«ԷԴՎԱՐԴ ԻՍԱԲԵԿԵԱՆԻ ԿՏԱՒՆԵՐԸ ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆ ՀՆՉԵՂՈՒԹԻՒՆ<br /> ՈՒՆԵՆ»<br />


«ԷԴՎԱՐԴ ԻՍԱԲԵԿԵԱՆԻ ԿՏԱՒՆԵՐԸ ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆ ՀՆՉԵՂՈՒԹԻՒՆ
ՈՒՆԵՆ»

  • 20-08-2007 21:06:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդվարդ Իսաբեկեանի մահուան կապակցութեամբ ստեղծուել է կառավարական յանձնաժողով` ՀՀ փոխվարչապետ Հովիկ Աբրահամեանի նախագահութեամբ: Կառավարական յանձնաժողովը օգոստոսի 20-ին տարածել է հաղորդագրութիւն, որում ասուած է. «Հայ կերպարուեստը ծանր կորուստ կրեց. 93 տարեկան հասակում կեանքից հեռացաւ ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, Երեւանի պատուաւոր քաղաքացի Էդվարդ Իսաբեկյանը: Էդվարդ Իսաբեկյանը ծնուել է 1914թ. Երեւանի նահանգի Սուրմալու գաւառի Իգդիր քաղաքում: 1918թ. ընտանիքի հետ Երեւան տեղափոխվելուց յետոյ սովորել եւ աւարտել է Երեւանի գեղարուեստա-արդիւնաբերական տեխնիկումը (ներկայիս Փ.Թերլեմեզյանի անուան գեղարուեստի ուսումնարան), ապա` 1935 թուականից ուսումը շարունակել Թբիլիսիի գեղարուեստի ակադեմիայում: Հայրենական Մեծ պատերազմի տարիներին Նաիրի Զարյանի եւ Սողոմոն Տարոնցու հետ եղել է ռազմաճակատում` հայկական 89-րդ դիւիզիայի վերաբերեալ նիւթեր հաւաքելու եւ գեղանկարչական գործեր ստեղծելու նպատակով: Էդվարդ Իսաբեկյանը Երեւանի գեղարուեստի պետական ինստիտուտի հիմնադիրներից էր, որտեղ աշխատել է 1945 թուականից մինչեւ կեանքի վերջը` ղեկավարելով գեղանկարչական արուեստանոցներից մէկը: Մանկավարժական աւելի քան 60 տարիների ընթացքում նա ստեղծել է իր դպրոցը եւ ուսուցման գիտական մեթոդիկան, կրթել ու դաստիարակել շնորհալի արուեստագէտների առնուազն երեք սերունդ: Դասախօսական աշխատանքին զուգընթաց, էդվարդ Իսաբեկյանը կատարել է բազմաթիւ հասարակական աշխատանքներ` բազմիցս ընտրուել Երեւանի քաղաքային խորհրդի պատգամաւոր, Հայաստանի նկարիչների միութեան քարտուղար: 1967-ից մինչեւ 1987թ. եղել է Հայաստանի պետական (ներկայումս ազգային) պատկերասրահի տնօրէնը, որտեղ հսկայական ջանքեր է գործադրել ֆոնդերի հարստացման եւ յատկապէս անցեալի ազգային արժէքները կորստից փրկելու ուղղութեամբ: Նրա նախաձեռնութեամբ է բացուել պատկերասրահի Գիւմրու մասնաճիւղը: Իսաբեկյան արուեստագէտի շռայլ տաղանդը ամենատարբեր դրսեւորումներ է ստացել ինչպէս գեղանկարչական մեծածաւալ կոմպոզիցիոն կտավներում, այնպէս էլ` արուեստի հիմնահարցերին նուիրուած ուշագրաւ յօդուածներում, հրապարակային ելոյթներում եւ հուշապատումներում: Էդվարդ Իսաբեկեանի արուեստի հիմքը մարդասիրությունն ու խոր հայրենասիրությունն են, իսկ ոգեշնչման ակունքները` հայաշունչ գաղափարները, որոնք նրա գործերում արտայայտուել են Սասունցի Դաւթի, Ծովինարի, Դավիթ Բեկի, Սայաթ-Նովայի, Ակսել Բակունցի, Թամանցիների եւ ազգային ուրիշ մեծերի կերպարներում: Մեծ վարպետութեամբ ու հայեցի մտածողութեամբ ստեղծուած նրա հիասքանչ կտաւները նաեւ համամարդկային հնչողություն ունեն: Նրա անուրանալի ներդրումը կերպարուեստում նաեւ այն է, որ նա եղավ թեմատիկ կոմպոզիցիոն ժանրի հիմնադիրը Հայաստանի Հանրապետութիւնում, որին հետեւեցին ուրիշները: Նա խոր ակօս է թողել հայ կերպարուեստում: Իսաբեկեանի բարձրարժէք արուեստը միշտ էլ եղել է արուեստաբանների ուշադրութեան կենտրոնում: Նրան են նուիրուած բազմաթիւ ստուարածաւալ ուսումնասիրություններ, յօդուածներ, մենագրութիւններ: Հայաստանի ազգային պատկերասրահը յատուկ սրահ է յատկացրել նկարչի աշխատանքների մշտական ցուցադրման համար: Էդվարդ Իսաբեկյանը երկրին ու ժողովրդին մատուցած ակնառու ծառայութիւնների համար իր երկարամեայ վաստակաշատ կեանքի ընթացքում արժանացել է բազմաթիւ մրցանակների ու պարգեւների, այդ թւում` 2004թ.-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանի: Արժանացել է Երեւանի պատուաւոր քաղաքացու կոչման: Նա նաեւ «Իգդիր» հայրենակցական միութեան պատուաւոր նախագահն էր: Երեւանի քաղաքապետարանը Էդվարդ Իսաբեկեանի կենդանութեան օրոք որոշում է կայացրել ստեղծելու նրա գեղանկարչական աշխատանքների մշտական ցուցադրության սրահ: Հիանալի մարդու, մեծ արուեստագէտի ու քաղաքացու յիշատակը միշտ վառ կմնայ ժողովրդի, նրա լուսաւոր արուեստի բոլոր երկրպագուների սրտերում»: Յանձնաժողովը տեղեկացնում է, որ Էդվարդ Իսաբեկեանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենայ օգոստոսի 21-ին, ժամը 18:00-ից, Սայաթ-Նովա 5 հասցեում: Օգոստոսի 22-ին, Ալ.Սպենդիարեանի անուան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի Արամ Խաչատրեան մեծ դահլիճում (մուտքը Մ.Մաշտոցի պողոտայից) ժամը 12:30-14:00-ին տեղի կունենայ վերջին հրաժեշտը նկարչին, այնուհետ` հուղարկաւորութեան արարողութիւնը` Երեւանի Կոմիտասի անուան պանթեոնում:
  -   Մշակոյթ