«ԲԻԼԱՅՆԸ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՐԴԷՆ<br /> ՆԵՐԴՐԵԼ Է 130 ՄԼՆ ԴՈԼԱՐ<br />


«ԲԻԼԱՅՆԸ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՐԴԷՆ
ՆԵՐԴՐԵԼ Է 130 ՄԼՆ ԴՈԼԱՐ

  • 24-07-2008 20:50:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 24 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «արմէնտել»-ի աշխատակազմի ուսուցման կենտրոնին շնորշվել է Beeline համալսարանի կարգավիճակ: Այս մասին յայտնի դարձաւ ընկերութեան ղեկավարութեան յուլիսի 24-ի ասուլիսում: Ինչպէս նշեց «Վիմպելկոմ»-ի ԱՊՀ երկրների գծով աշխատակազմի ծառայութեան ղեկավար Գալինա Վորանեցկայան, «արմէնտել»-ը «Վիմպելկոմ»-ի կողմից ձեռք բերուած ընկերութիւններից առաջինը կունենայ կորպորատիվ ուսուցման համալսարան, որը նաեւ կլինի առաջինը Հայաստանում: Համալսարանը կոչուած է աջակցելու ընկերութեան զարգացման հայեցակարգին եւ ռազմավարական նպատակներին: Հայաստանում պատրաստուող կադրերը կօգտագործուեն ընկերութեան բոլոր այլ մասնաճիւղերում: Ըստ «արմէնտել»-ի կազմակերպչական զարգացման հարցերի տնօրէն Ելենա Կովալչուկի, ներկայումս ընկերութեան ողջ անձնակազմը ենթարկվում է տեստավորման, որն անցած բոլոր աշխատակիցները ուսուցման հնարաւորութիւն կստանան: Անցած կիսամեակում վերապատրաստվել են ընկերութեան 4 հազար աշխատակիցներ, իսկ մնացած 1890-ը կվերապատրաստվեն յաջորդ կիսամեակում: Ե.Կովալչուկը վստահեցրեց, որ բոլոր նրանք, ովքեր ցանկութիւն եւ հնարաւորութիւն կունենան սովորելու, անկախ տարիքից կմնան ընկերութիւնում: Նա նշեց, որ այն աշխատակիցներին, ովքեր չեն ցանկանա կամ չեն կարողանայ սովորել, ընկերութիւնը ստիպուած կլինի հեռացնել աշխատանքից: Ըստ «արմէնտել»-ի գլխաւոր տնօրէն Նեյչո Վելիչկովի, համալսարանը պէտք է աջակցի ընկերութեան կողմից մատուցւող ծառայութիւնների որակի բարելաւմանը, ինչը, ի վերջոյ, կհանգեցնի ընկերութեան եկամուտների աճին: Տնօրէնը տեղեկացրեց, որ ընկերութեան բոլոր աշխատակիցները պէտք է ուսուցում անցնեն եւ ստանան որոշակի որակաւորում, սակայն չկարողացաւ նշել ստոյգ ժամկէտը, թէ երբ կապահովուի ծառայութիւնների պատշաճ մակարդակը: Ն.Վելիչկովը յայտնեց, որ ընկերութեան IDSL կապի ընդհատումները պայմանաւորուած են համաշխարհային Ինտերնետ ցանցի մէկ մայրուղային ելքուղի ունենալու հանգամանքով: Նա նշեց, որ մինչեւ օգոստոսի վերջը պատրաստ կլինի երկրորդ, իսկ մինչեւ սեպտեմեբրի վերջը` երրորդ ելքուղին: Ընկերութիւնը պատրաստւում է նաեւ այդ ծառայութեան որակը բարելաւելու նպատակով նոր սարքաւորումներ տեղադրել, ծրագրում է աւելացնել ինտերնետի արագութիւնը: Ըստ «արմէնտել»-ի տնօրէնի, «Բիլայն»-ի կողմից «արմէնտել»-ի զարգացման համար արդէն իսկ ներդրուել է 130 մլն ԱՄՆ դոլարից աւելի գումար (2007թ.-ին` 90 մլն դոլար, 2008թ.-ի առաջին կիսամեակում` 40 մլն դոլար): Բացի լիցենզիոն պարտաւորութիւնների կատարումից, ընկերութիւնը նաեւ իրականացնում է զարգացման նոր ծրագրեր: Այսօրուայ դրութեամբ ֆիքսուած հեռախօսակապի թուայնացման աստիճանը երկրում կազմում է 58%, իսկ մինչեւ տարեվերջ այն կկազմի մօտ 80%: «արմէնտել»-ը ծրագրում է հասնել 100% թուայնացման:
  -   Տնտեսութիւն