ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍԵԱՆ. ՄԵՐ ԴՌՆԵՐԸ ԲԱՑ ԵՆ ԲՈԼՈՐ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԻ<br /> ՀԱՄԱՐ, ՈՎՔԵՐ ԿԻՍՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ<br />


ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍԵԱՆ. ՄԵՐ ԴՌՆԵՐԸ ԲԱՑ ԵՆ ԲՈԼՈՐ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԻ
ՀԱՄԱՐ, ՈՎՔԵՐ ԿԻՍՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ

  • 26-07-2008 17:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 26 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ազգային մրցունակութեան հիմնադրամի նախաձեռնութեամբ եւ հիմնադրամի խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեյանի նախագահութեամբ յուլիսի 26-ին Ծաղկաձորում կայացաւ «Հայաստանի գլոբալ մրցունակությունը. համազգային ներդրումային ծրագրեր» թեմայով գործարար համաժողովը, որին մասնակցեցին շուրջ հինգ տասնեակ հայազգի խոշոր գործարարներ` հիմնականում Ռուսաստանի Դաշնութիւնից, ինչպէս նաեւ ՀՀ պետական եւ մասնաւոր հատուածի ներկայացուցիչներ: Օրուայ երկրորդ կէսին ակնկալւում էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեյանի մասնակցութիւնը: Համաժողովի նպատակն էր համատեղ քննարկել ՀՀ կառավարութեան 2008-2012 թթ. ծրագրով նախատեսուած հինգ գերակայ ոլորտների զարգացման հնարաւորութիւնները, մասնաւորապէս, Հայաստանը տարածաշրջանային առողջապահական, ֆինանսական, բիզնես գերազանցութեան, կրթական եւ կազմակերպուած հանգստի կենտրոններ դարձնելուն ուղղուած համազգային ներդրումային ծրագրերը: Ինչպէս իր ելոյթում նշեց ՀՀ վարչապետը, գաղափարախօսական հայեցակարգի քննարկման ենթակայ հիմնական դրույթը հետեւեալն է. Հայաստանի գոյութիւնն անհնար է կենդանի օրգանիզմ հանդիսացող «Հայկական աշխարհ»-ից դուրս, իսկ «Հայկական աշխարհ»-ինը` առանց Հայաստանի, ինչպէս եւ Լեռնային Ղարաբաղի գոյութիւնը` «Հայկական աշխարհ»-ից դուրս: Ըստ նրա, «Հայկական աշխարհ»-ն իրականում ներազդում է Հայաստանում տեղի ունեցող բոլոր գործընթացների վրայ, ուստի անհնար է այս հանգամանքի անտեսմամբ կառուցել թէ' քաղաքական եւ թէ' ներդրումային որեւէ նախագիծ: Նա նշեց նաեւ, որ «Հայկական աշխարհ»-ում գոյութիւն ունեն մեծ թւով քաղաքական կազմակերպութիւններ, իսկ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետութիւնների տարածքից դուրս` 350 հայկական միջնակարգ , 500 մէկօրեայ դպրոցներ, նաեւ հարիւրաւոր հասարակական կազմակերպութիւններ, բարեգործական հիմնադրամներ: Տ.Սարգսեանը, անդրադառնալով համաժողովից ակնկալուելիք արդիւնքներին, կարեւորեց նոր միասնական մտածելակերպի ձեւաւորման անհրաժեշտութիւնը, ինչպէս նաեւ «Հայկական աշխարհ»-ի իւրաքանչիւր ներկայացուցչի ինքնադրսեւորման, ինքնահաստատման, ազատութեան ապահովման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը: Նա նաեւ նշեց, որ համաժողովի մասնակիցներից էլ ակնկալւում է համատեղ ծրագրերի իրագործում, ինչպէս նաեւ մասնակցութիւն ազգային ծրագրերին եւ Համահայկական բանկի ձեւաւորմանը: ՀՀ վարչապետը հաւաստիացրեց, որ յետագայում իրագործուելիք բոլոր ծրագրերը պէտք է լինեն բաց եւ թափանցիկ «Հայկական աշխարհ»-ի բոլոր մասնակիցների համար, իսկ կատարողները` նաեւ հաշուետու: «Մեր դռները բաց են բոլոր ցանկացողների համար, ովքեր կիսում են մեր տեսակետները»,- յայտարարեց Տ.Սարգսեանը:
  -   Տնտեսութիւն