2008 Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄԵԱԿՈՒՄ ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՆ<br /> ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ Է 83 ՄԼՐԴ 251 ՄԼՆ ԴՐԱՄԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ<br />


2008 Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄԵԱԿՈՒՄ ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՆ
ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ Է 83 ՄԼՐԴ 251 ՄԼՆ ԴՐԱՄԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

  • 14-07-2008 18:20:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 14 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի առաջին կիսամեակում Երեւանի սոցիալ-տնտեսական բնագաւառում իրականացուել են 83 մլրդ 251 մլն դրամի (մօտ 277,5 մլն ԱՄՆ դոլար) աշխատանքներ կամ նախատեսուածից 5,3%-ով աւելի: Ինչպէս յուլիսի 14-ի ասուլիսում յայտնեց Երեւանի քաղաքապետ Երուանդ Զախարյանը, նշուած գումարից 50 մլրդ 924 մլն դրամի աշխատանքներ են կատարուել ՀՀ պետբիւջէի միջոցներով, 2 մլրդ 751 մլն դրամի` համայնքային բիւջէների հաշուին: Քաղաքապետի խօսքերով, նշուած ժամանակահատուածում շինարարութեան, բարեկարգման եւ կոմունալ տնտեսութեան բնագաւառում կատարուել են 8 մլրդ 441 մլն դրամի աշխատանքներ, այդ թւում` երրորդ աստիճանի վթարայնութեան 10 շէնքերի ամրացման, 17 փողոցների 30 կմ ընդհանուր երկարությամբ արտաքին լուսաւորութեան ցանցի վերակառուցման, մայրաքաղաքի փողոցների ասֆալտապատման եւ ճաքալցման աշխատանքներ: Ե.Զախարյանը յայտնեց, որ մինչեւ տարեվերջ շահագործման կյանձնուեն 2 բնակելի շէնքեր, որոնք կառուցւում են 4-րդ աստիճանի վթարային շէնքերի բնակիչների համար: Նշուեց նաեւ, յաջորդ տարի 4-րդ աստիճանի վթարայնութեան 4 հանրակացարանների բնակիչների համար նույնպես կկառուցուեն բազմաբնակարան շէնքեր: Ըստ Ե.Զախարյանի, Տիգրան Մեծ եւ Խանջեան փողոցների խաչմերուկում կառուցւող թունելի շինաշխատանքները կաւարտուեն յուլիսի վերջին, Աբովեան պուրակից մինչեւ Մյասնիկյան պողոտայի թունելի շինաշխատանքները` օգոստոսին, իսկ Սայաթ Նովա-Հերացի-Մյասնիկյան փողոցների տրանսպորտային հանգոյցի (Գետառի հունի բետոնապատմամբ) շինաշխատանքները` սեպտեմբերին: Քաղաքապետը յայտնեց, որ առաջին կիսամեակում կրթութեան բնագաւառում կատարուել են 1 մլրդ 200 մլն դրամի աշխատանքներ. մասնաւորապէս մայրաքաղաքի հանրակրթական 62 դպրոցներում եւ 12 մանկապարտէզներում տեղադրուել են ջեռուցման համակարգեր: Ե.Զախարյանը նշեց, որ մինչեւ 2010թ.-ը ամբողջութեամբ կաւարտուեն մայրաքաղաքի դպրոցների եւ մանկապարտէզների վերանորոգման աշխատանքները:
  -   Տնտեսութիւն