,
ծառայութիւնների առաջարկի համեմատ փողի «արժեզրկումը», հետեւաբար`
գների աճը: «Տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձութիւնների
բնոյթի եւ տեւականության վերաբերեալ անորոշութիւնները»
վերաբերում են Հարաւային Օսիայում ռազմական բախումից յետոյ
Վրաստանով Հայաստան ապրանքների ներմուծման ծաւալների հնարաւոր
նուազմանը, ինչը տեղի է ունեցել նաեւ յետագայ օրերին: Վրաստանով
Հայաստան ապրանքների ներմուծումն առայժմ ամենադրույինն ու էժանն է:
Այդ ճանապարհի փակման դէպքում հնարաւոր է ապրանքների դեֆիցիտի
առաջացում, ինչը կնպաստի նաեւ գների բարձրացմանը: