ԹՈՒՐՔԵՐԸ ՇՈԿԻ ՄԷՋ ԵՆ, ՔԱՆԻ ՈՐ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՄԱՐԵԱՅ ԹԷ ԿԷՍԻՑ<br /> ԱՒԵԼԻՆ ՍԱՏԱՐՈՒՄ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՕՐԻՆԱԳԾԻՆ <br />


ԹՈՒՐՔԵՐԸ ՇՈԿԻ ՄԷՋ ԵՆ, ՔԱՆԻ ՈՐ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՄԱՐԵԱՅ ԹԷ ԿԷՍԻՑ
ԱՒԵԼԻՆ ՍԱՏԱՐՈՒՄ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՕՐԻՆԱԳԾԻՆ

  • 02-07-2007 14:35:00   | ԱՄՆ  |  Յօդուածներ
Յարութ Սասունեան «Կալիֆոռնիան կուրիեր»-ի հրատարակիչ Անցած շաբաթուայ նորութիւնը, որ Հայոց Ցեղասպանութեան մասին կոնգրեսական բանաձեւի համահովանավորների թիւը հասել է 200-ի, սարսուռ է առաջացրել ողջ թուրքական աշխարհում: Թուրքական կառավարութիւնը եւ իշխանամէտ լրատվամիջոցները գալիք օրերին հաւանաբար է'լ աւելի հիստերիկ կդառնան, երբ բանաձեւին աջակցող Պալատի անդամների թիւը առաջին անգամ հասնի Ներկայացուցիչների պալատի մեծամասնութիւնը նշանակող 218 մոգական թուին: «Թըրքիշ դեյլի նիւզ» թերթի յունիսի 22-ի համարում «Աճում է ԱՄՆ Կոնգրեսում ցեղասպանութեան օրինագծի ընդունման ռիսկը» խորագրով յօդուվածում լրագրող Ումիթ Էնգինսոյը գրել է. «Հայոց Ցեղասպանութեան բանաձեւի վաւերացման «շանսերը» վտանգաւոր կերպով աճում են, այն բանից յետոյ, երբ հայամէտ խմբերն ապահովեցին 435 անդամ ունեցող Կոնգրեսի պալատի 200 օրէնսդիրների աջակցութիւնը: Սա ռեկորդային թիւ է, որին հայերը երբեւէ հասել են, եւ այն մեծ արագութեամբ մոտենում է 218-ին...»: Նախ Արտաքին գործերի հանձանաժողովում, ապա Պալատում օրինագծի ընդունումը կանխելու թուրքական ջանքերը առայժմ յաջող են, սակայն, ըստ վերլուծաբանների, օրինագծի աջակիցների թիւը սպառնալից կերպով աճում է, ու հայերի համար միայն շաբաթների խնդիր կարող է լինել մեծամասնութեան` 218-ի ձայները ստանալը:» Էնգինսոյն ապա ներկայացրել է բանաձեւի վաւերացման հեռանկարի հետեւեալ ճշգրիտ գնահատականը. «Ցեղասպանութեան բանաձեւի ընդունմանը աջակցող օրէնսդիրների 218 թիւը կնշանակի հոգեբանական շեմ: Եթէ, կամ երբ հայերը հասնեն այդ ցուցանիշին, ապա, ըստ վերլուծաբանների, խօսնակ Փելոսին հաւանաբար ինքը ստիպուած կլինի ենթարկուել մեծամասնութեան կամքին եւ օրինագիծը քուէարկութեան դնել....»: Եթէ այսպէս շարունակուի, ապա սեպտեմբերի սկզբից յետոյ երբ Կոնգրեսը ամառային արձակուրդից վերադառնայ, ցանկացած պահի օրինագիծը կարող է յայտնուել Պալատի օրակարգում»: Թուրք պաշտօնեաները եւ նրանց լոբբիստներն այժմ ջանում են կանխել այլ օրէնսդիրների աջակցելն օրինագծին եւ Պալատի որոշ անդամների յորդորում են յետ կանչել աջակիցների ցուցակից իրենց ստորագրութիւնները: Սակայն մինչեւ այժմ այդպիսի ջանքերը չեն կարողացել խանգարել հայերին` հասնելու 200 ցուցանիշին»: Էնգինսոյի յօդուածն էլ աւելի տագնապալի կլինէր, եթէ նա իմանար, որ իր նիւթի տպարգվելու օրը եւս ինը կոնգրեսականներ պէտք է միանային օրինագծի հովանաւորներին, դրա աջակիցների ընդհանուր թիւը հասցնելով 209-ի` պահանջւող 218-ից ընդամէնը 9-ով պակաս: Իհարկէ այն «վերլուծաբանները», որոնց հետ խորհրդակցել էր Էնգինսոյը, մեծապէս թերագնահատել էին օրինագծի աջակիցների թուի սրընթաց աճը, քանի որ նա գրել էր, թէ մի քանի շաբաթ կպահանջուի, որ համահովանավորների թիւը հասնի 218-ի: Այժմ թւում է, որ մոգական սահմանագծին հասնելը, ոչ թէ շաբաթների, այլ օրերի' հարց է: Ի հակառակ Էնգինսոյի անկեղծ խոստովանութեան, յայտնի թուրք մեկնաբան Մեհմեդ Ալի Բիրանդը փորձել է մոլորութեան մէջ գցել իր ընթերցողներին, փոխանակ կոչ անէր նրանց առերեսուել Հայոց Ցեղասպանութեան ճշմարտութեանը: «Թըրքիշ դեյլի նիւզ»-ի յունիսի 21-ի համարում հրապարակուած «Հայերն աշխատում են, մենք քնած ենք» խորագրով յօդուվածում Մեհմեդ Ալի Բիրանդը մեղադրում էր թուրք պաշտօնեաներին, որ վերջիներս ոչինչ չեն անում Կոնգրեսի բանաձեւն արգելափակելու համար: Նա գրել է. «Ես այս մասին կրկնել եմ տարիներ շարունակ: Ես նոյնիսկ աւելի կոշտ բառեր եմ գործածել` առաւել արդիւնաւէտ լինելու համար: Սակայն ոչ մի արձագանք: Ոչ ոք չի հետաքրքրւում: Մենք այնպիսի անտեղեակութեան մէջ ենք, որ գիտակցաբար ինքներս մեզ խաբում ենք: Հայկական լոբբիի ակտիւ գործունէութեան ֆոնի վրայ Թուրքիան կարծես լուսնորդ լինի: Թուրքիան մշուշի մէջ է: Այնտեղ ոչ գործ է արւում, ոչ էլ որեւէ փոփոխութիւն կայ քաղաքականութեան մէջ, բացի Պալատի անդամներին համոզելուն ուղղուած բանակցութիւններից: Մինչ Թուրքիան շարունակում է մնալ լուսնորդի վիճակում, հայերն առաւել վճռական են դառնում: Թուրքիայի համբավը արատավորվում է: Մենք կարող ենք շարունակել լեզու գտնելու ճիգերը: Երբ շատ ուշ լինի, մենք զուր չպէտք է թակենք Սպիտակ տան դուռը: Մենք չպէտք է փորձենք փակել Ինջիրլիքի ավիաբազան եւ վերջ տալ յարաբերութիւններին: Մենք պէտք է դադարենք սպառնալ Վաշինգտոնին, քանի որ դա ոչ մի լաւ բանի չի տանի: Մենք պէտք է պատրաստ լինենք տեսնել թէ ինչ կգայ մեր գլխին սեպտեմբերին»: Փորձելով կանխատեսել ապագան` Բիրանդը նշել է. «Ի՞նչ կլինի, եթէ բանաձեւը դառնայ օրէնք: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի որոշումը նախադէպ կհանդիսանայ: Այն կը քաջալերի այլ երկրների խորհրդարաններին: Ցեղասպանութեան պնդումն ընդունած երկրների թիւը կաճի: Ապա կգայ կառավարությունների վրայ ճնշում գործադրելու ժամանակը: Եվ միգուցէ մենք էլի քնած մնանք»: Բիրանդը ակհայտ սխալւում է թուրք ղեկավարներին «լուսնորդներ» անուանելով: Ընդհակառակը, Անկարայի պաշտօնեաները իրենց ուժերի ներածի չափ ամէն բան արել են Հայոց Ցեղասպանութեան օրինագիծն արգելափակելու համար: Միլիոնավոր դոլարներ են վճարել` վարձելու հզօր ամերիկեան լոբբիստական ընկերութիւններ: Խորհրդարանականներից, բարձրաստիճան պաշտօնեաներից եւ զինվորականներից կազմուած պատուիրակութիւններ են ուղարկել Վաշինգտոն: Սպառնացել են ի չիք դարձնել ամերիկեան ջանքերն իրաքեան պատերազմում` արգելելով ԱՄՆ-ի մուտքը Թուրքիայի տարածքում գտնուող ռազմակայաններ եւ չեղեալ են յայտարարել միլիարդաւոր դոլարների արժողութեան սպառազինութեան ձեռքբերումը Միացեալ Նահանգներից: Աւելի արդարամիտ վերլուծաբանը թուրք ղեկավարներին կոչ կաներ ձեռնպահ մնալ սուտ խօսելուց եւ ճանաչել Հայոց Ցեղասպանութեան փաստը: Այսպիսի քայլով Թուրքիան իրեն կփրկեր ծանր դրութիւնից, կը խուսափէր լոբբինգի վրայ միլիոնավոր դոլարների վատնումից, կշահեր քաղաքական առումով եւ ձեռք կբերեր միջազգային հանրութեան յարգանքը:
  -   Յօդուածներ