ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ ԵՎ ՀՈԼՈՔՈՍՏԸ ՀԵՐՔՈՂՆԵՐԻՆ ՊԷՏՔ Է <br /> ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԵՎ ՈՉ ԹԷ ՊԱՏՎԵԼ <br />


ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ ԵՎ ՀՈԼՈՔՈՍՏԸ ՀԵՐՔՈՂՆԵՐԻՆ ՊԷՏՔ Է
ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԵՎ ՈՉ ԹԷ ՊԱՏՎԵԼ

  • 13-11-2007 19:45:00   | ԱՄՆ  |  Յօդուածներ
Յարութ Սասունեան «Կալիֆոռնիան Կուրիեր»-ի հրատարակիչ Խօսք չկայ, որ ցեղասպանութիւնը հերքողներին պէտք է մեղադրել եւ ոչ թէ յարգանքի արժանացնել: Այս հարցում չպէտք է լինեն որեւէ բացառութիւններ կամ երկակի ստանդարտներ: Այնուամենայնիւ, պարբերաբար կարելի է հանդիպել արտառոց իրավիճակների, երբ ոչ այլ ոք, քան Հոլոքոստի հերքումը դատապարտողները ցեղասպանութիւնը հերքողներին պարսավելու փոխարէն պարգեւատրում են նրանց: Անցեալ ամիս Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը այցելեց Հայաստան` քննարկելու երկկողմանի առեւտրի հարցերը եւ ուսումնասիրելու երկու երկրների կողմից իրականացyող հիմնական ծրագրերը: Հայաստանի ղեկավարների հետ հանդիպումից յետոյ Իրանի նախագահը այցելեց Երեւանի պետական համալսարան (ԵՊՀ), որտեղ կարճատեւ զրույց ունեցաւ ուսանողների հետ եւ պատասխանեց նրանց հարցերին: Նա զգուշորեն շրջանցեց Հայոց ցեղասպանութեան հիմնահարցը` պարզապէս յայտարարելով, որ Իրանը դատապարտում է մարդկութեան դէմ բոլոր ոճիրները: Բոլոր հիւր եկած պետութեան ղեկավարների համար սահմանուած կարգին հետեւելով` ԵՊՀ-ի ղեկավարները Ահմադինեժադին հնազանդորեն շնորհեցին պատուաւոր դոկտորի կոչում եւ ոսկէ մեդալ: Ակնյայտօրէն, համալսարանից ոչ ոք իրեն նեղութիւն չտուեց ինքնուրոյն գնահատելու, թէ արդեօք այցով ժամանած բարձրաստիճան պաշտօնեան արժանի՞ էր այդ պատիվներին թէ՞ ոչ: 2006թ. հոկտեմբերին, երբ Ռումինիայի նախագահը այցելեց Երեւան, նրան ԵՊՀ-ն նույնպես շնորհեց պատուաւոր դոկտորի կոչում ու ոսկէ մեդալ, նոյնիսկ այն բանից յետոյ, երբ համալսարանի ուսանողներին ասաց, որ պատրաստ չէ ճանաչելու Հայոց ցեղասպանութիւնը, որպէսզի չկործանի Թուրքիայի հետ իր երկրի բարեկամական յարաբերութիւնները: Անցեալ ամիս, այն բանից յետոյ, երբ ԵՊՀ-ն հիւրընկալեց Ահմադինեջադին, հրեական տարբեր խմբեր հայկական համալսարանին մեղադրեցին Իրանի նախագահին` Հոլոքոստի այդ տխրահռչակ հերքողին, պատուի արժանացնելու համար: Հայաստանում հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետեանը առաջինն էր, որ քննադատեց ԵՊՀ-ին: Ի տարբերութիւն ամերիկեան-հրեական որոշ խմբերի` նա լիովին իրաւունք ունի այդ անելու, քանի որ չի կիրառում երկակի ստանդարտներ: Հիրաւի, տկն. Վարժապետեանը պատշաճ կերպով եւ հաւասարապէս դատապարտում է թէ ցեղասպանութեան ու թէ Հոլոքոստի բոլոր հերքողներին: Հետեւաբար, նա վաստակել է բարոյական իրաւունք` քննադատելու այդօրինակ անարդարացի արարքը իր հայրենակից հայերի կողմից: Այլ հրեական խմբեր, այնուամենայնիւ, իրենց զրկել են այդ իրաւունքից: Ե'վ Ամերիկայի հրեական համայնքը, ե'ւ Ընդդէմ վարկաբեկման լիգան (ADL) անցեալ շաբաթ տարածեցին յայտարարութիւններ, որոնք դատապարտում էին ԵՊՀ-ն Ահմադինեջադին պատվելու համար: Ամերիկայի հրեական համայնքի կողմից վերին աստիճանի անպարկեշտ եւ անբարոյ է քննադատել ԵՊՀ-ն` նկատի ունենալով այն, որ Ամերիկայի հրեական համայնքը հրաժարուեց Հայոց ցեղասպանութիւնը ճանաչելուց, ինչպէս նաեւ Թուրքիայի ժխտողական վարչակարգի հետ դրա համագործակցութիւնը: Սա երկակի ստանդարտի հրաշալի օրինակ է: Ապակէ տներում ապրողները չպէտք է քար նետեն ուրիշների վրայ: Ամերիկայի հրեական համայնքի ղեկավարները կորցրել են Հոլոքոստը հերքելու մասին որեւէ մէկին խրատ կարդալու բարոյական իրաւունքը: Այդ պատճառով ԵՊՀ-ին ուղղուած նրանց քննադատությունը չի կարող լուրջ ընդունուել: ADL-ի ազգային տնօրէն Աբրահամ Ֆոքսմանի դիրքորոշումը է'լ աւելի եկիմաստ է: Երկար տարիներ Հայոց ցեղասպանութեան ճանաչումից հրաժարուելուց յետոյ Ֆոքսմանը վերջերս Բոստոնի տարածքի ազդեցիկ եւ արդարամիտ հրեայ առաջնորդների կողմից պարտադրուեց տարածել մի յայտարարութիւն, որը պարունակում էր յիշատակում Հայոց ցեղասպանութեան մասին: Է'լ աւելի անակնկալ է այն փաստը, որ Ֆոքսմանը համարձակվեց քննադատել ԵՊՀ-ին Ահմադինեժադին պատվելու համար, մինչդեռ նա ինքը 2005թ.-ին կազմակերպութեան Նյու Եորքի կենտրոնակայանում Թուրքիայի վարչապետ եւ Հայոց ցեղասպանութեան ժխտող Ռեջեփ Թայիփ Էրդողանին շնորհեց ADL-ի «Courage to Care Award» մրցանակը: Ուշագրաւ է, որ հրեական համայնքի որոշ անդամներ անյապաղ քննադատեցին Ֆոքսմանի գործողութիւնները: Բերկլիից (Կալիֆորնիա) ընթերցող Մոլլի Ֆրիմենը «The Forward»-ի խմբագրին ուղարկեց մի նամակ, որով խստօրէն դատապարտում էր ADL-ին Էրդողանին մրցանակ շնորհելու համար: «ADL-ը երեսպաշտություն է անում Թուրքիայի վարչապետին պատուի արժանացնելով» վերնագիրը կրող իր նամակում Ֆրիմանը գրել էր. «ADL-ի մրցանակը այն պետութեան ղեկավարին, որը հրաժարվում է պատասխանատւութիւն կրել իր սեփական 1,5 մլն հայ քաղաքացիներին բնաջնջելու համար, այնքան արտասովոր է, որ ես հաւատում եմ, որ ADL-ը նպաստում է հակասեմիտականությանը: Ի՞նչը կարող է աւելի կեղծավոր եւ հակահրեական նախապաշարմունքների համար աւելի նպաստաւոր լինել, քան ցեղասպանութիւնը հերքողին պատուի արժանացնելը: ADL-ը աշխարհը հրեաների համար ապահով չի դարձնում, այն աւելի շատ նպաստում է մեր անպաշտպանուածութեանը եւ մեր բարոյական աւանդոյթների խզմանը: Ես կցանկանայի, որ ADL-ը լրջութեամբ վերաբերվեր Հիլլելի բառերին. «Քո հարեւանին մի արա այն, ինչն ատելի է քեզ համար»: Սա է ամբողջ Թորան, մնացեալը մեկնութիւններ են: Էրդողանին մրցանակ շնորհելու հարցում ADL-ը փաստորեն մերժում է ռաբիական օրէնքի անկիւնաքարը, քանի որ անարգում է իր հարեւաններին` հայերին: Էրդողանին պարգեւատրելով` այն անում է մի բան, որը երբեք հաւանութեան չէր տայ, որ կատարուեր հրեաների նկատմամբ»: Նոյնպիսի ամօթալի երկակի ստանդարտ կիրառեց հրեական մէկ այլ խումբ եւս` Ամերիկայի հրեական կոնգրեսը, որը 2004թ.-ին Էրդողանին պատվեց` Նյու Յորքում նրան շնորհելով իր «Profiles in Courage» մրցանակը: Ամերիկահայ երկու թերթ` «Armenian Weekly»-ն եւ «Armenian Reporter»-ը, անցեալ շաբաթ իրենց խմբագրականներում իրաւացիօրէն քննադատեցին ԵՊՀ-ն Ահմադինեժադին մրցանակ շնորհելու համար: Այնուամենայնիւ, երկու թերթերն էլ պէտք է նաեւ դատապարտած լինէին ADL-ին եւ Ամերիկայի հրեական կոնգրեսին Թուրքիայի ժխտողական վարչապետին պատված լինելու համար: Հոլոքոստի հերքումը դատապարտելը չպէտք է նմանվի միակողմանի երթեւեկությամբ փողոցի: Չպէտք է լինեն երկակի ստանդարտներ: «Armenian Weekly»-ի խմբագրականը ճշմարտացիօրէն նշել է, որ Ահմադինեժադը եւ Էրդողանը նոյնատիպ կոչ են արել` ուսումնասիրություններ կատարել պարզելու համար, թէ արդեօ՞ք այս վայրագութիւնները իրականում եղել են, մի կոչ, որը խայտառակ կերպով պաշտպանում են ADL-ը եւ մյուսերը Հայոց ցեղասպանութեան հարցում, բայց ոչ Հոլոքոստի: Ճիշտ այնպէս, ինչպէս ամերիկահայ կազմակերպութիւնները երբեք կասկածի տակ չեն առնում Հոլոքոստը, հրեական խմբերն էլ երբեք չպէտք է կասկածի տակ առնեն Հայոց ցեղասպանութեան փաստերը: Հրեաները, հայերը եւ ցանկացած այլ ոք պէտք է ցեղասպանութեան ու Հոլոքոստի ժխտման հետ գործ ունենալիս նոյն ստանդարտը կիրառեն: Ոչ ոք չպէտք է հեշտ ու հանգիստ հերքի այս ողբերգութիւններից որեւէ մէկը, եւ ոչ մի խումբ չպէտք է պատուի արժանացնի նրան, ով անարգում է մարդկութեան դէմ այդպիսի հանցանքների զոհերի յիշատակը:
  -   Յօդուածներ