ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՈՒԵՆ ԵՐԵՒԱՆԻ
2008-2012 ԹԹ.-Ի ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ
11-02-2008 20:00:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Առաջիկայում կներկայացուեն
ՀՀ կառավարութեան հաստատմանը Երեւանի 2008-2012թթ.-ի
սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը: Այս մասին փետրուարի 11-ի
ասուլիսում յայտնեց Երեւանի քաղաքապետ Երուանդ Զախարյանը:
Ըստ նրա, 2008թ.-ին Երեւանում աւարտին կհասցուեն մի շարք
քաղաքաշինական ծրագրեր: Մասնաւորապէս, կաւարտուեն Խանջեան-Տիգրան
Մեծ փողոցների խաչմերուկում ճանապարհային հանգոյցի,
Կորիւն-Հերացի-Նալբանդեան-Չարենց փողոցները հատող տրանսպորտային
հանգոյցի, Ալեք Մանուկեան փողոցի եւ Գետառի հատման մասում նոր
ստորգետնեայ անցումի կառուցման աշխատանքները, ինչպէս նաեւ այդ
յատուածում կամուրջի վերակառուցումը:
Ե.Զախարյանը յայտնեց, որ մինչեւ հոկտեմբեր ամբողջութեամբ
կաւարտուեն նոր` Դաւիթաշէն կամուրջից մինչեւ «Այրարատ» կինոթատրոնը
տանող, մայրուղու կառուցման աշխատանքները: Այս տարի նախատեսւում է
նաեւ մէկ վերգետնեայ անցում կառուցել Արշակունեաց պողոտայում`
Պանթեոնին հարակից յատուածում:
Ըստ Ե.Զախարյանի, այս տարի կիրականացուեն 3-րդ աստիճանի
վթարանյության բազմաբնակարան 10 շէնքերի ամրացման աշխատանքներ,
ինչպէս նաեւ 4-րդ կարգի վթարայնութեան շէնքերի բնակիչների համար
կկառուցուի 2 նոր բնակելի շէնք: Այսպիսով, ըստ քաղաքապետի,
մայրաքաղաքի 4-րդ աստիճանի վթարային շէնքերի խնդիրը ամբողջութեամբ
կլուծուի:
Ե.Զախարյանը յայտնեց, որ մինչեւ 2010թ.-ը նախատեսւում է
մայրաքաղաքի բոլոր հանրակրթական դպրոցներում եւ մանկապարտէզներում
տեղադրել լոկալ ջեռուցման համակարգեր: Միայն 2008թ.-ին այդ
աշխատանքների համար պետբիւջէով յատկացուել է 1,7 մլրդ դրամ (մօտ
5,5 մլն ԱՄՆ դոլար):
Նշուեց նաեւ, որ պետբիւջէով յատկացուած 3 մլրդ դրամով
մայրաքաղաքի վերելակային տնտեսութիւնում մինչեւ տարեվերջ
կվերենորոգվեն 2464 վերելակներ: