ՍԵՆԱՏՈՐ ՄԵՆԵՆԴԵՍԸ ՉԻ ԸՆԴՈՒՆԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ՅԱՋՈՐԴ<br /> ԹԵԿՆԱԾՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԵՐԺՈՒՄԸ<br />


ՍԵՆԱՏՈՐ ՄԵՆԵՆԴԵՍԸ ՉԻ ԸՆԴՈՒՆԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ՅԱՋՈՐԴ
ԹԵԿՆԱԾՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԵՐԺՈՒՄԸ

  • 06-10-2007 01:45:00   | ԱՄՆ  |  Յօդուածներ
Յարութ Սասունեան «Կալիֆոռնիա կուրիեր»-ի հրատարակիչ Սենատոր Բոբ Մենենդեսը (դեմոկրատ, Նյու-Ջերսի) համարձակօրէն դէմ կանգնեց Բուշի վարչակազմի կողմից Ցեղասպանութեան մերժմանը` Սպիտակ Տանը հարկադրելով յետ կանչել Ռիչարդ Հոգլանդի թեկնածութիւնը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտօնի համար: Երբ Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու համար վարչակազմը ընդհատեց դեսպան Էվանսի դիւանագիտական կարիերան, սենատոր Մենենդեսը արգելք դրեց նրան հաջորդողի թեկնածութեան վրայ: Սենատի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովում իր հաստատման լսումների ժամանակ եւ յետագայում յանձնաժողովի անդամներին ուղղած իր ուղերձում դեսպան Հոգլանդը բարձրացրել էր Հայոց Ցեղասպանութեան արժանահավատությանը վերաբերող հարցեր: Գնահատելով Հայոց Ցեղապանության հարցում սենատոր Մենենդեսի սկզբունքային դիրքորոշումը, Արեւմտյան Ամերիկայի Հայ դատի հանձախումբը 2007թ. սեպտեմբերի 30-ին Լոս-Անջելեսում կայացած ամենամեայ բանկետի ժամանակ նրան «տարուայ մարդ» հռչակեց: Բանկետից առաջ տողերիս հեղինակին տուած բացառիկ հարցազրոյցում սենատոր Մենենդեսն ասաց, որ Հայոց Ցեղասպանութեան մասին տեղեկացել է շատ տարիներ առաջ, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ էր: Սենատորը յայտարարեց, որ Հոգլանդի վիճահարոյց գործի մասին իրեն յայտնի է դարձել ԱՄՆ Հայ դատի գրասենեակից եւ տողերիս հեղինակի բազմաթիւ սյունակներից: Սենատորն ասաց, թէ ինքը զայրացած էր, որ ճշմարտութիւնն ասելու համար պետքարտուղարությունը «պատժեց» դեսպան Էվանսին: Սակայն նրա խօսքերով, ինքը որոշեց արգելք դնել դեսպան Հոգլանդի թեկնածութեան վրայ միայն այն բանից յետոյ, երբ լսեց Հայոց Ցեղասպանութեան մասին թեկնածուի կասկածելի յայտարարութիւնները: Նա հանգել էր եզրակացութեան, որ Հոգլանդը պարզապէս «չի համապատասխանում» Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտօնին: Սենատոր Մենենդեսը յայտնեց, որ Սպիտակ տունը, պետքարտուղարությունը, Թուրքիայի վարձած լոբբիստական խմբերն ու Նյու-Ջերսիի ամերիկաթուրքական համայնքը բազմիցս փորձեր են իր վրայ ճնշում գործադրել, որ ինքը հանի Հոգլանդի թեկնածութեան իր արգելքը: Նա մերժել է այդպիսի բոլոր փորձերը եւ դրանց հեղինակներին ասել, որ շատ աւելի կարեւոր է ունենալ դեսպան, որը չի մերժում Ցեղասպանութիւնը, քան ընդհանրապես դեսպան չունենալ Հայաստանում: Նրա խօսքով դեսպանի պարտականութիւնները հեշտութեամբ կարող էին կատարել ժամանակաւոր հաւատարմատարը եւ պետքարտուղարութեան այլ պաշտոնեաներ: Բուշի վարչակազմը փորձել էր մոլորեցնել սենատոր Մենենդեսին` ասելով, թէ նա պէտք է յետ վերցնի իր արգելքը, քանի որ Հայաստանը դեսպան Հոգլանդի թեկնածութեան հետ կապուած առարկութիւն չուներ: Սենատոր Մենենդեսը հակադարձեց այդ թյուր մեկնաբանութիւններին, յայտարարելով, որ չնայած դեսպան Էվանսի հարկադիր հեռացման եւ Հայոց Ցեղասպանութեան մասին Հոգլանդի յայտարարութիւնների առիթով Հայաստանի ղեկավարների լուրջ մտավախութիւններին, նրանք չէին կարող մերժել Միացեալ Նահանգների նախագահի առաջադրած թեկնածուին: Այնուհանդերձ, Մենենդեսն յայտարարեց, որ իր համար շարժառիթ չեն ոչ Հայաստանի կառավարութեան, ոչ էլ ԱՄՆ վարչակազմի մօտեցումները: «Ես անում եմ այն` ինչ ճիշտ է» ,- ասաց նա: «Ես լսում եմ բոլոր իմ ընտրողների տեսակետները, սակայն իմ սեփական որոշումն եմ կայացնում»: Սենատոր Մենենդեզն ասաց, որ ապշած էր, երբ 2007թ.-ի յունուարին Բուշի վարչակազմը որոշեց երկրորդ անգամ առաջադրել դեսպան Հոգլանդի թեկնածութիւնը: Անցած նոյեմբերին կայացած ընտրութիւններից յետոյ դեմոկրատները, մեծամասնութիւն կազմելով թէ' Ներկայացուցիչների պալատում, եւ թէ' Սենատում, քաղաքականապես աւելի ուժեղացան Բուշի վարչակազմի ճնշումներին դիմակայելու համար: Աւելին, Սենատի մեծամասնութեան ղեկավար Հարի Ռեյդը (դեմոկրատ, Նեւադա) եւ սենատոր Մենենդեսը 2006թ.-ի դեկտեմբերին մի համատեղ նամակ էին ուղարկել պետքարտուղար Ռայսին` վերջինիս խնդրելով յետ կանչել Հոգլանդի թեկնածութիւնը: Սենատոր Մենեդեսը տողերիս հեղինակին ասաց, որ Բուշի վարչակազմը կամ հաւատացած էր, որ ինքն արգելքը դրել էր իր վերընտրության համար` որպէս քարօզչական կամպանիայի մարտավարական քայլ, կամ էլ կարծում էր թէ «Ես կատակում էի!»: Սենատոր Մենենդեսն ասաց, որ ինքը միանգամայն լուրջ էր տրամադրուած եւ անմիջապէս երկրորդ արգելքը դրեց Հոգլանդի թեկնածութեան վրայ` այդպիսով վերջ դնելով Հոգլանդի` Հայաստանում որպէս դեսպան աշխատելու ամէն հնարաւորութեյան: Նախագահ Բուշը, հասկանալով, որ իր ջանքերն անօգուտ են, վերջապէս յետ կանչեց Հոգլանդի թեկնածութիւնը: Սենատոր Մենենդեսը բացայայտ քննադատեց այն փաստը, որ վարչակազմը ամերիկահայ համայնքի ղեկավարներին դիմելու եւ նրանց հետ «Էվանս-Հոգլանդ» հարցը քննարկելու ոչ մի ջանք չի գործադրել: «Այս վարչակազմը ամենագետ է եւ Աստուած է նրանց ուղղորդում: Սա է խնդիրը: Նրանք կղզիացել են: Նրանք չեն հաւատում խորհրդատուութեանը: Սահմանադրութիւնը փոխադարձ զսպումների եւ հակակշիռների հնարաւորութիւն է տալիս: Մենք պէտք է ուժեղ վերահսկողութիւն սահմանենք արտաքին քաղաքականութեան հարցերի նկատմամբ: Ոչ մի բան մեխանիկօրէն չի հաստատուի»,- շեշտեց սենատոր Մենենդեսը: Ինչ վերաբերում է Հայաստանում յաջորդ դեսպանի թեկնածուի ճակատագրի մասին կարեւոր հարցին` սենատոր Մենենդեսն ասաց, որ ինքը ոչ մի առարկութիւն չունի մէկ այլ թեկնածուի նկատմամբ, եթէ «Հայոց Ցեղասպանութեան հարցում այդ անձնաւորութեան տեսակետը տարբերուի Հոգլանդի տեսակետից»: Նա աւելացրեց, որ «վարչակազմը պէտք է յաջորդ թեկնածուին թոյլ տայ այդ հարցի վերաբերեալ իր սեփական կարծիքը յայտնել»: ԱՄՆ Հայ դատի գրասենեակի բանկետում իր ելոյթի ժամանակ սենատոր Մենենդեսն ասաց, որ Հայաստանում դեսպանի յաջորդ թեկնածուն պէտք է պատասխանի հետեւեալ հարցին. «Դուք համաձա՞յն եք, որ Հայոց Ցեղասպանութիւն եղել է»: Նա յստակօրէն հասկացրեց, որ «ոչ» պատասխանի դէպքում նրան դեսպան Հոգլանդի ճակատագիրն է սպասում: Սենատոր Մենենդեսը աւարտեց իր խօսքը նախագահ Բուշին կոչ անելով փոխել իր քաղաքականութիւնը եւ ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը: Եթէ նա չանի դա, ապա կանի յաջորդ նախագահը, ծափերի որոտի ներքոյ ասաց սենատորը:
  -   Յօդուածներ