ԱՄՆ-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԴԷՄ ՀԱՆԴԷՍ ԳԱԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ` ՀԻՒՍԻՍԱՅԻՆ<br /> ԻՐԱՔՈՒՄ ՀՆԱՐԱՒՈՐ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ ՍԿՍԵԼՈՒ ԾՐԱԳՐԵՐԻՆ<br />


ԱՄՆ-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԴԷՄ ՀԱՆԴԷՍ ԳԱԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ` ՀԻՒՍԻՍԱՅԻՆ
ԻՐԱՔՈՒՄ ՀՆԱՐԱՒՈՐ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ ՍԿՍԵԼՈՒ ԾՐԱԳՐԵՐԻՆ

  • 28-06-2007 16:06:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 28 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ը բացասաբար է արձագանքել Թուրքիայի Զինուած ուժերի գլխաւոր շտաբի պետ Եաշար Բույուքանըթի` Հիւսիսային Իրաքում ռազմական գործողութիւններ սկսելու անհրաժեշտութեան մասին նախօրէին արած յայտարարութեանը: ԱՄՆ-ի պետքարտուղարութեան մամլոյ խօսնակ Շոն Մքքորմակը յայտարարել է, թէ ԱՄՆ-ը հասկանում է, որ թուրքական բանակը ցանկանում է թուրք ժողովրդին պաշտպանել ահաբեկչական կազմակերպութիւնների յարձակումներից` միեւնոյն ժամանակ նշելով, թէ Թուրքիայի` Իրաքում ռազմական գործողութիւններ սկսելը հարցի լուծում չի կարող դառնալ. «Քրդստանի բանուորական կուսակցութիւնը (PKK) ահաբեկչական կազմակերպութիւն է: Սակայն թուրքական ուժերի` Իրաքում ռազմական գործողութիւններ սկսելը ստեղծուած իրավիճակի համար հարցի լուծում դառնալ չի կարող»,- յայտարարել է մամլոյ խօսնակը: Շոն Մքքորմակը նշել է նաեւ, որ հարցը կարող է լուծուել երկու պետութիւնների կառավարությունների համագործակցութեամբ. «Այս ընդհանուր սպառնալիքի դէմ պայքարելու համար անհրաժեշտ է, որպէսզի միասնաբար հանդէս գան թուրքական եւ իրաքեան կառավարութիւնները: Մենք շարունակում ենք աշխատել թէ' թուրքերի, եւ թէ' իրաքցիների հետ եւ միեւնոյն ժամանակ ձգտում այս հարցի շուրջ երկու պետութիւնների միջեւ ստեղծել համագործակցութիւն»,- յայտարարել է ԱՄՆ պետքարտուղարութեան մամլոյ խօսնակը: Յիշեցնենք, որ յունիսի 27-ին մամլոյ ասուլիսի ժամանակ Թուրքիայի ԶՈՒ գլխաւոր շտաբի պետ Եաշար Բույուքանըթը յայտարարել էր Հիւսիսային Իրաքում PKK-ի դէմ ռազմական գործողութիւններ սկսելու անհրաժեշտութեան մասին:
  -   Միջազգային