Արարատի ոսկու կորզման գործարանում ներդրուեց «Ալբիոն» նորարարական տեխնոլոգիան<br />


Արարատի ոսկու կորզման գործարանում ներդրուեց «Ալբիոն» նորարարական տեխնոլոգիան

  • 06-07-2011 18:57:47   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Ռուսաստանեան «Գէոպրոմայնինգ» խմբի կողմից Արարատի ոսկու կորզման գործարանում ներդրուեց «Ալբիոն» եզակի նորարարական տեխնոլոգիան: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի, Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Վեաչեսլաւ Կ'ովալենկոյի, բազմաթիւ այլ պաշտօնատար անձանց ներկայութեամբ յուլիսի 6-ին ստորագրուեց Արարատի ոսկու կորզման գործարանում յիշեալ ինովացիոն տեխնոլոգիայի շահագործման լիցենզիայի փոխանցման մասին արձանագրութիւն: Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դաւթեանի գնահատմամբ, նոր խոշոր ներդրումային ծրագրի հիմք դնելը նշանակալի իրադարձութիւն է Հայաստանի տնտեսութեան համար։ Այս նախագծի իրականացումը առաջին հերթին կը խթանի Հայաստանի տնտեսութեան զարգացումը, կը լուծի սոցիալական հարցերը, մասնաւորապէս, կստեղծուէն նոր աշխատատեղեր: Այն, ըստ նախարարի, կը նպաստի նաեւ արտադրութեան ու արտահանման ծաւալների աճին, լրացուցիչ եկամուտներ կը բերի Հայաստանի պետբիւջէին: Տ.Դաւթեանը կարեւորեց այն փաստը, որ նախագիծն իրականացւում է Հայաստանի մարզերում, ինչը վկայում է ռեգիոնալ տնտեսական փոխգործակցութեան զարգացմանը հաւատարիմ լինելու մասին: Կարեւոր է նաեւ այն, որ արտադրութեան մէջ ներդրւում են ինովացիոն լուծումներ, ինչպէս նաեւ սերմանւում է արտադրութեան եւ արդիւնաբերութեան կառավարման նոր մշակոյթ: «Գէոպրոմայնինգ» խմբի նախագահ Ռոման Խուդոլին լրագրողների հետ զրոյցում նշեց, որ նոր տեխնոլոգիայի ներդրումը թոյլ կը տայ մշակել բոլոր տեսակի հանքերը: «Գէոպրոմայնինգ»-ը նպատակ ունի 2013թ.-ի առաջին եռամսեակում ամբողջութեամբ շահագործման յանձնել գործարանը` եթէ այս տարի նախատեսւում է 40 հազար ունցիայ ոսկի կորզել, ապա 2013թ.-ին այն կը հասցուի 120 հազար, իսկ 2014թ.-ին` 150 հազար ունցիայ ոսկու: Խմբի նախագահը նշեց, որ «Գէոպրոմայնինգ»-ը Հայաստանեան ձեռնարկութիւնների ձեռք բերման ու արդիականացման համար արդէն ներդրել է շուրջ 260 միլիոն ԱՄՆ դոլար: Նա հաւաստիացրեց, որ «Ալբիոն» տեխնոլոգիան բնապահպանական առումով ամենամաքուր տեխնոլոգիան է: «Գէոպրոմայնինգ»-ի տնօրէնների խորհրդի նախագահ Սիման Պովորեօնկինն իր հերթին յաւելեց, որ կատարուած ներդրումները հնարաւորութիւն կը տան իրենց խմբին մտնել Ռուսաստանեան խոշորագոյն ներդրողների եռեակի մէջ: Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայեանը համայնքի համար օգտակար համարեց գործարանի գործունէութիւնը. պարտաճանաչ կերպով կատարւում են գոյքահարկի ու հողի հարկի վճարումները, բացի այդ, 2011թ.-ին գործարանը շուրջ 11 միլիոն դրամ գումար է տրամադրել համայնքին մէկ աղբատար մեքենայ ձեռք բերելու եւ սոցիալապէս անապահով խաւի ներկայացուցիչներին օժանդակութիւն ցուցաբերելու համար: Ա.Բաբայեանը կարեւորեց նաեւ, որ նոր տեխնոլոգիայի ներդրման շնորհիւ համայնքի բնակիչների համար կը ստեղծուի շուրջ 200 նոր աշխատատեղ:
  -   Տնտեսութիւն