«ԱՐՄԱՒԻԱ» ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆԸ ԲԱՑԵՑ ՆՈՐ` ԵՐԵՎԱՆ-ՄԱՐՍԵԼ-ԵՐԵՎԱՆ,<br /> ՉՈՒԵՐԹԸ<br />


«ԱՐՄԱՒԻԱ» ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆԸ ԲԱՑԵՑ ՆՈՐ` ԵՐԵՎԱՆ-ՄԱՐՍԵԼ-ԵՐԵՎԱՆ,
ՉՈՒԵՐԹԸ

  • 08-07-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 8 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Արմաւիա» ընկերութիւնը յուլիսի 5-ից սկսեց իրականացնել նոր` Երեւան-Մարսել-Երեւան, չուերթը: Այն կկատարուի շաբաթը մէկ անգամ` շաբաթ օրերին: Ինչպէս նշեց ընկերութեան տնօրէն Նորայր Բելլույանը, «Արմաւիա»-ն բացեց այս չուերթը` հաշուի առնելով ամառուայ սեզոնին Ֆրանսիայի հարաւային յատուածում ապրող սփիւռքահայերի Հայաստան այցելելու մեծ ցանկութիւնը: Նախատեսուած է, որ չուերթը կգործի յուլիս-սեպտեմբեր ամիսներին, սակայն պահանջարկի դէպքում` կունենայ շարունակական բնոյթ: Ֆրանսիայում «Արմաւիա»-ի ներկայացուցիչ Լեւոն Բաղդասարեանը տեղեկացրեց, որ Մարսել քաղաքը իր շրջակայքով մինչեւ Վալանս քաղաքը հայկական մեծ` 250-300 հազարանոց, գաղութ ունի, որոնք յաճախ են այցելում Հայաստան: Ըստ նրա, առաջին չուերթն արդէն խօստումնալից է, քանի որ աւելի քան 100 ուղեւոր ժամանեց Հայաստան, եւ ինքնաթիռը ծանրաբեռված էր 75%-ով, իսկ յաջորդ չուերթների տոմսերի մեծ մասն արդէն վաճառուած է: Լ.Բաղդասարեանի կարծիքով, նոր չուերթը ոչ միայն կխթանի զբոսաշրջիկների այցերը Հայաստան, այլեւ կնպաստի Հարաւային Ֆրանսիայի սփիւռքահայութեան եւ Հայաստանի յարաբերութիւնների զարգացմանը: Ն.Բելլույանը տեղեկացրեց, որ այս տարի արդէն բացուել են չուերթներ դէպի Ռիգա եւ Աստրախան քաղաքներ: Նշուեց, որ առաջիկայում նախատեսւում է բացել չուերթներ դէպի Խարկով եւ Զապարոժիե քաղաքներ: Բացի այդ, ընկերութիւնը բանակցութիւններ է վարում Երեւան-Լոս Անջելէս-Երեւանի չուերթի բացման ուղղութեամբ: Չուերթը լինելու է ուղիղ` առանց կանգառի, մօտ 14 ժամ տեւողությամբ: Այդ չուերթի իրականացման համար «Արմաւիա»-ն մտադիր է գնել նոր Ա-340 ինքնաթիռ: Ի դէեպ, այդ ինքնաթիռը նախատեսւում է շահագործել նաեւ դէպի Հնդկաստան, Չինաստան եւ Թայլանդ չուերթների իրականացման համար: «Արմաւիա»-ն ներկայումս չուերթներ է իրականացնում մօտ 40 ուղղութիւններով: Անցած տարի ընկերութիւնը տեղափոխել է 572 հազար ուղեւոր: «Արմաւիա»-ի ինքնաթիռային պարկը կազմուած է երկու Ա-319, Ա-320, Յակ-42, Բոինգ-737, Իլ-86 եւ CRJ-100 ինքնաթիռներից: 2009թ.-ին նախատեսւում է ձեռք բերել նոր Ա-319 ինքնաթիռ: Իսկ այս տարեվերջին ներկայումս շահագործւող Ա-320-ը կփոխարինվի նոյն մակնիշի նոր օդանավով, եւ այդպիսով «Արմաւիա»-ի ինքանթիռային պարկը համալրուած կլինի միայն նոր ինքնաթիռներով:
  -   Տնտեսութիւն