ՀԻՒՍԻՍԱՅԻՆ ԲԵՎԵՌՈՒՄ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՍԿՍՈՒԵԼ Է<br /> ԲԱՏԻՍԿԱՖՆԵՐԻ ՍՈՒԶՈՒՄԸ ՍԱՌՈՒՑՅԱԼ ՕՎԿԻԱՆՈՍԻ ՅԱՏԱԿԸ<br />


ՀԻՒՍԻՍԱՅԻՆ ԲԵՎԵՌՈՒՄ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՍԿՍՈՒԵԼ Է
ԲԱՏԻՍԿԱՖՆԵՐԻ ՍՈՒԶՈՒՄԸ ՍԱՌՈՒՑՅԱԼ ՕՎԿԻԱՆՈՍԻ ՅԱՏԱԿԸ

  • 02-08-2007 18:10:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուս եւ արտասահմանեան հետազոտողները օգոստոսի 2-ին պատմութեան մէջ առաջին անգամ ձեռնամուխ են եղել երկու «Միր» խորջրեայ բնակելի ապարատների սուզմանը Հիւսիսային սառուցյալ օվկիանոսի յատակը, հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը: «Միր-1»-ը եւ «Միր-2»-ը բարեյաջող հասել են Սառուցյալ օվկիանոսի յատակին, առաջին բատիսկաֆը գտնւում է 4261 մետր խորության վրայ, երկրորդը` 4302 մետր: Մի «Միր» ապարատը ղեկավարում է պրոֆեսոր, օվկիանոսագետ Անատոլի Սագալեւիչը: Անձնակազմում է Բեւեռախույզների ընկերակցութեան նախագահ, Խորհրդային Միութեան հերոս Արթուր Չիլինգարովը: Երկրորդ բատիսկաֆի անձնակազմը միջազգային է: Բացի նավապետից, որը ռուսաստանցի Եվգենի Չեռնյաեւից, նրա մէջ մտնում են աուստրալացի հետազոտող Մայք Մակդաուելը եւ շվեդ Ֆրեդերիկ Պաուլսենը, որն արժանացել է Ռուսաստանի պատուաւոր բեւեռախույզի կոչման: Նա միլիոնատեր է եւ այս ճամփորդության համար վճարել է 3 մլն. դոլար: Սուզման ժամանակամիջոցում գիտնականները ծրագրում են օվկիանոսի յատակից վերցնել հողի եւ կենդանական աշխարհի նմուշներ: Դա թոյլ կտայ առաջին անգամ մանրակրկիտ ուսումնասիրել Երկրագնդի ամենահիւսիսային օվկիանոսի մերձբեւեռային շրջանի յատակի կառուցուածքը: Դրանից բացի, օվկիանոսի յատակին կը թողնուի տիտանե պարկուճ Ռուսաստանի դրօշով: Արշաւախմբի աշխատանքը, գիտնականները հոյս ունեն, որ թոյլ կտայ ճշտել Նովոսիբիրսկի կղզիներից մինչեւ բեւեռ ձգւող շրջանի ռուսական ծանծաղուտի սահմանները: Նշենք, որ ռուսական արշաւախմբի խնդիրներից մէկն է ապացուցել, որ Լոմոնոսովի եւ Մենդելեեւի ստորջրյա լեռնաշղթաները, որոնք ձգւում են դէպի Գրենլանդիա, կարող են լինել ռուսական մայրցամաքային ծանծաղուտի շարունակութիւնը: Եթէ դրանում յաջողուի համոզել նաեւ ՄԱԿ-ի պաշտօնեաներին, ապա երկիրը իրաւունք կստանայ մշակելու նաւթի եւ գազի հսկայական հանքավայրերը Մուրմանսկ-Չուկոտկա-Հիւսիսային բեւեռ եռանկյունում:
  -   Միջազգային